կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 13:52
Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն համամիտ չէ Համաշխարհային բանկի զեկույցի հետ

ՏՄՊՊՀ-ն համամիտ չէ Համաշխարհային բանկի զեկույցի հետ

ՏՄՊՊՀ-ն համաձայն չէ Համաշխարհային բանկի զեկույցի այն դրույթի հետ, թե Հայաստանում տնտեսության մոնոպոլիզացման աստիճանը շատ բարձր է` համեմատած ԱՊՀ այլ երկրների հետ. լրագրողներին այսօր ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

 

Նա նշեց, որ ՀԲ-ի հիշյալ զեկույցն իրենց չի տրամադրվել եւ իրենց  հետ չի քննարկվել, եւ զեկույցի մասին հանձնաժողովում իմացել են երեկ լրատվամիջոցների հրապարակումներից, դրանից հետո միայն գտել են զեկույցը:

 

Արտակ Շաբոյանը նշեց, որ այդ զեկույցում կան որոշ մտքեր ու դատողություններ, որոնց հետ հանձնաժողովը համաձայն չէ, եւ առաջիկայում գրավոր կներկայացնի իր դիրքորոշումն այդ զեկույցում տեղ գտած եզրահանգումների վերաբերյալ:

 

«Ես կցանկանայի անդրադառնալ մեկ խնդրի. ՀԲ-ի մասնագետները, մասնավորապես` զեկույցի հեղինակները, նշում են, որ Հայաստանի տնտեսության մոնոպալացման աստիճանը բարձր է` համեմատած ԱՊՀ մյուս երկրների հետ: Մենք համամիտ չենք այդ մտքի հետ եւ չենք կարծում, որ դա այդպես է, քանի որ այն ուսումնասիրությունները, որոնց հիման վրա կատարվել են այդպիսի եզրահանգումներ, մենք կարծում ենք, որ այդ ուսումնասիրություններում կան մեթոդաբանական որոշ խնդիրներ»,- նշեց Արտակ Շաբոյանը:

 

Այնուհետեւ նա մասնավորեցրեց իր խոսքը` նշելով, թե ՀԲ մասնագետներն ուսումնասիրել են մեր տնտեսության 30 տարբեր ոլորտներ, այդ ոլորտներում մրցակցային վիճակը, եւ համաձայն ներկայացված զեկույցի` դրանցից 16-ում կենտրոնացվածության աստիճանը խիստ ցածր է, այսինքն` այդ ոլորտներում գործունեություն են իրականացնում բազմաթիվ տնտեսվարողներ, ու մրցակցության աստիճանն այդ ոլորտներում բավականին բարձր է:

 

Հանձնաժողովի նախագահը թվարկեց այդ ոլորտները` սննդարդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, դեղագործություն, մանրածախ առեւտուր, շինարարություն եւ այլն, որոնք մեր երկրի համար կարեւոր կենսական եւ սոցիալական նշանակություն ունեն:

 

ՀԲ մասնագետներն ուսումնասիրել են  եւս մի քանի ոլորտներ, որտեղ տնտեսվարողների թիվը սահմանափակ է: Դրանք այնպիսի ոլորտներն են, նշեց ՏՄՊՊՀ նախագահը, որտեղ տիրում են բնական մենաշնորհները, օրինակ` էլեկտրաէներգետիկան, գազը: Այսինքն` սրանք այն ոլորտներն են, որոնք խստորեն կարգավորվում են պետության կողմից: Նաեւ` այնպիսի ոլորտներ, որտեղ լիցենզավորված գործունեություն է իրականացվում. Օրինակ` հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ այսօր երեք խոշոր ընկերություններ ունենք:

 

Նշվում են նաեւ այնպիսի ոլորտներ, որտեղ օբյեկտիվորեն տնտեսվարողների թիվը պետք է սահմանափակ լինի, որովհետեւ այդ ոլորտներում ներդրումներ իրկանացնելու համար հսկայածավալ միջոցներ են պահանջվում, օրինակ` հանքարդյունաբերությունը:

 

«Այդ ոլորտներում տնտեսվարողների թիվն օբյեկտիվորեն սահմանափակ է, եւ դրան զուգահեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ ավելի մեծ արժեք է ստեղծվում եւ դրանք ավելի մեծ կշիռ ունեն տնտեսության ծավալներում, եւ դրանց ստեղծած արժեքը, արդյունքը համեմատել տնտեսության ծավալների հետ ու դրա հիման վրա եզրահանգում կատարել կենտրոնացվածության աստիճանի վերաբերյալ, մենք կարծում ենք, որ դա ճիշտ չէ»,- իր տեսակետը հայտնեց ՏՄՊՊՀ նախագահը:

 

Նա նշեց նաեւ, որ ՀԲ նույն զեկույցում անդրադարձ է կատարվում մրցունակության ինդեքսին, որը հրապարակվել է համաշխարհային մրցունակության ֆորումի կողմից, որտեղ ներկայացվում են նաեւ մրցակցությանը վերաբերող երեք ցուցանիշներ: Այդ ցուցանիշներով' գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունը մրցակցության վրա, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը եւ ուժեղությունը եւ ներքին շուկայում տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշը, Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների շարքում առաջատար է:

 

«Ճիշտ է' նախկինում' տարիներ առաջ, հետընթացներ ենք ունեցել եւ բավականին ցածր դիրքերում ենք եղել, բայց վերջին 3 տարիների ընթացքում մենք մրցակցության ոլորտում կատարված փոփոխությունների, բարեփոխումների, հակամենաշնորհային քաղաքականության ուժեղացման արդյունքում բավականին մեծ առաջընթաց ենք արձանագրել եւ մրցակցության այդ երեք ցուցանիշներով, ի դեպ, նաեւ ՀԲ զեկույցում անդրադարձ է կատարվում այդ ցուցանիշներին, համենայն դեպս` ԱՊՀ երկրների շարքում մենք առաջատար ենք»,- եզրափակեց Արտակ Շաբոյանը' հավելելով, որ հանձնաժողովն առաջիկայում հանդես կգա համապատասխան գրավոր, մանրամասն պարզաբանմամբ: