Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահայութունը ևս միացած է համայն հայությանը՝ բողոքելու Ադրբեջանի ոտնձգությունների ու ցեղասպանական գործողությունների դեմ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հունաստանի «Ազատ օր» հայկական թերթի գլխավոր խմբագիր Քերոբ Էքիզյանը։
«Այդ շարժումը նոր չէ, սա հենց առաջին օրերից եղավ, երբ Ադրբեջանը իրագործեց 44-օրյա պատերազմը, և հազիվ այդ պատերազմի բռնկումից երկու-երեք օր հետո հունահայությունը առաջինն էր, որ ցույց կազմակերպեց՝ բողոքելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ։ Դրանից հետո և ամեն առիթնեով, Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, հունահայությունը բազմիցս հրապարակային ցույցերով ու ելույթներով ոտքի կանգնեց, ցույց տվեց իր զորակցությունը Հայաստանին ու Արցախի ժողովրդին», — հիշեցրել է նա։
Քերոբ Էքիզյանի փոխանցմամբ՝ հունահայությունը նաև ցույցեր է կազմակերպել Հունաստանում Հայաստանի դեսպանատան առջև` ի զորակցություն Արցախի ու արցախահայության։
«Մենք նաև բողոքի զորակցության հավաք կազմակերպեցինք Աթենքի հայկական դեսպանության առջև, ոչ թե բողոքելու պետության դեմ, այլ զորակցելու Արցախի ժողովրդին։ Սփյուռքում մենք կնկատենք, որ ՀՀ բոլոր դեսպանությունները մեր Արցախի դիվանագիտական ներկայացուցչություններն են։ Մանավանդ, երիտասարդների ներկայությունը և ժողովրդի պատրաստակամությունը շատ կարևոր էր, որպեսզի զորավիգ լինենք մեր ժողովրդին։ Շատ ցցուն էր, զորավոր էր, այդպես էլ կշարունակենք», — ասել է հունահայ համայնքի ներկայացուցիչը։
Նա շեշտել է, որ բողոքի այս դրսևորումների հետ մեկտեղ, իրենք նաև հատուկ քաղաքական հանդիպումներ են ունենում։
«Անցյալ ապրիլին հունահայ պատվիրակությունը, որի մաս կկազմեր Հունահայոց թեմակալ առաջնորդը, կուսակցական, ազգային, միութենական և ամեն տեսակի միությունների ներկայացուցիչներ, հանդիպումներ ունեցան Հունաստանի Ազգային ժողովի նախագահի հետ։ Նրան հատուկ նամակ հանձնեցին, որի մեջ կոչ էինք անում Հունաստանի պետությանը և ԱԺ-ին, ինչպես նաև կառավարությանը, որպեսզի զորավիգ կանգնեն Արցախի ժողովրդին», — ասել է նա։
Էքիզյանը ընդգծել է՝ Հունաստանը Հայաստանի յուրահատուկ դաշնակիցն է ու յուրահատուկ կապեր կան այս երկու պետությունների միջև արդեն 30 տարուց ավելի է։