կարևոր
2302 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-10 15:26
Քաղաքական

«Ի՞նչ է նշանակում «սահմանի վերարտադրություն»» հարցին պատասխանել են փակ նամակով, ինչո՞ւ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն ԱԺ-ում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը պետական և ՏԻՄ մարմիններում, կազմակերպություններում պետական գաղտնիության ռեժիմի մակարդակի բարձրացումն է։

Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրի բովանդակությանը․ «Ընդդիմադիր չորս պատգամավորներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու «խաղաղություն» կոչվող պայմանագրի 7-րդ և 8-րդ տարբերակներին։ Հետո, երբ Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, թե ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ տեղեկություններին, մեզ արգելվեց այլևս ծանոթանալ պայմանագրի բովանդակությանը։ Հիմա մենք իրավունք ունե՞նք ծանոթանալու այդ փաստաթղթերին, թե՞ դա կամայական է, ԱԳՆ-ն է որոշում թույլ տալ, թե՝ ոչ։ Հարցին ի պատասխան Անդրանիկ Սիմոնյանն ասաց․ «Օրենսդրությամբ են կարգավորվում այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, նաև գաղտնի տեղեկությունները տնօրինող պետական մարմինները հնարավորություն ունեն որոշելու, թե ինչ ընթացակարգերով կարող են անձինք ծանոթանալ այդ տեղեկատվությանը»։ Արձագանքելով պատասխանին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Եթե այդ փաստաթղթերին ծանոթանալը մեր գաղտնիության թույլտվության մակարդակից վեր էր, այդ դեպքում այն մարդը, ով թույլ է տվել ծանոթանալ այդ փաստաթղթերին, պետք է պատժվի։ Եթե օրենսդություն ենք խախտել և արտահոսք ենք կազմակերպել, մենք պետք է պատժվենք»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով՝ հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրի բովանդակությանը, բանավոր կամ գրավոր անպայման պատասխանել։