կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 17:40
Քաղաքական

Գալուստ Սահակյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի հետ. ուշագրավ հայտարարություն

Գալուստ Սահակյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի հետ. ուշագրավ հայտարարություն

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զարմանում է «էն հայի մտքի վրա, ով չի տեսնում, որ ամբողջ քաղաքական օրակարգի հիմնական սկզբունքը դա Արցախի պրոբլեմի լուծումն է, այնպես որ` նման հարցը տեղին չէ»:  Նա այսպես արձագանքեց  Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք, իր պատկերացումներով, Արցախը Հայաստանի մաս է:

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ երիտթեւի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

 

Գալուստ Սահակյանի խոսքով` սահմանադրորեն Արցախը ճանաչված պետություն չէ, իսկ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և ցանկացած դիվանագիտական փոխհարաբերությունների ժամանակ, մասնավորապես` Արցախի տնտեսական առաջընթացի հետ կապված, Արցախը միշտ Հայաստանի հետ է եղել և Հայաստանի հետ էլ միշտ լինելու է:

 

«Մենք 13 տարի շարունակ ԱՀԿ-ի մեջ ենք, և այդ գործառույթների շրջանակում են լուծվելու Արցախի և' առևտրային, և' տնտեսական հարցերը: Որևէ վտանգ չկա, Արցախի հաշվին Հայաստանը չի կարող որևէ այլ ըմբռնում ունենալ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

ԱԺ նախագահի համոզմամբ` եթե երկրի քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն այսօր Արցախի խնդիրն է, ուրեմն Հայաստանը որևէ միջազգային կազմակերպությունում ներգրավվելուն պարագայում Արցախի հարցը երկրորդային չի կարող դարձնել:

 

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարությանը, որ,  Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով, «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում», Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ թե մեր պատկերացումներով, այլ իրականում մեր հոգևոր արժեհամակարգում, բնականաբար, Արցախը Հայաստան է: Ես Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ հակադրություն չեմ տեսնում: Պարզապես, դիվանագիտական առումով, խնդիրներ կան, որոնք պետք է այնպիսին լինեն, ինչպիսին այսօր կան: Արցախը չի կարելի դիտարկել առանձին: Այլ բան է դիվանագիտական խաղերի ընթացքում որոշակի մոտեցումներ ցուցաբերելը, այլ հարց է, որ մեր ժողովուրդը շատ լավ տեսել է, թե ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունները Արցախի նկատմամբ, և Արցախի իշխանությունների վերաբերմունքը` մեր նկատմամբ: Մենք մի կուռ բռունցք ենք, որը ոչ ոք չի կարող բացել»:

 

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի հայտարարությունները հակասում են Սերժ Սարգսյանի ասածներին: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր. «Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: