կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-22 11:33
Հասարակություն

Սննդի համար 300 դրամից ավելի ծախսելը շռայլություն է

Սննդի համար 300 դրամից ավելի ծախսելը շռայլություն է

«Արդեն 20 տարի է` այստեղ եմ ապրում, ամուսինս մահացել է, երեխաներ չունեմ, ոչ էլ` օգնության ձեռք մեկնող հարազատներ»,- ասաց Թբիլիսյան խճուղու լամպերի գործարանի հարևանությամբ գտնվող նախկին թիվ 9 արհեստագործական ուսումնարանի 9 քմ սենյակում ապրող 53-ամյա Էլեոնորա Հարությունյանը:

 

Երկու ոտքի խնձորակների վնասվածքի պատճառով այժմ հենաշարժական խնդիրներ ունի եւ դժվարությամբ է տեղաշարժվում. սենյակից հազվադեպ է դուրս գալիս, օրվա գնումները կատարում են հարևանները: «Առողջություն չունեմ, որ աշխատեմ, միայն թոշակ եմ ստանում`24 հազար 500 դրամ, որով կարողանում եմ դեղերս գնել ու որոշ չափով էլ սնվել»,- ասաց տիկին Էլեոնորան` ավելացնելով, որ սիրտ-անոթային համակարգի հետ կապված ևս խնդիրներ ունի, որը թերսնման պատճառով է. «Ամեն օր չոր ու ցամաք մակարոն եմ ուտում, օրական 300 դրամ ուտելիքի վրա եմ ծախսում, եթե մի քիչ ավելի ծախսեմ` ինձ շռայլություն թույլ տամ, չեմ կարողանա ամբողջ ամիսը ապրել, ստիպված սոված պետք է նստեմ»:

 

Տիկնոջ համար սովորական է դարձել կիսասոված ապրելը:  ԲԱյց դա ամենը չէ. շենքը խոնավությունից քանդվում է, նույնիսկ քարերը տեղաշարժվել են: Սենյակից  խոնավության տհաճ հոտ է գալիս, որն էլ, ըստ տիկնոջ, առողջական վիճակի վատացման պատճառներից մեկն է: «Տպավորություն է, թե դրսում միշտ անձրև է գալիս, այնինչ շենքի ներսում է անձրևում` խողովակների անբարեկարգ վիճակի պատճառով»,- ասում է կինը` հավելելով, որ ձմռանը նույնիսկ չի կարողանում ինչ-որ տաքացնող սարք միացնել. «Որ վառեմ, տակից դուրս չեմ գա, մտնում եմ խոնավություից թաց անկողինս` հույսով, որ մի օր կապրեմ բավարար պայմաններում»:

 

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Հ.Գ. Yerkir.am-ը սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրներին հաճախ է անդրադառնում: Նման ընտանիքները ուշադրության և օգնության կարիք ունեն: