Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը բազմիցս անդրադարձել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում տիրող իրավիճակին, որի թիվ մեկ մեղավորը «Մեգո- Գոլդ» ՍՊԸ-ի տնօրինությունն է:
Մինչ բնապահպանները «Մեգո-Գոլդ» ընկերությունից պահանջում են ներկայացնել Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ամբողջական նախագիծը, նույն ընկերությունը գյուղապետ Հակոբ Մկրտչյանի հետ «դավեր» է նյութում, որպեսզի օր առաջ կառուցվի հանքավայրի մոտ գործող կոմբինատի երրորդ` նոր պոչամբարը:
Նախօրեին Մելիքգյուղում էինք գյուղացիների հրավերով: Նրանք պնդում են. «Հերիք չէր` էսքան տարի մեզ «Մեգո-Գոլդ»-ն էր խաբում, հիմա էլ դրանց է միացել գյուղապետը»:
Ապարան քաղաքի մուտքի մոտ նկատեցինք «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանի մեքենան, իսկ գյուղապետ Մկրտչյանի մեքենային հանդիպեցինք դեպի Մելիքգյուղ ճանապարհվելիս` շտապում էր հանդիպել իր հյուրին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` նրանք «Ապարան» ռեստորանային համալիրում պետք էին հանդիպեին, խաշ ուտեին ու քննարկեին իրենց հետագա քայլերը: Մելիքգյուղում, սակայն, գյուղապետի կողմնակիցները պնդում էին, որ Մկրտչյանը գնացել է մարզպետարան (շաբաթ՝ ոչ աշխատանքային օրով): Իսկ երբ գյուղացիները իրենց բողոքի ձայն բարձրացրեցին եւ սկսեցին ստորագրություններ հավաքել, որպեսզի իրենց պահանջը ներկայացնեն համապատասխան մարմիններին, գյուղապետն անմիջապես գյուղ վերադարձավ ու անցավ իր պաշտպանությանը:
Արդեն նշել ենք, որ դեռեւս 2013-ի հունիսի 26-ին գյուղապետը հրավիրել էր արտահերթ նիստ, որին ներկա էր եղել «Մեգո-Գոլդ» ընկերության ղեկավարությունը, եւ ավագանու հետ համատեղ (գյուղապետի ղեկավարությամբ) հորինել էին Մելիքգյուղի ավագանու թիվ 6 «որոշումը»: Այդ «որոշման» համաձայն` կողմերն իբր եկել են փոխհամաձայնության, ու ընկերությանը հատկացվել է հողատարածք, որպեսզի այն կառուցի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի համար նախատեսվող 3-րդ պոչամբարը: Տեղեկատվությունը տարածվելուց օրեր անց գյուղապետ Մկրտչյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր. «Մենք մեր որոշումն ենք այս պահին վերանայում, որովհետև անծանոթ էինք այդ ծրագրին։ Սա ահավոր է, որովհետև մեծ վտանգ ենք սրանից սպասում։ Իսկ մենք անտեղյակ էինք»:
Սակայն, երբ հարց ուղղեցինք, թե՞, ի վերջո, չեղյա՞լ է համարել իր կողմից ստորագրված` ավագանու որոշումը, գյուղապետը պատասխանեց. «Ո՛չ: Մենք նախագիծ ենք կազմել, որ հասարակական լսումներ անցկացվեն գյուղում: Սպասեք, հեսա «Մեգո-Գոլդի» տնօրինությունը գալիս է: Ես եմ հրավիրել, որ գան էստեղ, լսումներ կազմակերպենք եւ ձեր հարցերին պատասխանենք»:
Գյուղապետի 20 րոպեանոց ինքնապաշտպանական ելույթից հետո գյուղ ժամանեցին «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Աշոտ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց այցը մելիքգյուղցիների զայրույթն առաջացրեց:
Գյուղացիները նաև բողոքում էին, որ անտեղյակ են, թե ինչպես է գյուղապետը գյուղի բյուջեն տնօրինում: Ո՞ւր է, ըստ պաշտոնական տեղեկատվության, «Մեգո-Գոլդ»-ի կողմից 2012-ին վճարված 14 մլն դրամը: Մարդիկ հաստատակամ են` պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը ու գյուղապետից պահանջել բյուջեի հաշվետվություն: Կարծում ենք` այսպիսով կբացահայտվի նաև գյուղապետի առեղծվածային վարքագիծը:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Մելիքգյուղ- Երեւան
Մանրամասները՝ տեսանյութում