Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր ժողովուրդը պահանջում է ոչ միայն Ցեղասպանության դատապարտում, այլև հատուցում՝ մեր հողերի վերադարձ. ըստ Yerkir.am-ի ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ։
«Մենք իրավազրկված ժողովուրդ ենք, մեր պապենական հողերից արտաքսված ժողովուրդ ենք: Մենք չենք կարող Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան պատմության փոշիների տակ ծածկված պահել: Մենք պահանջատեր ենք»,-հայտարարեց նա:
Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, ասաց կաթողիկոսը, երբ ներկայիս Թուրքիան գրավված է պահում մեր հազարավոր վանքերը, եկեղեցիները, ազգապատկան կալվածքները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան մեր կալվածքների, շինությունների ինքնությունը փոխում է և ամեն տեսակ հայկական հետք զանազան ձեւերով փորձում է ջնջել:
«Ո՞ւր է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ո՞ւր է միջազգային կարծիքը, միջազգային դատարանները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան շարունակում է իր հակահայ եւ ուրացումի քաղաքականությունը: Մենք իրավունք չունենք լուռ մնալու»,-ասաց նա:
Պահանջատիրությունը, նրա խոսքով, մեր ժողովրդի համար լոզունգ չէ, դա ամենօրյա ապրում ու տագնապ է․ «Մենք Թուրքիայից ցավակցություն, երկխոսություն չենք պահանջում, այլ միայն արդարություն՝ միջազգային օրենքի համաձայն: Թուրքիան պետք է փոխհատուցի և սա միայն իմ կարծիքը չէ, այդպես է ասում միջազգային օրենքը»։
Արամ Ա կաթողիկոսը կոչ արեց հայ ժողովրդի բոլոր զավակներին՝ վերանորոգելու մեր պահանջատիրական կամքն ու հանձնառությունը:
Որքան էլ ժամանակը մեզ հեռացնում է 1915 թվականից, մեր ժողովրդի իրավունքների հետանդումը նոր նվաճումներ ու հաջողություններ է արձանագրում՝ նշեց նա։
Հայ դատը հայ ժողովրդի դատն է, հետեւաբար Հայ դատը մենք պետք է շարունակենք համահայկական մասշտաբով, մեր ժողովրդի արդար իրավունքները պետք է քաղաքական և իրավական հիմնավորումներով հետապնդել միջազգային շրջանակներում՝ հայտարարեց Արամ Առաջին կաթողիկոսը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի զավակները աշխարհին հիշեցնում են՝ անպատիժ մնացած ցեղասպանություն կա:
«Պետք է լինել իրապաշտ: Դժբախտաբար, այսօրվա աշխարհը իրավունքներից հեռու է: Այսօրվա աշխարհաքաղաքական պայմանները, այսօրվա քաղաքական դասավորումները հիմնված են ազգերի ու գերտերությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա: Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար, թղթի վրա է մնացել: Ազգերի իրավունքները, աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքում են գտնվում: Հետեւաբար, մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ: Մեր դատի այժմեականացումը, քաղաքական ու իրավական հիմքերով աշխարհի առջև պարզելը հրամայական է: Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին»,-ասաց Արամ Առաջինը:
Այստեղ, ըստ նրա, իրենց դերն ունեն թե՛ Հայաստան պետությունը, թե՛ Սփյուռքը՝ Հայաստանը որպես պետություն իր մարտավարական ու ռազմավարական մոտեցումներով և Սփյուռքն իրեն հատուկ մոտեցումներով:
Նա ընդգծեց, որ մեր դատը միջազգային իրավունքի շրջագծից ներս պետք է ներկայացնենք և ներկա աշխարհի քաղաքական, տնտեսական պայմանների լույսի տակ։
«1915-ին մարդ-կորոնավիրուսները, որոնք կոչվեցին թալեաթներ, էնվերներ, ուզեցին հայ ժողովրդին դագաղի մեջ դնել, բայց պատմությունը վկայում է, որ իրենք դագաղի մեջ դրվեցին»,-հայտարարեց Արամ Առաջինը:
Մանրամասն՝ տեսանյութում․