Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չթերագնահատելով «Նաիրիտ»-ի և գազի հարցով ներկայացված նախագծերի կարևորութունը, այնուամենայնիվ, անցած քառօրյայի ամենակարևոր խնդիրը, ըստ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի, Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն էր: Ցավում է, որ այդպես էլ բովանդակային քննարկում տեղի չունեցավ:
Նրա խոսքով՝ պատգամավորներից շատերն իրենց ելույթներում հիշել էին մեր թվարկությունից առաջ տեղի ունեցած դեպքերը՝ խուսափելով նախագծի բովանդակային քննարկումից: Ըստ պատգամավորի` վեց տարի է` Մարտի 1-ի գործը չի բացահայտվում, իսկ ծանր հանցագործությունները եթե չեն բացահայտվում տաք հետքերով` մեկից մինչև վեց ամսվա ընթացքում, ապա վեց տարի հետո դա արդեն մինուս հավանականություն է:
Պատգամավորը նաև հույս ունի, որ քաղաքական իշխանությունն իր մեջ համարձակություն կգտնի այդ գործը բացահայտելու, քանի որ նման ժառանգությամբ հնարավոր չէ առաջ շարժվել: Ըստ նրա` խնդիրները կուտակվում են, իսկ շղթաներով կապված ոտքերով հնարավոր չէ քայլել: Ըստ Ջհանգիրյանի` ցանկացած երկրում՝ լինի միապետություն, թե` հանրապետություն, սպանությունները պետք է բացահայտվեն, քանի որ արյան վրա շարունակել հնարավոր չէ:
Ջհանգիրյանը համարում է, որ հանձնաժողով ստեղծելը միայն գործի կեսն է: «Ես գիտեմ, որ իշխանության համար դա ցավոտ խնդիր էր, եթե ցավոտ չլիներ, հիմա վաղուց բացահայտել էին: Ժողովուրդը հանգիստ Ազատության հրապարկում իր գործով էր զբաղված: Ուրեմն ո՞վ է կատարել Մարտի 1-ը: Ընդդիմությունն էլ բողոքարկել էր ՍԴ-ին և սպասում էր նրա որոշմանը: Ուկրաինայի օրինակը պիտի բերեմ, թեև դա բացարձակ համեմատելու չէ Հայաստանի հետ: Եթե Յանուկովիչն իմանար, որ, ի վերջո, իր հետ էսպես են վարվելու, առաջին իսկ պահանջների ժամանակ կնստեր բանակցությունների սեղանի շուրջ և լուծումներ կգտներ: Ես չեմ ուզում նոր արյունահեղություն և նոր զոհեր»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մասնավոր զրույցներում ինքը զգում է, որ իշխանության ներկայացուցիչների մեջ էլ կա ցանկություն Մարտի 1-ը բացահայտելու, բայց ինչ-ինչ պատճառներով այդ քայլը չեն կատարում:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հայտարարությանը, թե գործը գտնվում է գլխավր զինդատախազի ուշադրության կենտրոնում, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ այդ հայտարարությանը փիլիսոփայորեն է վերաբերվում: