կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 11:41
Քաղաքական

Ոսկիները կփակենք դագաղի մեջ ու կգնանք բողոքելու

Ոսկիները կփակենք դագաղի մեջ ու կգնանք բողոքելու

Այսօր Ոսկու շուկայի դիմաց գործադուլ են հայտարարել ոսկի վաճառողները: Ոսկու շուկայի մոտ երկու հարյուր աշխատակից, որոնց հիմնական մասը վաճառողներ են, բողոքում են կառավարության դեմ: Մասնավորապես` աշխատողների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարարությունից վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստուգումներ են իրականացրել և մեծ գումարներով տուգանել մի քանի աշխատողների:

 

Ոսկու շուկայի աշխատողները Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ կառավարությունն անիմաստ տուգանքներով խեղդում է, չի թողնում աշխատել: Խոսքը վերաբերում է հիմնականում ոսկե զարդերի վրա դրվող դրոշմին:  Վերջին մեկ շաբաթվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության վարչությունը խախտումներ է հայտնաբերել` այդ դրոշմների հետ կապված և տուգանել աշխատողներին:

 

«Մեկին տուգանել են մեկ միլիոն դրամ, մյուսին` երկու, երրորդին` երեք միլիոն դրամի չափով: Մի հատ քիչ թե շատ նորմալ աշխատատեղ էր, դա էլ են ուզում վերացնել: Ասում են կնիքը ծուռ է, կնիքի պատկերը լավ չի երևում, բայց մենք ի՞նչ անենք, մենք ի՞նչ մեղավոր ենք, որ մեզ են տուգանում»,- ասաց աշխատողներից մեկը:

 

Ոսկու շուկայի աշխատողները դեռևս չգիտեն, թե որքան ժամանակ են գործադուլ անելու, իրենք դժգոհ են այդ ստուգումներից ու վարչարարությունից: Հարցին` պատրաստվո՞ւմ են, արդյոք, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնել, նրանցից մեկը պատասխանեց. «Որ այսպես շարունակվի, կգնանք, ոսկեղենը կդնենք դագաղի մեջ ու կգնանք կառավարության շենքի մոտ»:

 

Մեկ այլ աշխատող էլ կարծիք հայտնեց. «Դե, Նոր տարի է գալիս, մարդիկ փող են հավաքում ժողովրդից»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Վաղարշ և որդիներ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Վաղարշ Աբրահամյանը նշեց, որ ինքն էլ հանկարծակի է եկել աշխատողների գործադուլից: Ըստ տնօրենի` օրենքի պահանջ է, որ վաճառվող զարդերը պետք է ունենան պիտակներ և դրոշմ:Նա նշեց, որ դրոշմում իրականացնում է լիցենզավորված կազմակերպությունը, դրոշմ դնող գործիքը կարծրացած մետաղ է, և հնարավոր է, մի փոքր էլ ծուռ խփեն, բայց կարևորը դրոշմը դրած է, իսկ ոսկին` որակյալ:

 

«Ես տեղյակ չեմ, թե ինչու է նախարարությունն այդպես նեղացած, վրդովված, ես չեմ հասկանում: Փոքր բաների համար գալիս կպչում են, դա ինչ անշնորհքություն է: Իրականում, եթե որակի հետ կապված խնդիր են տեսել, մեր կազմակերպությանը պետք է տուգանեն, ոչ թե վաճառողներին, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն»,- ասաց նա` հավելելով, որ ինքը դեմ չէ, որ ստուգումներ են իրականացնում, բայց վատ է, որ անիմաստ բաների համար տուգանում են ոսկի վաճառողներին:

 

Աբրահամյանը նշեց, որ նախարարության համապատասխան վարչության` ստուգումներ անցկացնող աշխատակիցները չեն էլ փորձել հանդիպել տնօրինության հետ: «Հիմա կնիքի մեջ մի փոքր էլ Սասունցի Դավթի ձիու ակնաջներից կամ պոչից կարող է լավ չի երևում, բայց եթե խախտում ենք արել, թող մեզ տուգանեն, ոչ թե մատանի վաճառողին, ով մանրադիտակով պետք է նայի՞, թե ինչ կնիք են խփել այդ զարդին»,- ասաց նա: