|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սոցիոլոգիական ուսումնասիրությունների Gellup հեղինակավոր կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ նախկին ԽՍՀՄ 12 երկրների թվում Հայաստանն առաջին հորիզոնականում է հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկություն ունեցողների թվով: Ըստ այդմ` 2011-12թթ. արտագաղթելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների, նույնն է թե` բնակչության 40 տոկոսը, այն դեպքում, երբ բոլոր 12 երկրներում նման ցանկություն հայտնողների ընդհանուր միջին ցուցանիշը կազմել է ընդամենը 15 տոկոս: Փաստորեն, Հայաստանի պարագայում գործ ունենք միջին այդ պատկերից մի այնպիսի շեղման հետ, որն այլ կերպ, քան խայտառակ կամ ուղղակի ողբերգական, չի կարելի որակել:
Եթե նաև նկատի առնենք, որ Հայաստանի երկու հարևան երկրներում` Վրաստանում և Ադրբեջանում, նման ցանկություն ունեցողները բնակչության ընդամենը 14 տոկոսն են, ապա պետք է եզրակացնել, որ Հայաստանում ուղղակի սկսվել է երկրի ժողովրդագրական անվտանգությանը սպառնացող արտագաղթի տրամադրությունների տարածման մի աննախադեպ համաճարակ:
Սակայն դատելով արտագաղթելու այն պատճառներից, որոնք ընտրելու համար հարցվողներին ներկայացրել է Gellup-ը, հայաստանյան իշխանությունները, ըստ տրամաբանության, դրան անպայման պետք է առարկեն: Բանն այն է, որ արտագաղթի «շաբլոնային» պատճառների թվում, ինչպիսիք են` կենսամակարդակի բարելավումը, երեխաների ապագայի ապահովումը, աշխատանք գտնելու հեռանկարը, հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրներում ապրելու ցանկությունը և այլն, Gellup-ը համարձակվել է չնշել ամենակարևոր պատճառը, որի հայտնագործման հեղինակային իրավունքը պատկանում է նախագահ Սերժ Սարգսյանին` առկա «գաղջ մթնոլորտը»: «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: ...Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետև Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով: ...Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են...»,- լրագրողների հետ անցած ամիս կայացած հանդիպման ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը:
Ըստ այդմ` ստացվում է, որ եթե Հայաստանում առավոտից երեկո «միայն վատ երևույթների մասին խոսող» երկու հեռուստաընկերությունները և տասնյակից ավելի էլեկտրոնային լրատվամիջոցները չլինեին, գաղջ մթնոլորտ չէր լինի, հետևաբար` երկրում մնացած բնակչության կեսն էլ արտագաղթելու վիրուսով տառապելիս չէր լինի: Կարելի է ենթադրել, ուրեմն, որ այսօրվա գործող իշխանությունը, կամա, թե ակամա, ընդունում է, որ 2006-07թթ., երբ մարդիկ արտագաղթելու փոխարեն սկսել էին տուն վերադառնալ և միգրացիոն սալդոն ոչ թե բացասական, այլ դրական ցուցանիշներ էր արձանագրում, երկրում նման գաղջ մթնոլորտը վերացել էր իսպառ:
Ինչևէ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, ըստ պաշտոնական տվյալների, երկրից միայն օդային և երկաթուղային ճանապարհներով մեկնել ու չի վերադարձել 22 122 մարդ: Սա անցած տարվա ցուցանիշը գերազանցում է 7728-ով կամ 35 տոկոսով, որն ուղղակի իդեալական ձևով համադրվում է Gellup-ի հարցման արդյունքների հետ: Այսինքն` ստացվում է, որ ոչ միայն այդքան թվով մարդիկ զուտ մտածում կամ ցանկանում են ընդմիշտ հեռանալ, այլև իրագործում են այդ ցանկությունը: Եվ եթե պրոցեսն այս տեմպերով շարունակվի, մի քանի տարի հետո Gellup-ը կարող է Հայաստանում հարցում անցկացնելու համար նույնիսկ անհրաժեշտ թվով մարդ չգտնել:
Արտագաղթի պատճառները շատ ավելի խորքային են, քան կարելի է ենթադրել, քան պատկերացնում է իշխանությունը: Ապագան երկրի հետ կապելու կամ չկապելու համար մարդիկ ոչ թե ԶԼՄ-ների լավ կամ վատ լուրերով են առաջնորդվում, այլ սեփական մաշկի վրա զգացածով: Այս հասարակությունն այլևս այն գիտակցությանը չէ, որ վախեցնելով, գլխին կեղծ ու փուչ հայրենասիրական լոլոներ կարդալով, սին խոստումներ տալով կամ ձևական խորհրդակցություններ անցկացնելով, կարելի լինի համոզել, տրամադրել համակերպվելուն: Սա այլևս այնպիսի հասարակություն է, որն իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի կենսակերպի վրա ազդող սոցիալական, իրավական, կենցաղային փոփոխություններ է պահանջում, որը սկսել է գիտակցել սեփական արժանապատվությունը, և որն այդ իրավունքները պաշտպանելու համար երկու ճանապարհ է որոնում` պայքարելու կամ հեռանալու: Հեռացողները նրանք են, ովքեր պայքարի մեջ հեռանկար չեն տեսնում` իշխանության և քաղաքական համակարգի ծայրաստիճան աղտոտվածության և ապականվածության պատճառով:
Թե' արտագաղթի տեմպերը և թե' այսպիսի հարցումները ցույց են տալիս, որ այս զանգվածը մեծամասնություն դառնալու եզրագծին է, ինչի պատճառով հեռանալու ցանկությունը դարձել է համընդհանուր մտասևեռում: Այլ կերպ չի կարող լինել, երբ սեփական երկրի նախագահը միայն փորձում է ամեն ինչում, բոլոր հիմնախնդիրներում իշխանության պատասխանատվությունը նվազագույնի հասցնել` «արդյոք միայն իշխանությո՞ւնն է մեղավոր» կամ «հասարակությունը պետք է փոխվի, որ իշխանությունն էլ փոխվի» տրիվիալ, վաղուց իրեն սպառած տրամաբանությամբ: Միայն իր վերջին ասուլիսի ընթացքում այս միտքը տարբեր ձևակերպումներով Սերժ Սարգսյանը հնչեցրել է առնվազն չորս անգամ: Սա ավելի նման է պատասխանատվությունից փախուստի, քան հիմնավորման, որովհետև ո'չ հեռացողները և ո'չ էլ մնացողները բացարձակապես չեն տեսնում, չեն զգում, թե ինչպես է ուզում ինքն իրեն և թե հասարակությանը փոխել դրա բոլոր լծակներն ու հնարավորություններն ունեցող պետությունը: Փոխարենը մարդկանց ականջները շարունակ սղոցում է սեփական երկրի նախագահի արած ակամա խոստովանությունը. «Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում...»:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ