կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 19:00
Քաղաքական

Շարմազանովը համամիտ չէ վարչապետի հայտարարության հետ

Շարմազանովը համամիտ չէ վարչապետի հայտարարության հետ

Այնպես չէ, որ մյուս վարչապետերը ազատություն չեն ունեցել կադրեր ընտրելու հարցում: «Հիշենք Տիգրան Սարգսյանի կաբինետը, որտեղ գոնե առանցքային` տնտեսական բլոկի նախարարներին նա բերեց` Դավիթ Սարգսյան, Ներսես Երիցյան և այլն: Նույնը` Հովիկ Աբրահամյանի ժամանակ, նրան ազատություն տրվեց, և նրա ձայնը մի շարք պաշտոնյաների նշանակման հարցում բավականին որոշիչ էր: Նույնը նաև Կարապետյանի կաբինետում է: Սա Հանրապետականի համար նոր բան չէ: Այնպես չէ, որ մենք մյուս վարչապետերին կաշկանդել ենք, իսկ հիմա պարոն Կարապետյանին ազատություն ենք տվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է վարչապետի այն մտքին, որ երկրում ծայրահեղ ծանր վիճակ է, նա նշեց, որ վարչապետը տնտեսական գնահատական է տվել, բայց, իր կարծիքով, թեև կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են: «Ծանր տնտեսական վիճակ ունեցել ենք 90-ականներին, ծանր տնտեսական վիճակ ունեցել ենք միջազգային ճգնաժամի ժամանակ, երբ -9, –10 տոկոս տնտեսական վնաս ունեցանք: Վերջին տարիներին մենք նորից տնտեսական աճ ենք  ապահովում: Մի պետություն, եթե տնտեսական աճ է ապահովում, թեկուզ` ոչ բավարար, չափազանց ծանր չէ ուրեմն երկրի վիճակը»,- ասաց Շարմազանովը` հավելելով` շատ լավ է, որ վարչապետը գալիս է լավ ամբիցիաներով, լուրջ տեսլականով:  

Ըստ նրա` չպետք է հակասության մեջ դնել Սարգսյանի, Աբրահամյանի և Կարապետյանի կառավարությունները: «Ես խնդրում եմ հակասություն չտեսել վարչապետերի կառավարությունների մեջ, դրանք բոլորը մեր կառավարություններն են: Ամենաշահագրգռվածներից մեկը, որ Կարապետյանը հաջողի, Հովիկ Աբրահամյանն է, և Աբրահամյանը դա ասել է խորհրդի նիստում: Մենք մի քաղաքական թիմի անդամներ ենք»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` նոր կառավարության ազդակներն են`առաջին` բաց, թափանցիկ աշխատանք, երկրորդ` արտոնյալ պայմաններ չպետք է լինեն, որևէ մեկը օրենքից վեր չպետք է լինի, երրորդ` պետք է շատ հավակնոտ  պայքարել կոռուպցիայի և ստվերի դեմ, չորրորդ` պետք է բաց խոսել պրոբլեմների մասին: «Սրանք այն 4 կետերն են, որոնք այս պաhին առաջնային են: Գուցե այդ կետերը շատ են, բայց այս 4 կետերը հստակ են: Վարչապետը շատ բաց ու հրապարակային է խոսում: Իմ խնդրանքն է` վարչապետի ամեն բառը  չի կարելի վերցնել ու սարքել մատի փաթաթան»,- ասաց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ վարչապետի նշած «պրիմիտիվ գողություն» խոսքն ուղղված չի եղել նախկին վարչապետին: «Վարչապետի այդ խոսքն ուղղված չի ինչ-որ մեկին: Կա նման երևույթ, այնպես չէ, որ մենք դրախտում էինք ապրում ու չգիտեինք այդ մասին: Բոլորը սկսեցին գրել` վարչապետը Աբրահամյանին նկատի ուներ: Ինչի՞, Աբրահամյանը չի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի, Աբրահամյանից շատ ո՞վ է կոռուպցիայից խոսել: Կոռուպցիայի դեմ պայքարում Աբրահամյանը կառավարության առանցքային անձանցից մեկն է եղել, այդ ո՞նց եղավ, որ Աբրահամյանին է վերաբերում: Պետք չէ արհեստական հակասություններ փնտրել: Այսօր Կարապետյանին ենք նշանակել, պետք է նրա կողքին կանգնենք: Ի վերջո, մենք պետք է կարողանանք պետական մտածողություն ունենալ»,- վրդովված նշեց ԱԺ փոխնախագահը:

Մեր դիտարկմանը, թե, ըստ նոր Սահմանադրության, երկրի վարչապետը պետք է 4 տարի մշտապես ՀՀ-ում բնակված լինի, բացի այդ` Կարեն Կարապետյանը կարճ ժամանակով է վարչապետելու և շատ բան չի հասցնի անել, Շարմազանովն արձագանքեց. «Եթե տարվա մեջ շուրջ 6 ամիս բնակվել է ՀՀ-ում,ուրեմն կարող է վարչապետել: Կարող է` նա բնակվել է: Եթե 17 թվականին ՀՀԿ-ն հաջողություն գրանցի ընտրություններում, ես շատ հավանական եմ համարում, որ ՀՀԿ-ն կառաջադրի Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, բայց դրա համար մենք 17 թվականին պետք է ունենանք հաջողություն, իսկ կունենանք, թե` ոչ` որոշելու է  ժողովուրդը:  Ես հուսով եմ, որ կունենանք»: