Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Լևոն Մարտիրոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արթուր Գևորգյանը:
Նրանք առաջարկել են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր, և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Հիշեցնենք նաև, որ կառավարության` հունվարի 9-ի նիստում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Գովազդի մասին» օրենքում ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների` փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու նախագիծ էր բերել` դնելու կառավարության հաստատմանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով առողջապահության նախարարության տեսակետը, նշեց, որ այդ օրենքը հետընթաց է առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գործում, ուստի գովազդի կիրառումը անթույլատրելի է:
«Ինչպե՞ս կարող է սպորտի աշխարհը գովազդել առողջ ապրելակերպ, եթե դրանում ներառված է լինելու ծխախոտի ու ալկոհոլի գովազդը: Մենք որդեգրել ենք առողջ ապրելակերպի տարածման քաղաքականությունը: Մենք դեմ ենք այդ գովազդի կիրառմանը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առանց այդ գովազդի էլ Հայստանում ալկոհոլի ու ծխախոտի օգտագործումը բարձր մակարդակի վրա է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Արթուր Գևորգյանը նշեց, որ գովազդից ստացված եկամուտները կնպաստեն սպորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ մի շարք համաշխարհային սպորտային ֆեդերացիաներ հիմնված են հենց ծխախոտի ու ալկոհոլի գովազդի վրա` ռինգերում կամ ֆուտբոլային դաշտերում արտաքին գովազդը ծխախոտ է գովազդում և այլն: «Չեմ կարծում, թե «Ֆորմուլա-1» նայողն ավելի շատ ծխող կդառնա, քան, ասենք, մարզիկը, կամ ֆուտբոլ նայողը ավելի շատ ծխող կդառնա, քան ֆուտբոլիստը: Ես ինքս ո'չ խմում եմ, ո'չ ծխում եմ, թող չթվա, թե ես քարոզում եմ անառողջ ապրելակերպ: Բայց դա լավ օրից չի, պարզապես այդ գովազդը միջոց է՝ զարգացնելու սպորտը, որ կարողանանք մասնակցել խոշոր մրցաշարերի: Ոչ թե պետք է շրջանցենք օրենքը, այլ ունենանք կոնկրետ կետեր, թե երբ պետք է կիրառել գովազդը»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարության բացասական եզրակացությունը շատ հասկանալի է և տրամաբանական, սակայն անընդունելի է կառավարության որոշ ներկայացուցիչների բուռն քննադատությունը այդ օրենքի նախագծի վերաբերյալ, որովհետև, ըստ Արթուր Գևորգյանի, այդ անձինք միայն ոգևորված քննադատում են, փոխանակ գործով զբաղվեն, որովհետև ընդունվում են շատ լավ օրենքներ, բայց դրանք չեն վերահսկվում ու չեն գործում:
Ի դեպ, օրենքի նախագծի համահեղինակների առաջարկով քննարկումը հետաձգվեց: Yerkir.am-ի հարցին՝ արդյո՞ք հաշվարկված է ալկոհոլի ու ծխախոտի գովազդի վնասը, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ հետաձգել են օրենքի նախագծի քննարկումը, որպեսզի հաշվարկեն նաև վնասները, եւ եթե պարզվի, որ վնասն ավելի շատ է, քան օգուտը, օրենքի նախագիծը միանշանակ կհանվի:
Մեր հաջորդ հարցին՝ արդյո՞ք այդ գովազդներից ստացված գումարներն ուղղվելու միայն հեռուստաընկերությունների զարգացմանը, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Տվյալ պարագայում` այո: Բայց մենք ուզում ենք, որ սպորտային միջոցառումների վրա էլ ուղղվեն այդ եկամուտները: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք, որ հեռուստաընկերություններն անկախ լինեն ու որակյալ արտադրանք տան, բայց դա ևս, իր հերթին, կծնի առողջ հասարակություն»: