Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը չսկսված` ՀՀԿ-ականները կուլիսային խոսակցություններում, իսկ հետո արդեն հրապարակավ հայտարարում էին, որ Երեւանը չեն հանձնելու: Իսկ ավելի ծայրահեղականներ ասում են` երկիրը կտանք, Երեւանը չենք տա:
Ամենաթարմ օրինակը երեկ էր, երբ ՀՀԿ-ական Արման Սահակյանը Աջափնյակ համայնքի բնակիչների հետ Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, հանդիմանել էր. «Բնականաբար, Երեւանը չենք հանձնելու: Ինչո՞ւ, Դուք կասկածում ենք դրանում, մի' կասկածեք»: Արդեն այսօր Նուբարաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «պարզվեց», որը Երեւանը հանձնել-չհանձնելու մասին խոսակցությունների սկիզբը դրել են իշխող Հանրապետականի ընդդիմախոսները:
«Քաղաքական երկու ուժի լիդերներ ասում են` մենք գրավելու ենք Երեւանը: Այդ ո՞ւմից եք գրավելու, թուրքերի՞ց եք գրավում, թաթար-մոնղոլների՞ց եք գրավում: Միայն հայերն են Երեւանի տերն ու ծառան` ի դեմս ավագանու մեր խմբակցության»,- նուբարաշինցիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության 20 տարվա նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Աստղիկ Գեւորգյանը:
Նա նաեւ դժգոհեց, որ իրենց մեղադրում են ծաղիկ տնկելու եւ նստարան դնելու մեջ: «Աբսուրդ է, մեր մրցակիցներն ասում են` ո՞ւմ է պետք այսքան ծաղիկ, այսքան գեղեցիկ նստարաններ, ում են պետք բարեկարգված բակերը, մեզ են պետք»,- հայտարարեց նա եւ վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանի խոսքի եւ գործի միջեւ տարբերություն չկա:
Աստղիկ Գեւորգյանը հորդորեց «բարի հայացքով նայել Երեւանին, հավատալ ավագանու ՀՀԿ խմբակցության աշխատանքին»: Իսկ վերջում մի շատ սենսացիոն հայտարարություն արեց. «Մենք այնքան ենք լավացնելու Երեւանը, որ բոլոր կապված ճամպրուկները կքանդվեն, եւ բոլորը կմնան Երեւանում»: