կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-09 12:44
Քաղաքական

Տերն ինքն է, տնօրենը` ուրիշը

Տերն ինքն է, տնօրենը` ուրիշը

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե իրեն պատկանող ձեռնարկությունն է պատասխանատու Սիսիանի միջպետական ճանապարհի անմխիթար վիճակի համար, քանի որ պատշաճ չի իրականացնում վերանորոգումը: Ըստ նրա` քանի որ պատերազմական օրերին, անմիջապես ձնհալից հետո, այդ ճանապարհը իրավամբ վատ վիճակում էր գտնվում, իրեն պատկանող կազմակերպությանը խնդրել են օգնել, աջակցել և ճանապարհը կարգի բերել:

«Շատ կարճ ժամանակում մեր կազմակերպության ուժերով Սիսիան-Գորիս հատվածը փոսալցրեցին, ինչը չէր էլ մտնում մեր կազմակերպության պարտականությունների մեջ, պարզապես մենք, կարևորելով այդ ռազմավարական ճանապարհը, իրականացրել ենք այդ աշխատանքը»,- ասաց Նաղդալյանը:

Նա հերքեց նաև պնդումները, թե միայն իրեն պատկանող այդ կազմակերպությունն է շահում պետական մրցույթները:

Իսկ թե օրինակա՞ն է, արդյոք, պատգամավորական աշխատանքի համատեղումը ճանապարհաշինարարական աշխատանքի հետ, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ես չեմ համատեղում, ես ճանապարհաշինարար չեմ: Եթե դուք տեղյակ եք երկրի օրենքներին, ապա յուրաքանչյուր պատգամավոր, ունենալով որևէ սեփականություն, ունենալով դրա իրավունքը, պարտավոր է հանձնել որևէ մեկի կառավարմանը: Այդ կազմակերպությունը ես հանձնել եմ կառավարման, այն ունի իր գործադիր մարմինն ու տնօրենը: Այնպես որ` օրենքի խախտում այդտեղ չկա»: