կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-01 13:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարները չպետք է զբաղվեն դավաճան Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելով․ դաշնակցականները մտել են ՀՀ կառավարության մասնաշենք

Դաշնակցական ակտիվիստները մտել են ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված են որոշ նախարարություններ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Դաշնակցականները իրազեկման ակցիա են իրականացնում, որպեսզի գործող իշխանությունները, իշխանական լծակներն օգտագործելով, չկարողանան պետական սեկտորի աշխատակիցներին բռնի տանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։

«Այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր փուլում է գտնվում, պետական աթոռները զավթած նախարարները չպետք է զբաղվեն դավաճան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելով։ Մենք չենք եկել շենքը գրավելու, եկել ենք ձեզ՝ բոլորիդ, տեղեկացնելու, որ զբաղվեք ձեր գործով, քանի որ նախարարները աշխատավարձեր են ստանում մեր հարկեից գոյացած գումարներով»,-ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

Ցուցարարները հայտարարեցին, որ այս իշխանություններն այլևս չեն ներկայացնում ՀՀ ազգային շահերը, և այս իշխանություններն իրավունք չունեն ներկայացնելու մեզ՝ որպես ժողովուրդ և պետություն։

«Ձեր նախարարները, ձեր կառավարության ղեկավարը՝ վարչապետը, կապ չունեն Հայաստանի և հայության հետ, նրանց միայն սատարում են Թուրքիան և Ադրբեջանը, ուրեմն, ձեզ կոչ ենք անում չտրվել նրանց ճնշումներին, սադրանքներին։ Ոչ մի սպառնալիք չի կարող խոչընդոտել ձեզ՝ կատարելու ձեր իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։  

Դաշնակցական երիտասարդները արձանագրեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու դավադիր իշխանությունները պետք է հեռանան, այն նախարարները, ովքեր իրենց աշխատակիցներին ուղղորդում են դավաճան իշխանությունների ցույցերին, պետք է հեռանան։

Մանրամասն՝ տեսանյութում․