կարևոր
5863 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 18:20
Քաղաքական

Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը․ Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը. Գևորգ Ղուկասյան

Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը․ Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը. Գևորգ Ղուկասյան

Գևորգ Ղուկասյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու

 

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու 2020թ․ պատերազմից, և հատկապես 2023թ․ Արցախի հայաթափումից հետո միջազգային և հայկական տարբեր շրջանակների կողմից հաճախ սկսվեց օգտագործվել «վերադարձի իրավունք» ձևակերպումը։ Միջազգային գործուն մեխանիզմների կիրառման պայմաններում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը դարձել է նաև ՀՅԴ Հայ դատի առանցքային հանձնախմբերի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Սույն հոդվածում ներկայացվում են որոշ դրույթներ վերադարձի իրավունքի (Right to Return)՝ միջազգային տարբեր փաստաթղթերով սահմանված իրավաքաղաքական հենքի, մի քանի պետությունների, ինչպես նաև Եվրո¬պական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության կողմից այդ իրավունքի հիշատակմամբ ընդունված հայտարարությունների և բանաձևերի վերաբերյալ, որոնք վերաբերում են արցախահայությանը։

Վերադարձի իրավունքի համար իրավաքաղաքական հենք են հանդի¬սանում 1948 թ․ դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (The Universal Decleration of Human Rights), 1966թ․ դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (The International Covenant on Civil and Political Rights / ICCP), մասամբ` Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան (Conven¬tion Relating to the Status of Refugees), ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի՝ 1948թ․ թիվ 194 բանաձևը (United Nations General Assembly Resolution 194 (III) of 11 December 1948), ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի վերաբերյալ ՄԱԿ մարդու իրավունքների հանձնախմբի  մեկնաբանությունները (The Human Rights Committee General Comment on Article 12 of the International Covenant on Civil and Political Rights. November 1999)։ Նախ նկատենք, որ վերադարձի իրավունքն ըստ էության ազատ տեղաշարժի իրավունքին առնչակից իրավունք է՝ միջազգային հստակ պաշտպանությամբ։

Օրինակ “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպությունը վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությամբ1 հանդես է եկել Գվատեմալայի, Էլ Սալվադորի, Հոնդուրասի, Մալավիի, Բիրմայի, Մավրի¬տանիայի սահմանային ճշգրտումների ժամանակ և Բոսնիայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Արևելյան Թիմորի, Եթովպիայի/Էրիթրեայի հակամարտությունների ժամանակ: Վերադարձի իրավունքի իրացումը շարունակապես կարևորվում է նաև Մերձավոր Արևելքի հակամարտությունների, հատկապես իսրայելապաղեստինյան նախկին ու հընթացս հակամարտության պայմաններում։
Իր հերթին միջազգային հանրությունը կոնվենցիոնալ պարտավորություններ ունի ապահովելու և երաշխավորելու վերադարձի իրավունքի իրացումը՝ այդ թվում միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ։

Ստեղծված իրավիճակում մեր խնդիրն է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ փորձագիտական մակարդակներում վերադարձի իրավունքի իրացման միջազգային խոսույթում արմատավորել արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության խնդիրը։
Վերադառնալով խնդրի իրավաքաղաքական հենքին։ Մարդու իրավունք¬ների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը»։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը սահմանում է․
1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու իրավունք և բնակության վայր ընտրելու ազատություն։
2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:
3. Վերը նշված իրավունքները չեն կարող ենթարկվել որևէ սահմանափակման, բացի օրենքով նախատեսված այն սահմանափակումներից, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, և համատեղելի են սույն Դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ։
4. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

Այստեղ կարևոր է անդրադառնալ սույն հոդվածի վերաբերյալ ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեի մեկնաբանություններին, որոնք հանգում են 12-րդ հոդվածի 4-րդ ենթահոդվածի կիրառման գրեթե բացարձակ բնույթին և դրա կաշկանդված չլինելուն նույն հոդվածի առաջին ենթահոդվածներով։
“Human Rights Watch”-ը ուշագրավ դիտարկման է արժանացրել  1955 թ. «Նոթեբոնի գործը» (Լիխտենշտեյնն ընդդեմ Գվատեմալայի), որտեղ տեղ գտած իրավական վերլուծությունները, որպես նախադեպային որոշման տարրեր, կարող են հետաքրքիր լինել խնդրո առարկա հարցի լուսաբանման համատեքստում։ Մասնավորապես, ի թիվս այլնի, Արդարադատության միջազգային դատարանն այս գործով նկատել է, որ «արդյունավետ կապը» թույլ է տալիս իրենց երկրից դուրս գտնվողներին վերադառնալ, նույնիսկ եթե նրանք ծնվել են այլ վայրում և առաջին անգամ են մտնելու {հայրենի երկիր}, քանի դեռ նրանք պահպանել են «իսկական և արդյունավետ կապ» {հայրենի} երկրի հետ:

Իրական և արդյունավետ կապը, որը հիմք է հանդիսանում վերադարձի իրավունքի համար, կարող է ժամանակի ընթացքում անհետանալ: Այնուամենայնիվ, դա չի տարածվում բռնի տեղահանվածների վրա: «Իրավունքի անհետացման որոշում» չի կարող է կայացվել այն անձանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել օգտագործելու վերադարձի իրավունքը: Փախստականների՝ կամովին կամ հարկադիր հեռացման փաստը, չի ազդում վերադարձի իրավունքի վրա: Փախստականի կարգավիճակի առկայությունն էլ, բնականաբար, վերադարձի իրավունքի իրացման սահմանափակում հանդիսանալ չի կարող։

Մարդու իրավունքների միջազգային կարգավորումները, ինչպես նաև փախստականների իրավունքների միջազգային կարգավորումները «համատեղ» ամրապնդում են վերադարձի իրավունքը: Փախստականների մասին միջազգային իրավունքը հաստատում է վերադառնալու իրավունքը՝ շեշտը դնելով կամավոր հայրենադարձության վրա՝ որպես փախստականների խնդրի նախընտրելի կայուն լուծում: Դրա հիմքը կարելի է գտնել Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ․ կոնվենցիայում (այսուհետ՝ կոնվենցիա) և դրա 1967 թ․ արձանագրությունում: 
Հետաքրքիր է նկատել, որ վերադարձի իրավունքը կանոնակարգող միջազգային ակտերը կարծես թե նպատակադրված ավելի շատ շեշտում են «երկիր», «սեփական երկիր» հասկացությունները քան «պետություն» եզրույթը։
Արցախցիների վերադարձի իրավունքի խնդրի միջազգային արձագանքները

Ինչպես 2020 թ․ պատերազմից, այնպես էլ 2023 թ. Արցախի հայաթափումից հետո, միջազգային խոսույթում արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ տեղի են ունեցել բազմաթիվ հիշատակություններ, որոնք կարևոր են այս իրավունքի իրացման վերաբերյալ աշխատանքները զարգացնելու, այն միջազգային հարաբերություններում քննարկման առարկա դարձնելու տեսանկյունից։ Ստորև անդրադառնանք այդպիսի հիշատակումներին՝ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների օրինակներով։ 

Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունները կարելի է դասակարգել ըստ պետությունների, միջազգային կառույցների, դատական մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, էկումենիկ կազմակերպությունների և պետությունների հավաքական հայտարարությունների։

Պետություններ

Ֆրանսիա

Ֆրանսիայի Սենատի կողմից արցախցիների վերադարձի իրավունքը կարևորվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ»2  և 2024թ․ հունվարի 17-ին ընդունված մի բանաձևով, որի վերտառությունը հետևյալն է. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը և ագրեսիան դատապարտելու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը կանխելու մասին բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և երաշխավորել հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքը»3։

Իր հերթին արտգործնախարար Կատրին Կոլոնան 2023թ․ հոկտեմբերի 4-ին հայտարարել է․ «Այս հարձակումից հետո մոտ 100․000 մարդ փախել է Լեռնային Ղարաբաղից՝ հասնելու Հայաստան՝ Ռուսաստանի մեղսակցության և Թուրքիայի աչալուրջ աչքի ներքո։ Այս բնակչությունը իրավունք ունի վերադառնալու իրենց հողը, եթե դա նրանց ցանկությունն է։ Թեման ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»4:

Բելգիայի Թագավորություն

Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը 2020 թ․ դեկտեմբերի 17-ին ընդունել է բանաձև5, որտեղ ի թիվս այլնի անդրադարձել է վերադարձի իրավունքին։ 2023 թ․ հոկտեմբերի 4-ին Բելգիայի Ֆլամանական խորհրդարանն է բանաձև ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին, իսկ Ադրբեջանին կոչ է արել թույլ տալ էթնիկ հայ բնակչությանը անվտանգ վերադառնալ և ապրել Լեռնային Ղարաբաղում՝ միջազգային հսկողության ներքո6։

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության խորհրդարանի զույգ պալատների առանձին անդամներ ելույթներով շեշտել են արցախցիների վերադարձի իրավունքը։ Արցախահայության վերադարձի իրավունքի կարևորմամբ 2024թ․ մարտի 19-ին Վեսթմինսթերյան պալատում տեղի է ունեցել քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին միջազգային աջակցություն»7  խորագրով։

Ի պատասխան ՄԹ Խորհրդարանի անդամ Էնդրյու Բրիջենի հարցման՝ խորհրդարանական փոխքարտուղար Լեո Դոչերտին  2024 թ․ մարտի վերջին հայտնել է8, որ ՄԹ կառավարությունը գտնում է, որ Ադրբեջանը պետք է պայմաններ ստեղծի սեպտեմբերյան ռազմական գործողության ընթացքում տեղահանված և վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի անվտանգ և ապահով վերադարձի համար: 2023 թ. նոյեմբերի 9-ին, ԵԱՀԿ-ում ՄԹ փոխդեսպան Դեյդր Բրաունն էլ էր նույնիմաստ հայտարարություն արել9։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերին 2023 թ․ մարտի 10-ին հատրարարել է. «Հայաստան մեկնած Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց տները, եթե դա ցանկանան, երբ դա անվտանգ լինի»10:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը 2023 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանում են դա անել, և դա իրավունք է, որը պետք է պահպանվի»11:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ալեքսանդր Սոկոլովսկին, 2023թ․ նոյեմբերի 15-ին նույնպես խոսել է արցախահայության վերադարձի իրավունքի մասին12:

Այդ իրավունքի մասին 2023թ․ նոյեմբերի 15-ին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ նշելով, «կայուն վերադարձ, եթե նրանք այդպես ընտրեն՝ երաշխավորված իրենց իրավունքներով և անվտանգությամբ»։ 
ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում նույնպես, ամիսներ շարունակ, տարբեր ձևաչափերով քննարկման առաջրկա է վերադարձի իրավունքի խնդիրը։

Կանադա

Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հարցում հստակ է նաև Կանադայի դիրքորոշումը։ Արտգործնախարար Ջոլին դրա մասին խոսել է Երևանում 2023 թ. հոկտեմբերի 25-ին, մասնավորապես նշելով․ «Կանա¬դան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարեխղճություն դրսևորել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անարգել մուտքի վերականգնմանը՝ էթնիկ հայերի անվտանգ վերադարձի համար»13։

Ռուսաստանի Դաշնություն

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունից արված հայտարարությունները տարբերվում են այլ երկրների նույնանման հայտարարություններից։ Ռուսական կողմը խոսում է ոչ թե «վերադարձի իրավունքի» մասին, որը միջազգային իրավունքի մաս է, այլ խոսում է «վերադարձի» մասին։ Ավելին, միայն ռուսական կողմն է ասում  (բացի ադրբեջանական կողմից), որ հայերն Արցախը լքել են կամավոր։

Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ 2024թ․ փետրվարի կեսերին ասել է․ «Լեռնային Ղարաբաղը ներկայումս ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք սրտի, Ղարաբաղի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ միաժամանակ ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը»14։ 

Վերադարձի հարցի մասին վերջերս խոսել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ հայտարարելով15, որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար և կարծիք հայտնել, որ ադրբեջանական կողմն այդ իրավունքը չի մերժում։

Շարունակելի։ Երկրորդ մասում կանդրադառնանք միջազգային կառույցների, դատական մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, Էկումենիկ կազմակերպությունների, և պետությունների հավաքական հայտարարություններին։
 

1. https://www.hrw.org/legacy/campaigns/israel/return/#
2. The need to recognize the Nagorno-Karabakh Republic (senat.fr)
3. Intégrité territoriale de la République d'Arménie (PPR) - La loi en construction - Sénat (senat.fr)
4. https://www.lcp.fr/actualites/armenie-sahel-catherine-colonna-fait-le-point-sur-les-dossiers-internationaux-devant-les , France initiates UNSC discussion on Nagorno-Karabakh for resolution ensuring return of forcibly displaced population | ARMENPRESS Armenian News Agency
5. Voorstel (lachambre.be)
6. Voorstel van resolutie 1832 (2023-2024) nr.1 | Vlaams Parlement
7. International support for Armenian refugees from Nagorno-Karabakհ, CDP-2024-0059.pdf (parliament.uk)
8. Azerbaijan must create the conditions for a safe and secure return of Armenians to Nagorno Karabakh, UK Minister says – Public Radio of Armenia (armradio.am)
9. https://www.gov.uk/government/speeches/latest-situation-in-nagorno-karabakh-uk-statement-to-the-osce
10. https://osce.usmission.gov/on-the-situation-in-nagorno-karabakh-3/
11. Department Press Briefing – November 14, 2023 - United States Department of State
12. The Future of Nagorno-Karabakh | November 15, 2023 | U.S. Agency for International Development (usaid.gov)
13. https://en.armradio.am/2023/10/25/possible-sanctions-against-azerbaijan-on-the-table-canadian-fm-says/
14. Russia ready to facilitate safe return of Armenians to Karabakh, top diplomat says - Panorama | Armenian news
15. Կոպիրկին․ ԼՂ հայերի վերադարձի հարցը կարևոր է ՌԴ համար - PanARMENIAN.Net