Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտագաղթն ապահովում է իշխանության վերարտադրումը: Սրանում համոզված է տնտեսագետ, ՌԴ տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ասպիրանտ Արսեն Մանուկյանը: Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականության մասին զրուցելով Yerkir.am-ի հետ` նա նշեց, որ երբ համադրում է Հայաստանից միգրացիոն հոսքերն ու տնտեսագիտական վերլուծությունները կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի՝ տարբեր տարիներին արված հայտարարությունների հետ, ապա ստացվում է օրինաչափ երևույթ:
«Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետի հնչեցրած` արտագաղթի վերաբերյալ այն արտահայտությանը, թե` ի՞նչ անենք, թողնենք, որ կրիտիկական մասը մնա Հայաստանում և հեղափոխություն անի՞: Սա ոչ թե նրա հերթական հայտարարությունն էր, այլ լուրջ մտածված կառավարման քաղաքականություն»,- ասաց Արսեն Մանուկյանը:
Տնտեսագետը շեշտում է, որ Հայաստանից միգրացիոն հոսքերը, որ սկսվեցին 1991-ից, առաջին փուլում պայմանավորված էին պատերազմով, փախստականների գոյությամբ, մյուս փուլերում՝ 1998-ից հետո, արդեն պայմանավորված էին սոցիալ-տնտեսական գործոնով: Սակայն, 2004-ից սկսած, որակական լուրջ փոփոխություններ կատարվեցին միգրացիոն հոսքերի գործոնների մեջ, որոնցում սկսեց գերակշռել բարոյա-հոգեբանական գործոնը, որը գնալով ազդեցիկ գործոն դարձավ՝ սոցիալական բևեռվածության խորացմանը զուգահեռ:
«Արդեն անցյալում են մնացել այն ժամանակները, երբ մարդիկ լքում էին երկիրը սոցիալական դրդապատճառներով: Հիմա Հայաստանում մնացել են այն քաղաքացիները, որոնք կարողանում են հարմարվել: Բայց հարց է առաջանում, թե ինչո՞ւ ներկայումս ունենք լուրջ միգրացիոն արտահոսքի ցուցանիշներ: Պատասխանը, ցավոք, պայմանավորված է իշխանության կառավարման թերացումներով: Ովքե՞ր են արտագաղթում առհասարակ՝ դժգոհ քաղաքացիները: Ո՞ւմ են դժգոհ քաղաքացիները տալիս իրենց ձայնը ընտրությունների ժամանակ՝ ընդդիմությանը: Ստացվում է, որ իշխանությունն ապահովում է իր վերարտադրությունը արտագաղթի միջոցով»,- ասում է տնտեսագետը:
Ըստ նրա` գալով իշխանության՝ Սերժ Սարգսյանը թույլ տվեց իր ամենամեծ սխալը՝ վարչապետ նշանակելով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, որովհետև մի մարդ, որը մինչև վարչապետ դառնալը տարիներ շարունակ պայքարել է ցածր գնաճ ապահովելու համար, նշանակվում է վարչապետ, երբ նա պետք է ապահովի բարձր գնաճ: Երկրորդ սխալը, ըստ Արսեն Մանուկյանի, այն էր, որ վարչապետը չուներ և հիմա էլ չունի քաղաքական թիմ, և իրենից չի ներկայացնում լուրջ քաղաքական ֆիգուր՝ չունենալով ազդեցություն ո'չ նախարարի, ո'չ մարզպետի վրա: Իսկ երրորդ խոշոր սխալը վարչապետը թույլ տվեց, երբ իր քաղաքականության արդյունքում Հայաստանում արձանագրվեց ուղիղ ներդրումների 42 տոկոս անկում:
«Այդ ամենից հետո ոչ միայն վարչապետից պահանջում են հեռանալ, այլ նաև պետք է ցրեին կառավարությունը: Եվ հենց այդ ժամանակ ընդդիմությունը պետք է ներկայացներ նրա հրաժարականի պահանջը, որովհետև եթե Տիգրան Սարգսյանը հրաժարականով պատժվեր իր վարած քաղաքականության համար, ապա Հայաստանը գոնե չէր ունենա 42 տոկոս ուղիղ ներդրումների կրճատում: Երբ երկիրը ծայրահեղ վիճակում է գտնվում, վարչապետը, եթե նա քաղաքական ֆիգուր է, կարող է մտնել նախագահի մոտ, ճիշտ ներկայացնել վիճակը և ստանալ նրանից կարևոր խնդիրների լուծման երաշխիքներ: Բայց Տիգրան Սարգսյանի դեպքում ժողովուրդը նման քայլերի ականատես չի լինում»,- ասում է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս ունի կենտրոնացված միավորված ֆինանսնական իշխանություն՝ ի դեմս ՀՀ Կենտրոնական բանկի, որը ֆինանսական բոլոր գործողություններում ստացել է մենաշնորհ, այլ կերպ ասած՝ ստեղծվել է պետություն պետության մեջ: «Ունենք մի վարչապետ, որը միմիայն վերահսկում է ֆինանսական խողովակները հօգուտ ոչ թե ժողովրդի, այլ ֆինանսական նեղ շրջանակի: Նա ներգրավում է արտաքին միջոցներ՝ մեծացնելով արտաքին պարտքը: Բայց Հայաստանին պետք չէ ֆինանսական խողովակի քաղաքականություն»,- ասաց Արսեն Մանուկյանը: