կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-05 23:09
Քաղաքական

Հայաստանը պետք է հանդես գա Արցախում ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր. Փաշինյան

Հայաստանը պետք է հանդես գա Արցախում ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր. Փաշինյան

Համահայկականության տրամաբանությունը կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե հենվենք համահայկական մի քանի առանցքային կոնսեսուսների՝ համաձայնությունների վրա։

Այս մասին այսօր Ստեփանակերտի «Վերածնունդ» հրապարակում ունեցած իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վեց կոնսենսուսները հետևյալն են.

«Կոնսենսուս համար 1՝ բռնությունը պետք է բացառվի հայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից, մեր իրականության մեջ իրար մեջ հարցեր լուծելը, բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն, և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ Ի դեպ, այս համատեքստում կա միայն մի բացառություն, խոսքը օրինական բռնության կիրառման մասին է, հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում։

Կոնսենսուս համար 2՝ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունն ըստ այդմ պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր։

Կոնսենսուս համար 3՝ Հայաստանի և Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավվել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։

Կոնսենսուս համար 4՝ Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ արհեստական խոչընդոտների հարուցումը պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։

Կոնսենսուս համար 5՝ իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի շրջանակների անհատների առկայությունը պետք է բացառել։ Ուզում եմ մի մեկնաբանություն անել, սիրելի ժողովուրդ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը շատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է, և չի կարելի հանդուրժել, երբ որևէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին, և հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձևով, օրենքից դուրս լինելու ձևով։

Կոնսենսուս համար 6՝ ամենագլխավոր կոնսենսուսը։ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Սիրելի ժողովուրդ, այս սկզբունքը կարևոր է հատկապես կարևոր եմ համարում ընդգծել ցույց տալու համար, որ ուղղակի անիմաստ է Հայաստանի կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր Կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, և հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը։ Կոնսենսուս համար վեցը մեզնից յուրաքանչյուրին տալիս է մի այնպիսի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ նույնիսկ ամենաանհավանական տեսություն»։