Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ռուս-թուրքական պայմանագիր հայկական հողերի հաշվին», «Մենք ոչ ենք ասում 1921թ. մարտի 16-ի պայմանագրին», «Ռուսաստանը պետք է տա 1921թ. մարտի 16-ի քաղաքական գնահատականը». այս եւ նմանատիպ պաստառներով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների անդամներն այսօր Ստեփան Շահումյանի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն:
«Սա խայտառակ պայմանագիր է` իրականացված միջազգային նորմերի ոտնահարմամբ, որովհետեւ չկա մի այլ նման դեպք, երբ երկու պետություն երրորդ պետության մասին պայմանագիր կնքեն, այն էլ այն դեպքում, երբ այդ պետություններն իրենք էլ ճանաչված չեն եղել,- նշեց պիկետի մասնակից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:- Սրա դեմ չընդվզել, կարծում եմ, սխալ է, եւ մենք էլ պետք է մեր տեսակետը հնչեցնենք: Սա հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների հարցն է, եւ եթե մենք սրա դեմ չենք ընդվզելու, ուրեմն անընդհատ դատապարտված ենք լինելու կրկնել նույն սխալները եւ այսպիսի կորուստներ ունենալ»:
Արմեն Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարությունը կարող էր պաշտոնական տեսակետ հայտնել առ այն, որ Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել եւ չի ճանաչելու, նաեւ հայտարարել, որ դրա հիման վրա կնքված, այնուհետեւ բոլշեւիկյան Հայաստանին պարտադրված Կարսի պայմանագիրն անվավեր է, սակայն չի արել:
Պատգամավորն առաջարկում է հայ-թուրքական արձանագրությունների տակից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը:
Բողոքի երթի մասնակիցները պահանջում էին. «Դատապարտելով 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը` պահանջել, որ ՌԴ-ն անվավեր ճանաչի այն»:
«Այս օրերին Ռուսաստանն ու Թուրքիան որոշեցին համատեղ ֆորում անցկացնել, որն անուղղակիորեն նվիրվում է այդ հանցավոր պայմանագրի կնքման 90-րդ տարեդարձին»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Ըստ նրա` այդ ֆորումն ուղղակի կամ անուղղակի կերպով երկու երկրների «բարեկամության» վերահաստատման խորհուրդ է պարունակում: Սա է, որ, ըստ պատգամավորի, մտահոգության եւ նման պիկետի առիթ է դարձել:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ կազմակերպել է նմանատիպ ակցիաներ, բայց քանի որ այս տարի Մոսկվայի պայմանագրի 90-րդ տարելիցն է, եւ Ռուսաստանը Թուրքիայի հետ որոշել է նշել այդ փաստը, ապա «մենք դա համարում ենք մեր ժողովրդի, մեր ազգի արժանապատվությանն ուղղված վիրավորանք»:
«Ժամանակն է, որ բոլորի ուշադրությունը հրավիրենք այն խնդրին, որ այս փաստաթուղթը Հայաստանի համար չի կարող որեւէ իրավական հիմք ունենալ, եւ մենք տեր ենք մեր ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի բոլոր իրավունքներին, եւ կգա մի օր, երբ կվերահաստատենք դա` արդեն փաստացի ունենալով ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան` որպես մեկ միասնական պետություն: Այս ակցիան ցույց է տալիս, որ հայ ժողովրդի մեջ դիմադրությունը չի մեռել` կան հայեր, կա ուժ, որը պայքարելու է իր ժողովրդի արժանապատվությունը պահելու համար»,- ասաց Ա. Մինասյանը:
Հետաքրքիր է, սակայն, որ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները, անտեսելով երիտասարդ դաշնակցականների կոչերը, այդպես էլ չիջան բողոքի նամակի հետեւից, ինչին ի պատասխան երիտասարդները պայմանագրի օրինակը ցուցադրաբար դրեցին դագաղի մեջ` նամակի հետ թողնելով դեսպանատան մուտքի առջեւ:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի