կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 18:39
Տնտեսական

Որպեսզի գնողներին «հուշտ չանեն», առաջարկում են հետաձգել «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը

Որպեսզի գնողներին «հուշտ չանեն», առաջարկում են հետաձգել «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը

«Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է քաղաքական մարմնում, այն ունի ավելի շատ քաղաքական շահարկման նպատակ: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ասաց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի զեկույցից հետո, ըստ որի` ՀՅԴ խմբակցությունը առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու  համար «Նաիրիտ» գործարանի հետ կապված բոլոր խնդրահարույց  հարցերը:

 

Վարդան Այվազյանը նախ հարցրեց Արծվիկ Մինասյանին, թե արդյո՞ք ՀՅԴ խմբակցությունը դիմել է  իրավապահ մարմիններին «Նաիրիտ»-ի հետ կապված փաստերով: «Դիմե՞լ եք, արդյոք, իրավապահ մարմիններին` ԱԱԾ-ին, դատախազությանը, որովհետև սա դժվար գործընթաց է, իսկ «Նաիրիտ»-ի վերագործարկման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են գնում, հիմա էլ ռուսական կողմն է բանակցում այն վերագործարկելու ուղղությամբ»,- ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ նման հարց բարձրացնելը կխանգարի այդ բանակցություններին, որովհետև «Նաիրիտ»-ի հետ կապված մութ խնդիրները կարող են հետ պահել ցանկացած գնորդի:

 

«Ով մեղավոր ա, եկեք մեղավորին պատժենք, բայց եկեք տարբերակենք` ուզո՞ւմ ենք «Նաիրիտ»-ը աշխատի, թե՞ ոչ: Առաջարկում եմ հետաձգել այս առաջարկությունը,  քանի դեռ ընթանում են բանակցային գործընթացներ` «Նաիրիտ»-ի հետ կապված»,- ասաց Վարդան Այվազյանը:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դաշնակցության խմբակցությունը դիմել է կառավարությանը այդ հարցով` հետազոտելով  մամուլի հրապարակումների հիման վրա իրավական գործընթաց սկսելու բոլոր հնարավորությունները, բայց իրենց առաջարկները տարբեր պատճառաբանություններով մերժվել են կառավարության կողմից, ահա` ինչու առավել նպատակահարմար են գտել  ստեղծել ժամանակավոր հանձնաժողով քաղաքական մարմնում,  բայց խնդրին տալ իրավական գնահատական: Սակայն խմբակցությունը չի դիմել իրավապահ մարմիններին և հիմա առաջարկում է Ազգային ժողովին հնարավորություն տալ հստակեցնելու այդ խնդիրները:

 

Լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած բարձրացված հարցի տալիս է մի շաբլոն պատասխան` կարող է քաղաքական շահարկում առաջանալ: «Մենք չենք կարծում, որ «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելը քաղաքական շահարկում է, ավելին` մենք գտնում ենք, որ հանձնաժողովի ստեղծումով  կկարողանանք թե' «Նաիրիտ»-ի ապագայի, թե' ստեղծված բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխանը տալ: Մենք գրավոր առաջարկություն կներկայացնենք ԱԺ նախագահին, որ հարցն ընդգրկվի առաջիկա քառօրյայում` արտահերթ քննարկման»,- ասաց Արծվիկ Մինասյանը: