կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 17:15
Քաղաքական

Թեւան Պողոսյանը համամիտ է Սեյրան Սարոյանի հետ

Թեւան Պողոսյանը համամիտ է Սեյրան Սարոյանի հետ

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ գուցե իսկապես վարչապետն ընդունում է Հանրապետական կուսակցության արժեքները: Նրան ՀՀԿ համագումարը հիշեցրել է այն, երբ փորձում են շատ գեղեցիկ ձևակերպել մտքերը և պատրաստվել նախընտրական շրջանին:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք նախադրյալ կա հավատալու, որ թեկուզ հենց այդ 7000 հոգին, ովքեր անդամագրվել են ՀՀԿ-ին, իրոք, այդ արժեհամակարգն ընդունելով են անդամագրվել, Պողոսյանն ասաց. «Հասկանալի էր, որ դա տեխնիկական խնդիր էր: Թող լինի, էլի, այդ անդամատոմսը, թուղթ է, որևէ մեկին չի խանգարելու: Սա միակ հարցը կլինի, որով կհամաձայնեմ գեներալ Սեյրանի Սարոյանի հետ` թող Աստված դատավոր լինի, սա միակ դեպքն է, երբ համաձայն եմ նրա հետ»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: «Կուսակցությունների անդամների թվով չի որոշվում կուսակցության ազդեցությունը, այլ ընտրություններում ստացված քվեներով: Կուսակցություններ կան, որ իքս թվով անդամ են ներկայացնում, բայց ընտրություններին ձայն չեն հավաքում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համագումարին և 7000 հոգու անդամակցությանը ՀՀԿ-ին, Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցությունում ինչ քննարկվում է, ինչ որոշում ընդունվում է, դա այդ կուսակցության գործն է, և որևէ մեկին չի վերաբերում: «Կուսակցության ներքին գործն է, թե քանի հոգի անդամագրվեց և ինչու: Եթե դուր չի գալիս մարդիկ, չեն քվեարկի մեր օգտին, կքվեարկեն այլ կուսակցության օգտին»,- ասաց նա:

Թևան Պողոսյանը թեև համաձայնեց Մարտիրոսյանի հետ, որ այդ հարցերը, իրոք, կուսակցությանն են վերաբերում, սակայն նշեց մի փաստ, որ ՀՀԿ-ն ինքը բարձրաձայնեց այդ 7000 մարդու անդամակցության մասին: «Դուք ինքներդ եք դրա մասին բարձրաձայնել ու դարձրել օրակարգային հարց, ուրեմն բնական է, որ մարդիկ խոսում են»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանի անդամակցությունն ուժեղացրեց ՀՀԿ-ին, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է տալ հանրապետականներին, քանի որ ինքն անկուսակցական է, իսկ Մարտիրոսյանն էլ ուղղակի ՀՀԿ խմբակցության անդամ է: