Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զբաղվածության ապահովման ոլորտում միջոցների շուրջ 90 տոկոսը գնում էր գործազրկության նպաստ վճարելու պասիվ ծրագրին, եւ այն, որ գործազրկության նպաստ ստացող անձը դրանից հետո զբաղվածությամբ չէր ապահովվում, դա խոսում էր ծրագրի ոչ արդյունավետության մասին. անդրադառնալով գործազրկության նպաստների վերացմանը' լրագրողներին այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Իսկ այդ նպաստների ու, առհասարակ, գործազրկության ոլորտում նպատակը զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերով աշխատանք փնտրող քաղաքացիներին զբաղված լինելու հնարավորություն ընձեռելն է:
Հայաստանում, ըստ նախարարի, գործազրկության պատճառը միայն աշխատատեղերի պակասը չէ, քանի որ կա նաեւ կառուցվածքային գործազրկություն: Այսինքն` երբ աշխատանքի շուկայում մասնագիտությունների առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանություն կա:
«Այս առումով մենք խնդիր ունենք միջոցներ ներդնել, որպեսզի աշխատաշուկայում ակտիվ աշխատանք փնտրող քաղաքացիները իրենց մասնագիտությունն ու որակավորումը համապատասխանեցնեն աշխատաշուկայում առկա իրողություններին ու գտնեն իրենց աշխատանքը»,- նշեց նախարարը:
Նրա ներկայացմամբ' մյուս լրջագույն խնդիրը երիտասարդների զբաղվածության կամ գործազրկության խնդիրն է, որը բավականին բարձր տոկոս ունի: Այս առումով կառավարությունը շեշտը դնելու է գործատուների մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանը, որը հնարավորություն է տալու նորավարտ երիտասարդին, որը չունի աշխատանքային փորձ, բայց ունի մասնագիտություն, 3 ամիսների ընթացքում ձեռք բերել համապատասխան հմտություններ եւ դառնալ կայուն զբաղված` իրենց կտեղը գտնել աշխատաշուկայում:
«Նմանատիպ եւս մեկ տասնյակ այդպիսի ակտիվ ծրագրեր կան: Եթե մենք այս փոփոխությունները չանեինք, ապա զբաղվածության ոլորտի միջոցները պետք է գնալով նվազեին, ինչը եւ արձանագրվել է տարիների ընթացքում: Որովհետեւ վճարվում էին գործազրկության նպաստներ, նպաստ ստացողների թվաքանակը գնալով նվազում էր, ոլորտին հատկացվող միջոցները` եւս»,- ներկայացրեց Արտեմ Ասատրյանը:
Վերջում նախարարը նշեց, որ այս քայլով հնարավորություն է ընձեռվել ոլորտին հատկացված միջոցներն ուղղել զբաղվածության աջակցության ակտիվ ծրագրերին եւ ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել այդ միջոցները` մեր քաղաքացիների զբաղվածության հարցերը լուծելու համար: