կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 13:36
Տնտեսական

Ռոբերտ Քոչարյանի որոշ դիտարկումների հետ էկոնոմիկայի նախարարը համամիտ է

Ռոբերտ Քոչարյանի որոշ դիտարկումների հետ էկոնոմիկայի նախարարը համամիտ է

Ընդհանրապես քննադատությունը նորմալ երեւույթ է. համարում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Իսկ շատ խնդիրներ, որ բարձրացված են երկրորդ նախագահի կողմից, որոշ դրույթներ նախարարի համար դժվար գնահատելի են, սակայն կան բաներ, որոնք կարելի է դրական գնահատել: Այսօր կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, թե, որպես նախարար, ինչպես է վերաբերվում երկրորդ նախագահի' կառավարության ու անձամբ իր անմիջական ղեկավար Տիգրան Սարգսյանի  հասցեին հնչեցրած քննադատությանը, նա ասաց. «Օրինակ' շինարարության 25 տոկոս Հայաստանում կամ որեւէ այլ երկրում, մասնաբաժին ընդհանրապես անհնարին բան է, որ դա երկարատեւ կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

 

Ինչ վերաբերում է «փուչիկ» լինելու դիտարկմանը, Վահրամ Ավանեսյանը նշեց, թե ամենավատն էլ հենց այն է, որ կիրառվում են բառեր, որոնք, կարծես, վիրավորանք լինեն: Խնդիրն այն չէ, ըստ նախարարի, թե որեւէ մեկը փչել կամ պայթեցրել է այդ փուչիկը: Նա նշեց, թե պետք է փաստերը գնահատվեն: Իսկ այդ տեսանկյունից 25 տոկոս մասնաբաժնի պահպանումը Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց:

 

«Դեռեւս 2006-2007 թվականներին, այդ թվում` նաեւ իմ կողմից' համեստ տնտեսագետիս, գնահատվում էր, որ, անկախ ճգնաժամից, պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

 

Ռոբերտ Քոչարյանի կողմից բարձրացված խնդիրների որոշ կետերի հետ Վահրամ Ավանեսյանը համաձայն է: Մասնավորապես` երբ խոսքը վերաբերում է հիփոթեքային վարկերի հարցին, թե ինչքանով պետք է հիփոթեքային վարկերի աճի գնահատականը համարվի հենց բացարձակորեն, նախարարը դարձյալ խոր վերլուծություններ պահանջող խնդիր է համարում:

 

«Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռեւս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, որ դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են' ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ են, որ թույլ չեն տալիս, որպեսզի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»,- նշեց նախարարը' հավելելով, որ էլի կան նման կետեր, ու խնդիրների ներկայացումը մեկ բան է, իսկ տնտեսագիտական գնահատականները` այլ բան:

 

Ինչ վերաբերում է հարցին' 8 տոկոս կամ 12 տոկոս տնտեսական աճը լա՞վ բան է, թե՞ ոչ, եւ պե՞տք է գնահատվի, թե՞ ոչ, Վահրամ Ավանեսյանը համարում է, որ միանշանակ պետք է գնահատվի: Նա կարծիք հայտնեց, որ պետք է գնահատվի նաեւ, որ դա միայն այդ ժամանակաշրջանի բարեփոխումների արդյունք չի եղել, այլ նաեւ առաջին նախագահի շրջանից սկսված բարեփոխումների:

 

«Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք նույնիսկ 5 կամ 10 տարվա ընթացքում չեն կարողանում արդյունքներ տալ: Դրանց արդյունքներն ավելի հեռանկարային են»,- նշեց Վահրամ Ավանեսյանը' հավելելով, որ բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արվել են` 90-ական թվականներից սկսած, իրենց ազդեցությունն ունեցել են, բայց նաեւ այն խնդիրներն ու բարեփոխումները, որոնք հաջողված չեն եղել, դրանք էլ խնդիրներ են ստեղծել:

 

Իսկ գազային համաձայնագրերի եւ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների մասին Վահրամ Ավանեսյանը նշեց, թե կարեւորագույն խնդիրն այն է, որ գազի սակագնի' այսօր  եղած պայմանագրերը Հայաստանի համար ամենաշահավետն են, նաեւ ասաց, թե չի կարծում, որ կար այլ' ավելի շահավետ հնարավորություն ավելի լավ պայմաններով պայմանագիր ունենալու: