Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հայրենակիցներ, մինչ ելույթս սկսելը ես կփորձեմ պատասխանել Արշակյանի այն մտքին, թե պատերազմը սկսվեց, որովհետև իր նշած գործընթացը տապալվեց:
Այո, պարոն Արշակյան, գործընթացը տապալվեց, բայց մոռացաք նշել, որ այն տապալվեց և պատերազմը սկսվեց ձեր իշխանության օրոք և մինչև ձեր իշխանության գալը մենք պատերազմական իրավիճակի առաջ կանգնած չէինք:
Հիմա ելույթս:
Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ մարտի 8-ից ապրիլի 7 միամսյակը և մեկ անգամ ևս նշում, որ մարտի 8-ը ոչ թե ծաղիկների ու նվերների օր է, այլ կանանց իրավունքների պաշտպանության օր:
Եվ ես հատուկ ուզում եմ դիմել արցախահայ կանանց՝ իրենց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Սիրելի արցախցի կանայք,
արդեն 100 օր է, որ շարունակվում է Արցախի Հանրապետության շրջափակումը, ինչը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի,
արդեն 100 օր է, որ 120 հազար արցախցիների, այդ թվում կանանց և երեխաների համար առաջացել են գոյաբանական լուրջ խնդիրներ:
Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։ Այս ամենը ավելորդ անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Սիրելի կանայք, ձեր իրավունքների շրջանակում դուք հիմա պայքարում եք հենց այդ՝ ինքնորոշման իրավունքի համար:
Այսօր նորից, հերթական անգամ, դուք համոզվեցիք, որ Հայաստանի օրվա իշխանությունները խուսափում են բարձրաձայնել նույնիսկ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, էլ ուր մնաց խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքից:
Ես դիմում եմ Հայաստանում և Արցախում գործող՝ կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին. Ձեր հնարավորությունների ու լիազորությույունների շրջանակներում բարձրաձայնե՛ք արցախահայ կանանց իրավունքների, այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքի խախտման մասին,
Պարտադրե՛ք Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի (Լաչինի) միջանցքին վերաբերող Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, դատապարտեք Ադրբեջանի ապօրինի քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տվե՛ք համարժեք գնահատականներ։
Սիրելի արցախահայ կանայք, զինվեք համբերությամբ, շարունակեք պայքարել հանուն սեփական անօտարելի իրավունքների։
Սիրելի ՀՀ քաղաքացի կանայք, եթե ուզում ենք, որ մեր երեխաները, մեր ընտանիքները ապրեն խաղաղ, անկախ ու կայացած երկրում, ապա անպայմանորեն պետք է ոտքի կանգնենք ի՛ պաշտպանություն արցախահայ կանանց իրավունքների, Հայաստանի իշխանություններից պետք է պահանջենք՝ տե՛ր կանգնելու սահմանադրությամբ, օրենքներով սահմանված Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությանը:
Սիրելի կանայք, ունե՞նք ինքնորոշված Արցախի Հանրապետություն, կունենանք և՛ խաղաղություն, և՛ ինքնիշխան, ուժեղ, ամուր Հայաստան:
Իսկ դա մենք կարող ենք ունենալ առա՛նց այսօրվա իշխանությունների և կունենա՛նք:
Ի գո՛րծ, սիրելի կանայք:
Արմենուհի Կյուրեղյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր