կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 17:49
Տարածաշրջան

Ծպտյալ հայեր. հարստության մեջ աղքատ էինք ապրում՝ որպես որբ

Ծպտյալ հայեր. հարստության մեջ աղքատ էինք ապրում՝ որպես որբ

Yerkir.am-ը ներկայացնում է:

 

Արևմտյան Հայաստանի քրդացած և թուրքացած հայերը պատմում են իրենց նախնիների հայկական ծագման, 1915 թվականի և այսօրվա իրենց կյանքի մասին:

 

Տիգրանակերտցի Մեհմեդ

 

Ներկայացնեմ ինձ: Ես Տիգրանակերտի բնիկ հայերից Արթինի (Հարութի) աղջկա՝ Մարիամի որդի Մեհմեդն եմ: Տիգրանակերտի, որը Դիարբեքիրի հին անվանումն է, Քոնաջիկ գյուղից: Մենք, ինչ մեզ ճանաչում ենք, գիտենք, որ հայ ենք: Ամաչում էիք այդ մասին բարձրաձայնել, քանի որ իշխող համակարգը մեզ այդպես էր կրթել: Ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց թուրք չեմ, ես հայ եմ և հպարտ եմ դրանով: Իմ մանկությունն անցել է այս փողոցներում, այս եկեղեցու բակում: Սակայն սրանից երկու տարի առաջ այս եկեղեցի մուտք գործելու խոսք անգամ չէր կարող լինել: Տիգրանակերտի քաղաքապետարանի և հայ ժողովրդի ջանքերով այս եկեղեցին սկսեց գործել: Այս փողոցում մինչ վերջերս հայեր էին ապրում: Տիգրանակերտում բնակվող բազում հայեր, որոնք հիմնականում արվեստագետներ, արհեստավորներ և վաճառականներ էին, 1980-ականների վերջին լքեցին Տիգրանակերտն ու գնացին այլ վայրեր: Ես սրտանց մի բան եմ ուզում ասել` գուցե Հայաստանի իմ հայրենակիցները նեղսրտեն, բայց հատկապես ուզում եմ խոսք ուղղել Հայաստանի կառավարությանը: Մինչև օրս որտե՞ղ էիք: Դուք արդեն պետություն էիք, կայիք, մե՜նք ոչնչացանք, մեզ ոչնչացրին: Միջազգային հարթակներում ինչո՞ւ չբարձրացրիք մեր հարցը: Ինչո՞ւ մեզ տեր չեք կանգնում: Ինչո՞ւ ես չպետք է կարողանամ բարձրաձայնել իմ հայ լինելու մասին: Ես 50 տարեկան եմ: Հինգ տարի առաջ ես իմ հայ լինելու մասին չէի կարողանում խոսել: Այն հայերը, ովքեր շրջագայության համար գալիս էին այստեղ, ինձ օգնեցին այս մասին ավելի ազատ խոսել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մնաց մեկ տարի, այս մասին նույնպես կցանկանամ մի քանի բան ասել: 1915 թվականին մորս մեծ հայրը հազիվ է կարողացել փրկվել, բայց նա մնացել է այստեղ: Իմ մեծ հայրն ապրել է 117 տարի: Այնքան էին վախեցրել, որ մինչև մահվան օրը այդ վախը նրա մեջ մնացել էր: Այնքան վախեցած էր, որ իր ունեցվածքի մասին անգամ չէր պատմում, բայց մենք գիտեինք: Այնքան վախեցած էր, որ 117 տարի մեզանից անգամ թաքցրել էր իր իսկական էությունը: Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի էլ` այո, Հայոց ցեղասպանությունը իրականացնողները թուրքերն ու քրդերն էին, բայց եկեք չմոռանանք նրանց, որոնց դրդմամբ իրականացավ Ցեղասպանությունը: Նրանց, ովքեր շոյեցին հայերի թիկունքը` ասելով՝ «մենք ձեր կողքին ենք» ու կոտորեցին: Կարճ ասած՝ գերմանացիները, անգլիացիները, ֆրանսիացիները չէի՞ն այն իրականացնողները: Ասացին՝ տեղահանություն, աքսոր և այդ անվան տակ ցեղասպանություն իրագործվեց: Ինչո՞ւ այս ամենի մասին դեռ չի խոսվում: Այսքանը բավարար չէ՞:

 

Եթե բախտ վիճակվի` ցանկանում եմ այցելել Հայաստան, Երևան, տեսնել այդ հողերը:

 

Տիգրանակերտցի Արթինի թոռը

 

Ես Արթինի թոռն եմ` հայկական ծագում ունեցող և Տիգրանակերտում բնակվող մի ընտանիքի անդամ: Այստեղ բնակվող հայերի մեծամասնությունը արտահայտվելու խնդիր ունեն, որը կրթություն չունենալու հետևանք է, և ես էլ նրանցից մեկն եմ: Սկզբում մենք մեզ թուրք էինք կարծում, հետո՝ քուրդ, իսկ հիմա, վերջապես, գոնե մասամբ, բացահայտեցինք մեր հայկական արմատները: Կներեք` հուզվեցի… Շատ բան կա ասելու, բայց ի վիճակի չենք արտահայտվել: Օրինակ կարող եմ բերել: Ես 47 տարեկան եմ: Ինչ հիշում եմ՝ մեզ «բաֆըլա» էին ասում, այդպես են կոչում հայկական ծագում ունեցողներին: Դրանից երբեք վատ չենք զգացել, ընդհակառակը՝ ծանրակշիռ ենք եղել, մեր կեցվածքն ենք ունեցել: Մեր «բաֆըլայությամբ» էլ հպարտացել ենք և շարունակում ենք հպարտանալ: Մեր գերդաստանը մեծ է` մոտ 700 հոգի: Ինձ նման շատերը կան, բայց իրենք իրենց քուրդ են կարծում: Ես ինձ ավելի բախտավոր եմ համարում, որ, մասամբ գտնվելով քաղաքական շարժման մեջ, հայկական ծագումս կարողանում եմ ընդունել: Եղբայրս մինչև հիմա կարծում է, թե քուրդ է: Բայց վստահ կարող եմ ասել, որ կան ինձ նման հայկական ծագում ունեցող բազում «բաֆըլաներ», և բոլորը գիտեն այդ մասին:

 

Վաղը ապրիլի 24-ն է… Ապրիլի 24-ը մեզ համար ևս շատ իմաստալից է: Իմ ամենամեծ ցանկությունն է այդ օրը լինել Հայաստանում: Իմ պապիկի մահից հետո կարող եմ ասել, որ վանդակի մեջ հայտնվեցինք: Մեր արմատներից, լեզվից, հողերից կտրվեցինք: Իմ պապենական գյուղն այժմ գտնվում է ուրիշների ձեռքում: Հարստության մեջ աղքատ էինք ապրում՝ որբի պես: Կրկնում եմ՝ շատ կցանկանայի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, լինել հայրենիքում, այցելել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

 

Տիգրանակերտցի Սարոյի թոռը

 

Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ եմ: Տիգրանակերտի Քուլփ (Փասուր) գյուղից: Մեր պապերն են մեզ պատմել, որ մեր ընտանիքին՝ մեծ հորս, փրկել է գյուղի աղաներից մեկը: Մեծ հորս թուրքերենով Ազիզ էին ասում, իսկ հայերեն անունը Սեթրո՝ Սարո էր: Հորս մեծ մայրը Քեշիշ Կիրակոսի դուստրն էր: Մեծ հայրս ու մեծ մայրս մի կերպ կարողացել են ողջ մնալ, և գյուղատերը թաքցրել է նրանց: Իհարկե, թուրքերի մի մասն այս լավությունն անվարձահատույց չի արել: Արել են, որպեսզի տիրանան հայերի ունեցվածքին: Իսկ մյուսներն էլ՝ շատ քչերը, գթասրտությունից են արել: Իմ մեծ հոր եղբայրները ունեցել են հողակտոր, և խաբելով՝ իբրև թե օգնության ձեռք են պարզելու իրենց, տարել ուև ճանապարհին կոտորել են: Այսքան տարի է անցել, և մենք ցանկանում ենք, որ Թուրքիայում բոլորը հավասար ապրեն: Ուզում ենք` հայերին էլ, քրդերին էլ, թուրքերին էլ հավասար վերաբերմունք ցուցաբերեն: Մեր ներկա դրությունը կապված է Համիդյան ջարդերի հետ: Դեռ այն ժամանակ սկսված ցեղասպանությունը շարունակվում է: Այդ ամենն իրագործեց «Իթթիհադ և թերաքի»-ին` երիտթուրքերը: Մեր ունեցվածքներն այժմ քրդերի ձեռքում են: Ինքնըստինքյան ապօրինի է համարվում, երբ սեփականատիրոջ կենդանության օրոք նրա հողերը զավթվել են: Այս արարքը իսլամին էլ է դեմ, բոլոր կրոններին ու ամբողջ մարդկությանն է դեմ: Ինչքան ընտանիքներ կան, որ հայկական անունները ստիպված են եղել փոխել: Իմ մեծ հոր անունը Սեթրո էր, հայրը նրան անվանափոխել է Սեյիթհանի: Տեսեք` ինչ մոտեցում են ցուցաբերել: Մեզ ասում են «իսթիհրամ», այսինքն՝ հարամ ոսկոր: Բայց մենք բոլորին հավասար աչքով ենք նայում, որպես մարդ ենք նայում: Մենք մեզ օտար ենք զգում, որովհետև իրենք են մեզ օտարացնում, ինչի հետևանքով էլ մարդկային նորմալ շփումը անհնար է: Ռամիկ դասակարգը դեռ այսպես է մտածում՝ «նրանք հայ են, ինչ էլ անեն՝ մեկ է՝ հայ են»: Նրանց ուղեղը դեռ այսպես է աշխատում: Այս մտածելակերպը փոխելու, մարդկանց հավասար նայելու և նրանց միջև տարբերություն չդնելու համար նախ պետք է սկսեն ավելի տեղեկանալ, փոխել այս համակարգը: Այստեղ ապրելու իրավունք չունի նա, ով թուրք չէ, սա է Օսմանյան կայսրության և ներկայիս Թուրքիայում տիրող կարծրատիպը: Այնքան էին նեղում, որ մեր թաղում մի կոշկակար կար, հիմա այստեղ չէ` թողեց, հեռացավ: Ես շատ լավ եմ հիշում՝ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտ էի, մեր ընկերներից մեկի գնդակը խաղի ժամանակ հայտնվել էր թուրքի այգում: Գիտեին, որ հայ է: Հայ լինելու համար դանակահարեցին նրան: Ցանկությունս է, որ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Թուրքիան այս հարցի կապակցությամբ իր վերաբերմունքը փոխի: Տեսեք՝ կարիք չկա 100 տարի հետ գնալու, 2014 թվականն է, բայց ՏԻՄ ընտրություններում հայերին քվեարկելու իրավունք չեն տվել: Իսկ նրանք, ովքեր պատահաբար կարողացել են քվեարկել կամ ընտրվել, քրդական կուսակցության շնորհիվ է, որոնք «իրենց հայերն» են ուզում ունենալ:

 

Այսքանը, ինչ ասեմ` ծագումով հայ եմ, բայց իսլամացել եմ: Մենք իսլամացված հայեր ենք: Ես ժամանակին, հորս պես, իմամ եմ եղել:

 

Էնոփցի քուրդ, որի մայրը հայ է

 

«Ես քուրդ եմ, բայց քեռիներս հայ են: Հայերն ու քրդերը այս տարածքում ապրող երկու հնագույն ժողովուրդներ են: Նրանք տարիներ շարունակ ապրում էին որպես երկու եղբայր ազգեր, սակայն արտաքին ուժերի ազդեցության տակ իրար դեմ դուրս եկան: 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել: Հայ ազգի դեմ արված այդ ցեղասպանությունը անընդունելի արարք է: Մարդկության և առհասարակ՝ ազգերի դեմ ցեղասպանություններ չպետք է իրագործվեն: Իմ քեռիները հայ են, և ես Փասուրին կից Հոփ (Էնոփ) գյուղից եմ: Այս գյուղը հայկական հին գյուղ է: Այնտեղ դեռ հայկական եկեղեցի կա: Հայերի դեմ արված ցեղասպանությունը անիծում ենք, ինչպես նաև անիծում ենք ազգերի դեմ արված ցեղասպանությունները»:

 

Արազ ԳԱՅՄԱԳԱՄՅԱՆ