Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե համեմատում ենք Իվանիշվիլիին Գագիկ Ծառուկյանի հետ, ուրեմն պետք է ասել, որ երբ Իվանիշվիլին քաղաքականություն մտավ, նա հայտարարեց, որ իր թիմով մասնակցելու է ընտրություններին և մոտավորապես տվեց նույն գնահատականները երկրի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ, ինչ Ծառուկյանն արեց` ԲՀԿ վերջին համագումարում հայտարարելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտությունը, թե «ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց»:
Մեր այն դիտարկմանը, որ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի բնորոշմամբ, «Գագիկ Ծառուկյանը ոչ թե «ինչով է պակաս Իվաիշվիլուց», այլ մի բան էլ դեռ ավել է», Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ուրեմն` Գալուստ Սահակյանն անկեղծ է եղել: Գագիկ Ծառուկյանը ավելի է նրանով, որ նա երկար ժամանակ քաղաքական կուսակցության ղեկավար է, իսկ Իվանիշվիլին չուներ այդ քաղաքական թիմը: Գագիկ Ծառուկյանն, ի տարբերություն Իվանիշվիլու, ունի ակտիվ գործող քաղաքական թիմ, որը մասնակցել է ընտրություններին»: Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանն ունի ընդդիմության առաջնորդ դառնալու բոլոր հնարավորությունները, եթե միասնական ընդդիմություն ձևավորվի:
Ստեփան Մարգարյանը, շարունակելով միտքը, նշեց, որ Գագիկ Ծառուկյանն անկեղծ է իր հայտարարություններում, որոնք վերաբերում են երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Հարցին` արդյո՞ք Լևոն տեր-Պետրոսյանի ելույթում կար մեսիջ` Գագիկ Ծառուկյանին ընդդիմության նոր առաջնորդ տեսնելու ցանկությամբ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ինչ-որ իմաստով նման մեսիջ կար: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում երևաց այն, որ ՀԱԿ-ը չի հավակնում անպայման իր շուրջը համախմբել ընդդիմությանը: «Նույն բանը, ի դեպ, ԲՀԿ-ն էլ չի հավակնում»,- նշեց նա:
Մեր հարցին` արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պատրաստ է իրականացնել փափուկ իշխանափոխություն, ինչպես իր ելույթում ակնարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ավելի փափուկ հեղափոխություն, քան կառավարության հրաժարական դնելն է, չի լինում»:
Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն տեսակետը, թե կառավարության հրաժարականը նման է Պողոսին Պետրոսով փոխարինելուն, ինչը անարդյունավետ է: Ստեփան Մարգարյանը նշեց, որ այդ ձևակերպման հետ լրիվ համամիտ է: Ըստ նրա` ոչ թե կառավարության մեխանիկական փոփոխություն է պետք անել, այլ կառավարության քաղաքական օրակարգ մշակել ու երկրի զարգացման այլ ծրագրեր կազմել:
«Մենք կառավարության փոփոխությունը պատկերացնում ենք` մշակելով կառավարության նոր ծրագիր, որովհետև այն ծրագիրը, որը ներկայացրել է կառավարությունը, ավելի քան ապացուցել է, որ չի աշխատում: Ուրեմն պետք են նոր ծրագիր, նոր գործելաոճ և նոր ուղիներ: Եթե սա չենք անում, ուրեմն անիմաստ է կառավարության մի խումբ մարդկանց փոխարինել մյուս խմբով»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Հարցին` համամի՞տ է արդյոք պատգամավորը ոչ իշխանական չորս ուժերի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի` «հրաշալի քառյակ» բնորոշմանը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ կուզենար, որ այդ քառյակն իսկապես հրաշքներ գործեր, որովհետև Հայաստանում այնքան է խորացել բացասականը, որ փոփոխություններ անելը նման է հրաշքի: