կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 17:47
Քաղաքական

Ոչ թե հովհարային անջատումների, այլ ՀԷՑ-ի` լիցենզիայից հրաժարվելու մասին մտածեք. Գագիկ Ջհանգիրյան

Ոչ թե հովհարային անջատումների, այլ ՀԷՑ-ի` լիցենզիայից հրաժարվելու մասին մտածեք. Գագիկ Ջհանգիրյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով` ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի կոպիտ պահվածքը խոր արմատներ ունի և գալիս է դեռևս 2013 թվականից:

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց. «Ես ասել եմ, որ նրանց այդ իրավունքը տվել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ի` ածխաջրածինների վաճառքի, գնման մասին գազային պայմանագրերի կնքումը, որով մենք այդ ռուսական կազմակերպություններին տվեցինք այնպիսի արտոնություններ, որ, իմ կարծիքով, չէր կարելի տալ որևէ մասնավոր կորպորացիայի` ուզում է ռուսական լինի, ումն ուզում է լինի»:

Ջհանգիրյանը նշեց, որ վերոնշյալ պայմանագրերում էլեկտրաէներգիայի վերաբերյալ դրույթ կար, որով Հայաստանը երաշխավորում էր էլեկտրաէներգիա արտադրող ռուսական բոլոր ձեռնարկությունների ծանրաբեռնվածությունը: «Այդպիսի պարտավորություններ էր վերցրել իր վրա Հայաստանը, և հիմա դրա արդյունքում է այս ամենը: Սրա արդյունքում է, որ նրանք այսպես կոպիտ են, կոշտացրել են իրենց դիրքորոշումը, համապատասխան հարգանք չեն դրսևորում»,- ասաց պատգամավորը:

Պատասխանելով դիտարկմանը, թե Բիբինի` Նազարյանին ուղղված նամակը, ըստ էության, սպառնալիք էր, որ կանխատեսվում են հովհարային անջատումներ, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես դետալների չեմ տիրապետում, բայց նամակում ամենավտանգավորն այն է, որ կարող են նույնիսկ քննարկել լիցենզիայից հրաժարվելու հարցը: Այ, դուք դրա մասին մտածեք, ոչ թե հովհարային անջատումների»: