կարևոր
5065 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-14 12:05
Քաղաքական

Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը․ Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը (Մաս 2)

Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը․ Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը (Մաս 2)

Գևորգ Ղուկասյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու

Հորիզոնում հրապարակված սույն հոդվածի առաջին մասով անդրադարձել էինք վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմնավորումներին, ինչպես նաև մի շարք պետությունների դիրքորոշմանը՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Սույն հոդվածում կանդրադառնանք արցախահայության վերադարձի իրավունքի շուրջ միջազգային մի շարք կազմակերպությունների դիրքորոշումներին։

Արդարադատության միջազգային դատարան

Կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Որոշման գործառնական մասով Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «(ա) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն»:

Պետությունների հավաքական հայտարարություններ

2023 թ․ հոկտեմբերի 5-ին, Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո (Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ) ընդունված հայտարարության մեջ նույնպես հղում կա վերադարձի իրավունքին․ «Փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»։

2023 թ․ հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ֆրանսիայի ներկայացրած համատեղ հայտարարությանն են միացել Հայաստանը, ԱՄՆ-ն, Անդորրան, Արգենտինան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Խրվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիա, Ճափոնիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մարշալյան կղզիները, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Ուրուգվայը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս պահին մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղի այն հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնացել են, և անհապաղ պայմաններ ստեղծել տուն գնալ ցանկացողների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար» :

Միավորված ազգերի կազմակերպություն

ՄԱԿ-ի տարբեր մարմիններ նույնպես անդրադարձել են արցախահա¬յության վերադարձի իրավունքին առնչվող խնդրին։ Այսպես, 2023 թ․ հոկտեմբերին ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն ասել է․ «Կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու տարածքում մնացած էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու մարդու իրավունքները, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են, ներառյալ վերադարձի իրավունքը, որը պետք է առաջնահերթություն լինի»։ Մինչ այդ, սեպտեմբերի վերջին նման հայտարարություններ են արել ներկայումս ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլքեր Թուրքը , և նույն խորհրդի հատուկ զեկուցող Մորիս Թիդբաս-Բինցը ։

Եվրոպական Միություն
Եվրոպական խորհրդարան

Անցնող երեք տարիների ընթացքում, Եվրոպական խորհրդարանը շուրջ մեկ տասնյակի հասնող տարբեր բնույթի բանաձևերի ընդունմամբ անդրադարձել է արցախցիների վերադարձի իրավունքին։

Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից 2021 թ․ մայիսի 20-ին ընդունված «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության հետևանքով ռազմագերիների մասին» բանաձևով, 2023թ․ հունվարի 18-ին ընդունված 2022թ․ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության տարեկան զեկույցով , 2023թ․ մարտի 15-ին ընդունված ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ  և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ  առանձին զեկույցներով Եվրոպական խորհրդարանը հստակ պահանջել է արցախահայության վերադարձի իրավունքի գործնական իրացում՝ միջազգային երաշխիքների կիրառմամբ։

Արցախի հայաթափումից հետո, 2023 թ․ հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների վերաբերյալ» բանաձևը։ Խորհրդարանը 2024 թ․ փետրվարի 28-ի լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության  վերաբերյալ տարեկան զեկույցները, որտեղ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ամուր երաշխիքներ տալ նրանց իրավունքների պաշտպանության հարցում։

2024թ․ մարտի 13-ին ընդունված «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին»  բանաձևում նույնպես խոսվում է վերադարձի իրավունքի մասին։

ԵՄ հանձնաժողով և խորհուրդ

Ինչ վերաբեում է Եվրոպական միության իշխանության գործադիր թևին, ապա վերջինս, բազմիցս անդրադարձներ է կատարել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին։

2023թ․ սեպտեմբերի 22-ին արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված իր խոսքում վերադարձի իրավունքի վերաբերյալ նշել է․ «Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության լիարժեք հարգանքը... ներգրավվել Ղարաբաղի հայերի հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը» :

Արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն 2023 թ․ նոյեմբերի 17-ին հայտարարել է․ «Մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող վերաբնակեցվել կամ բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն։ Մենք պետք է դիվանագիտական և քաղաքական միջոցներ օգտագործենք միջազգային հարթակներում և միջազգային գործընկերների հետ համագոր¬ծակցության միջոցով, որպեսզի համոզվենք, որ կան բավարար երաշխիքներ, որպեսզի մարդիկ, եթե այդպես որոշեն, կարողանան վերադառնալ իրենց տները»։

Այս հայտարարությունից երկու օր անց, նոյեմբերի 19-ին Հարավային Կովկասում և Վրաստանի  ճգնաժամի հարցով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարն է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների՝ իրենց տները անվտանգ վերադառնալու առանցքային անհրաժեշտությունը: Նա պնդել է, որ ԵՄ-ն քաջալերում է, որ տեղահանվածները ապահով և անվտանգ վերադառնան, եթե նրանք ցանկանան, և որ պետք է պայմաններ ստեղծվեն նրանց վերադարձը հեշտացնելու համար : 
2023թ․ սեպտեմբերի 29-ին, արցախահայերի վերադարձի իրավունքի արձանագրմամբ, հայտարարություն է արել նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը։

Վերը նշված 2023 թ․ հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ֆրանսիայի ներկայացրած համատեղ հայտարարությունն ստորագրած քառասուն պետություններից քսաներեքը Եվրոպական Միության, հետևաբար նաև ԵՄ խորհուրդի անդամ են։ Հիշյալ հայտարարությունը չեն ստորագրել միայն Հունգարիան, Իտալիան և Ռումինիան։

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023թ․ դեկտեմբերի 12-ին կրկին անդրադարձել է վերադարձի իրավունքին՝ նշելով «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ տեղահանվածների վերադարձի իրավունքը, և թույլ տալ միջազգային մշտական մշտադիտարկում տեղում ՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելության այցելությունների»։

2024թ. մարտի 4-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԵՄ ներկայացուցիչը, ի թիվս այլնի, հայտարարել է․ «ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների ստեղծումը, մասնավորապես՝ իրենց տներում արժանապատվ, առանց ահաբեկման կամ խտրականության նրանց ապրելու իրավունքը»։ 

ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և միջազգային այլ առաքելություններում հավատարմագրված Եվրոպական միության առաքելությունը 2024 թ․ իր առաջնահերթությունների ցանկում 18-րդ կետով նշել է նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը․ «ԵՄ-ն կընդգծի Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը, ինչպես նաև պայմանների ստեղծումը փախստականների և տեղահանվածների Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, մասնավորապես՝ իրենց տներում նրանց արժանապատիվ, առանց ահաբեկման կամ խտրականության ապրելու իրավունքը»։

Եվրոպայի խորհուրդ և ԵԽ խորհրդարանական վեհաժողով

Եվրոպայի խորհուրդը և դրա տարբեր կառույցներ մի շարք առիթներով բարձրաձայնել են արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտության մասին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վերաբերյալ 2023թ․ հոկտեմբերի 12-ին որդեգրել է թիվ 2260 (2023) հանձնարարականը, որում արձանագրված է վերադարձի իրավունքի իրացման կարևորությունը։ Նույն նիստին, ԵԽԽՎ-ն որդեգրել է նույն խորագրով իր թիվ 2517 (2023) բանաձեւը, որտեղ հինգ անգամ նշվում են արցախցիների վերադարձը իրականացնելու համար Ադրբեջանի պարտավորությունները։

Նաեւ հիշատակման են արժանի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միտովիչի 2024 թ․ հունվարի 12-ի դիտակումները։ 

Միջազգային եւ այլ կազմակերպություններ

Միջազգային ամենատարբեր բնույթ ունեցող կազմակերպություններ նույնպես անդրադարձել են Արցախի հայության վերադարձի իրավունքին։ Մասնավորապես, այդպիսի կազմակերպություններից են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը , Սոցիալիստական ինտերնացիոնալը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպությունը , “Human Rights Watch”-ը, Միջազգային ճգնաժամային խումբը, Հանրային միջազգային իրավունքի եւ քաղաքականության խումբը  և այլն։
 

1. https://icj-cij.org/sites/default/files/case-related/180/180-20231117-ord-01-00-en.pdf 
2. ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ - mfa.am
3. Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության վարչապետ (primeminister.am)
4. HRC54 – Joint Statement Situation in Nagorno-Karabakh - Embassy of Armenia to Switzerland and Permanent Mission of Armenia to the UN office at Geneva (mfa.am) 
5. UN says ethnic Armenians’ right of return to Nagorno-Karabakh must be prioritized (arabnews.com)
6. Azerbaijan / Armenia - Comment by UN Human Rights Chief Volker Türk | OHCHR, Azerbaijan must respect and protect the lives of ethnic Armenians in Nagorno-Karabakh: UN expert | OHCHR
7. Karabakh: Azerbaijan must ‘guarantee the rights of ethnic Armenians’ | UN News
8. Texts adopted - Prisoners of war in the aftermath of the most recent conflict between Armenia and Azerbaijan - Thursday, 20 May 2021 (europa.eu)
9. European Parliament resolution of 18 January 2023 on the implementation of the common foreign and security policy — annual report 2022 (2022/2048(INI)) (europa.eu)
10. Texts adopted - EU-Armenia relations - Wednesday, 15 March 2023 (europa.eu)
11. Texts adopted - EU-Azerbaijan relations - Wednesday, 15 March 2023 (europa.eu)
12. Texts adopted - Situation in Nagorno-Karabakh after Azerbaijan’s attack and the continuing threats against Armenia - Thursday, 5 October 2023 (europa.eu)1Texts adopted - Implementation of the common foreign and security policy – annual report 2023 - Wednesday, 28 February 2024 (europa.eu)
13. Texts adopted - Implementation of the common foreign and security policy – annual report 2023 - Wednesday, 28 February 2024 (europa.eu)
14. Texts adopted - Implementation of the common security and defence policy – annual report 2023 - Wednesday, 28 February 2024 (europa.eu)
15. JOINT MOTION FOR A RESOLUTION on closer ties between the EU and Armenia and the need for a peace agreement between Azerbaijan and Armenia | RC-B9-0163/2024 | European Parliament (europa.eu)
16. Azerbaijan: Address by the High Representative Josep Borrell to UN Security Council on Nagorno-Karabakh | EEAS (europa.eu)
17. EU ‘demanding very clearly that people of Nagorno Karabakh need to have guarantees for safe return' – Exclusive | ARMENPRESS Armenian News Agency

18․ EU Special Representative Toivo Klaar Advocates for Safe Return of… (bnnbreaking.com)
19․ Azerbaijan: Statement by the Spokesperson on the displacement of people from Nagorno-Karabakh | EEAS (europa.eu)
20․ E-9-2023-002830-ASW_EN.pdf (europa.eu) 
21․ HRC55 - Item 2 - General debate on the oral update by the High Commissioner - EU Statement | EEAS (europa.eu)
22․ Council Conclusions on EU Priorities in UN Human Rights Fora in 2024 | EEAS (europa.eu)
23․ https://pace.coe.int/en/files/33146/html 

24․ https://pace.coe.int/en/files/33145/html 
25․ https://www.coe.int/en/web/commissioner/-/armenia-and-azerbaijan-effective-human-rights-protection-of-all-persons-affected-by-the-conflict-over-the-karabakh-region-is-key-to-the-success-of-the-peace-process
26․ WCC calls for international response to the needs of Nagorno-Karabakh refugees | World Council of Churches (oikoumene.org)
27․ Council of Socialist International adopts resolution on Artsakh (armenianweekly.com)
28․ CSI: Armenians’ right of return to Nagorno Karabakh must be secured (csi-int.org)
29․ Guarantee Right to Return to Nagorno Karabakh | Human Rights Watch (hrw.org), Guarantee Right to Return to Nagorno Karabakh - Azerbaijan | ReliefWeb
30․ Responding to the Humanitarian Catastrophe in Nagorno-Karabakh | Crisis Group
31․ https://static1.squarespace.com/static/5900b58e1b631bffa367167e/t/653fca8a87273e298f8cd04f/1698679435138/PILPG+-+Nagorno+Karabakh+-+Right+of+Return+-+Oct2023.pdf