Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի` իշխանությունները ժամանակավոր արժեք են, մնայուն են միայն հայրենիքը և ժողովուրդը, և եթե իշխանությունները համարում են, որ իրենց գործողությունները արդյունավետ չեն, ուրեմն հանգիստ կարող են հրաժարական ներկայացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վարչապետի հրաժարականի մասին` նա նշեց, որ դրանում մեծ ողբերգություն չի տեսնում, բայց նաև ասաց. «Ես գիտակցում եմ իմ տեղն ու դերը, հարգում եմ օրենքներն ու Սահմանադրությունը: Նոր վարչապետի նշանակումը երկրի ղեկավարի բացառիկ իրավունքն է, ուստի չեմ պատասխանելու այն հարցին, թե ում եմ տեսնում վարչապետի աթոռին»:
Մեր հարցին՝ որո՞նք էին վարչապետի հրաժարականի պատճառները, եթե վարչապետն իր հրաժարականի ուղերձում դրանք չի մատնանշել, պատգամավորը կարծիք հայտնեց, որ կուտակվել են խնդիրներ, որոնց մասին վարչապետը շատ լավ տեղյակ է եղել և մտածել է, որ նոր մոտեցումներ են պետք` տնտեսությունը կառավարելու համար, ահա` ինչու հրաժարական է տվել: Ըստ պատգամավորի` այդ խնդիրները կապված են տնտեսության զարգացման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, արտագաղթի ու ստվերային տնտեսությունների հետ: «Խոսքը գնում է ավելի արդյունավետ գործողությունների մասին»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Մեր այն հարցին, այսինքն` կարո՞ղ ենք արձանագրել, որ վարչապետի կառավարումն անարդյունավետ է եղել, պատգամավորը խուսափեց հստակ պատասխան տալ` ասելով. «Առանձին դեպքերում եղել են խնդիրներ ու ձախողումներ, որոնք ավելի արդյունավետ կառավարելու դեպքում կուղղվեն»:
Yerkir.am-ի հարցին՝ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը ընդունելի թեկնածու է վարչապետի պաշտոնի համար, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը մեր պետության կառավարման համակարգում առանցքային դեմքերից մեկն է, և նա կարող է լինել այդ պաշտոնում»:
«Այդ դեպքում ո՞ւմ է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում» հարցին, պատգամավորը պատասխանեց, որ ինքը ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում է Կարեն Կարապետյանին, որովհետև շատ լավ է ճանաչում նրան ու շատ է հավանում, ըստ պատգամավորի` Կարեն Կարապետյանը պարկեշտ, շիտակ ու եզակի լավ մարդ է:
Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ այն ձախողումների պատճառը, որ արձանագրվել են վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ, ոչ թե Տիգրան Սարգսյանի վատ կառավարումն է, այլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Մեր այն հարցին՝ նորմա՞լ է, որ ձախողումներ ու անկումներ արձանագրող տնտեսության ղեկավարը՝ երկրի վարչապետը, իր պաշտոնավարման տարիներին կրկնապատկել է իր անձնական հարստությունը, պատգամավորը պատասխանեց. «Ես դրանից տեղյակ չեմ, բայց եթե նման բան կա, ես դա նորմալ չեմ համարում, որովհետև պետական այրը պետք է առաջին հերթին աշխատի ժողովրդի ու պետության համար»: «Ունեն մեկ միլիոն, թե 10 միլիոն, դա ուտել, ծախսելը հնարավոր էլ չէ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ֆինանսների նախարար և վարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը, հավանաբար, չի մնա նոր կառավարության կազմում, պատգամավորը պատասխանեց. «Մեծ ողբերգություն չի լինի, որ ֆինանսների նախարարը փոխվի կամ մեկ այլ նախարար փոխվի»: