Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, ով փորձեց հակադարձել բոլոր այն ընդդիմադիր ելույթներին, որոնցում բյուջեի նախագիծը քննադատության ենթարկվեց: Նշենք, որ նրանից անմիջապես առաջ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նախ դևի մասին անեկդոտ պատմեց, ապա կոչ արեց ժողովրդին` դառնալ դև ու կուլ տալ իշխանություններին:
Մանվել Բադեյանը Զարուհի Փոստանջյանի ելույթը համարեց սպեկուլյատիվ, բյուջեի հետ կապ չունեցող: «Երկու ժամ առաջ կուլ տալու կոչ անող այդ անձնավորությունը գտնվում էր ամերիկյան դեսպանատանը, որտեղ կոնկրետ հարցին ` արդյո՞ք Դուք արյունահեղության կողմնակից եք, պատասխանել էր` այո, ես արյունահեղություն եմ ուզում: Իսկ հարցին` պատրա՞ստ ես քո արյունը տալ, պատասխանել էր` ոչ: Այսինքն` նա պատրաստ է ժողովրդին մղել մի բանի, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակները կհանի»,- ասաց Մանվել Բադեյանը:
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ելույթին` համարելով նրան փայլուն հռետոր, սոցիալական դեմագոգիային փայլուն տիրապետող պատգամավոր: Հիշեցնենք, որ իր այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ԱԺ-ն համեմատել էր Դանիայի ԱԺ հետ՝ ծառայողական մեքենաներ պահելու մասով:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` պետք էր այսպիսի հարցում ուղարկել Դանիայի խորհրդարան, թե` որքա՞ն գումար է ծախսվում նրանց պատգամավորների տեղաշարժի սպասարկման վրա: Պետք էր հարցում անել Դանիայի խորհրդարանին, թե որքա՞ն է կազմում նրանց պատգամավորների աշխատավարձը, որքա՞ն ունեցվածք ունի նրանց վարչապետը, ֆինանսների նախարարը:
Ըստ Մանվել Բադեյանի` կոռեկտ չէր նաև Փաշինյանի հարցադրումը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, թե` ինչպե՞ս եղավ, որ սկսեց զբաղվել բիզնեսով: «Ինչպե՞ս եղավ` էրեխեքը սկսեցին մեծանալ ու որոշեցին զբաղվել բիզնեսով: Աստված տա` մեր բոլորի երեխաներն էլ զբաղվեն բիզնեսով»,- ասաց նա` հավելելով, որ մեր հասարակության ներսում չկան աշխատողներ, այլ կա մի մթնոլորտ, որտեղ սխալ են համարում աշխատանքով ու բիզնեսով զբաղվելը, բոլորը կարծում են, թե հարստությունը ստեղծվում է «ֆոկուսով», նախագահ, նախարար ու պատգամավոր դառնալով: Եվ այսօր էլ հարստությունը սկսում են կապել «վիշապների» հետ: