կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 15:01
Քաղաքական

Օրենքը թույլ է տալիս. ՀՀԿ-ական պատգամավորը` Կարեն Կարապետյանին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու մասին

Օրենքը թույլ է տալիս. ՀՀԿ-ական պատգամավորը` Կարեն Կարապետյանին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու մասին

Վերջերս ակտիվորեն քննարկվում է այն միտքը, թե ո'չ նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀԿ ցուցակում, ո'չ վարչապետ Կարեն Կարապետյանը, ընդ որում` վերջինիս օրենքը թույլ չի տալիս: Չնայած այս ամենին` Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ դեռևս որոշակիություն չկա, և որ ցուցակների հետ կապված ամեն ինչ քննարկումների ու նախնական փուլում է:

ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք` ի՞նչ ճակատագիր է սպասվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանի որ շշուկներ կան, թե Սերժ Սարգսյանն է ղեկավարելու ՀՀԿ նախընտրական շտաբը: Ալեքսանյանը արձագանքեց. «Այդ բոլոր հարցերի պատասխանները կլինեն խորհրդի նիստից հետո: Այդ բոլոր խոսակցություններն էլ ենթադրություններ են, քանի որ դեռ ոչ մի որոշում չկա, և ամեն մեկն իր հարցերի պատասխանները կստանա խորհրդի նիստից հետո»:

Հարցին` ՀՀԿ խորհրդի նիստը կարծես ուշանում է, ցուցակը գլխավորելու և, ընդհանրապես, ցուցակում ընդգրկվելու հետ կապված տարաձայնություննե՞ր կան, պատգամավորը պատասխանեց. «Խորհրդի նիստը չի ուշանում: Ցուցակը որ նայեն, տեսնեն` ովքեր են ընդգրկված, ի՞նչ է տալու դա հանրությանը: Դա ներկուսակցական կյանք է: Համենայն դեպս, Հանրապետական կուսակցությունը ժամանակին կունենա իր ցուցակները: Աշխատանքները տարվում են, ամեն ինչ էլ բավականին նորմալ վիճակում է»:

Այնուհետև կրկին նշեց, որ որևէ մեկը որևէ բան չի կարող ասել, քանի դեռ խորհրդի նիստ չի եղել, և որ հունվարի ընթացքում կլինի, ու ամեն ինչ կհստակեցվի:

Խոսելով Կարեն Կարապետյանի` ՀՀԿ ցուցակում չընդգրկվելու մասին, քանի որ օրենքը թույլ չի տալիս դա, Ալեքսանյանը նշեց, թե ինքը չգիտի, թե ովքեր են նման խոսակցություններ տանում: «Անօրինական որևէ բան չի արվելու: Նախ` կարծում եմ, որ օրենքը թույլ է տալիս, երկրորդն էլ` եթե օրենքը թույլ էլ չտա…  Կրկնում եմ` խորհրդի նիստից հետո ամեն բան հստակ կլինի»,- ասաց պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանից հետաքրքվեցինք, թե, նրա կարծիքով, ո՞վ պետք է գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը: Ի պատասխան պատգամավորը նախ նշեց, որ ինքը կարծիք ասում է իրենց խորհրդի նիստում, և որ կարծիքները տարբեր կարող են լինել, ապա նշեց` կարծում է, որ կուսակցության ղեկավարը պետք է  գլխավորի ցուցակը: