կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 13:08
Հասարակություն

Գրենք` նախագահը թագավոր է, ինչ ուզի, կանի, վերջ… Գագիկ Ջհանգիրյան

Գրենք` նախագահը թագավոր է, ինչ ուզի, կանի, վերջ… Գագիկ Ջհանգիրյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող` ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց նախագծի հիմնական՝ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառման հարցը:

 

Նա նշեց, որ, ըստ Սահմանադրության, միայն երեք դեպքում կարող է կիրառվել ԶՈՒ` երբ լինի զինված հարձակում երկրի վրա, հակառակորդի հարձակման անմիջական վտանգի  և պատերազմի դեպքում:

 

«Այս երեք դեպքերում միայն կարող է ընդունվել որոշում ԶՈՒ գործադրման մասին: Բայց սա բավարար չէ, այդ երեք դեպքերում Սահմանադրությունը ենթադրում է մի պայման ևս՝ դա ռազմական դրություն հայտարարելն է, քանի չի հայտարարվում ռազմական դրություն, չես կարող ԶՈՒ կիրառման մասին որոշում ընդունել: Սա այնքան հստակ է գրված, որ ինչքան էլ կամայական մեկնաբանենք ԶՈՒ կիրառման հնարավորությունը, դա մեզ որևէ բան չի տա»,- հայտարարեց գլխավոր զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը:

 

Ջհանգիրյանի համոզմամբ` եթե այս փոփոխությունները չլինեն, ապա «նախագահն ինչ ուզենա, կանի», «ԶՈՒ կկիրառի»: «Լրատվամիջոց կփակի»,- հուշեց նիստին ներկա` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

«Այո, իհարկե, ունեցել ենք նման դեպք: Դեռ Դուք դրսում էիք, մենք էլ հայտնի տեղում էինք»,- նշեց Ջհանգիրյանը:

 

«Սիրելի' իրավաբաններ և ոչ իրավաբաններ, եթե նախագահը մի կետով ունի լիազորություն, որ ինչ ուզենա, կարող է անել, ուրեմն գրենք՝ նախագահը թագավոր է, ինչ ուզի, կանի, վերջ… Սա է նախագածի մեխը, որ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառել չի կարելի»,- ասաց նա:

 

Ջհանգիրյանը նշեց, որ, անշուշտ, պետք է պետական ինստիտուտների անվտանգության մասին մտածել, բայց` ոչ բանակի ռեսուրսների շնորհիվ: «Սա հնարավորություն է, որպեսզի գոնե մեկ կարևոր խնդիր մենք շտկենք»,- ասաց նա:

 

Նախագծի հարակից զեկուցող` պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ցանկացած օրենքի հակասահմանադրական լինելու փաստը վիճարկելու ու եզրահանգում անելու իրավունքը վերապահված է ՍԴ-ին, ուստի կոչ արեց դիմել ՍԴ:

 

Գագիկ Ջհանգիրյանն էլ արձագանքեց` ասելով, որ մեր երկրում չկա դատաիրավական համակարգ. «Փառք Աստծո, ՍԴ-ի տեղը գիտենք, բայց լավ հասկանում ենք, որ ընդհանրապես դատական համակարգ չկա, ՍԴ գոյություն չունի…Քվեարկեք ոնց ուզում եք, բայց իրավաբանորեն մի' հիմնավորեք»:

 

Նշենք, որ ՀԱԿ-ի կողմից ներկայացրած այս նախագիծը քվեարկությամբ չընդունվեց և չընդգրկվեց առաջիկա քառօրյայի օրակարգում: