կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-01 11:01
Քաղաքական

Սա առաջին մեխն էր ինֆորմատիկայի դագաղի մեջ. առարկայի չափորոշիչների հեղինակը՝ նոր չափորոշիչների մասին

Սա առաջին մեխն էր ինֆորմատիկայի դագաղի մեջ. առարկայի չափորոշիչների հեղինակը՝ նոր չափորոշիչների մասին

Ինֆորմատիկա առարկայի 2008-ից մինչ այսօր գործող չափորոշիչների և ծրագրի հեղինակ Արսեն Դարբասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ծանոթացել եմ "Ինֆորմատիկա" առարկայի նոր չափորոշիչների հետ. Իդեպ առարկան նոր գեղեցիկ անուն ունի - "Թվային Գրագիտություն և Համակարգչային Գիտություն": Քիչ է ասելը ինչ աստիճանի հպարտ եմ, որ նման որակի փաստաթուղթ վերջապես հայտնվեց մեր կրթության ոլորտում: Քիչ է ասելը, որ ՈՉԻՆՉ չհասկացա, թէ այս փաստաթուղթը ինչ է ինձանից և աշակերտներից պահանջում: Իրականում սա ոչ թէ չափորոշիչ է, այլ Ապակողմնորոշիչ: Փայլուն գործ է: Վերցված է ինչ որ անհայտ երկրի անհայտ բնույթի փաստաթուղթ և բացարձակ անգրագետ ձևով թարգմանված է հայերեն, առանց նույնիսկ հասկանալու, թէ որ կետը ինչ է նշանակում:

Հարգելի Նոր Չափորոշիչի հեղինակներ, բերել եմ երկու օրինակ, իսկ կարելի էր բերել ամբողջ գիրքը որպես օրինակ: Եթե ինձ բացատրեք ԻՆՉ է սա նշանակում, ձեզանից ներողություն կխնդրեմ:

Մի փոքր բացեմ քարտերը: Ձեզ հետ փորձում է խոսել ավագ դպրոցի Ինֆորմատիկա առարկայի 2008-ից մինչ այսօր գործող չափորոշիչների և ծրագրի հեղինակը:
Այս փաստաթուղթը կյանք ՉՈՒՆԻ: Զոհվելու է ճիշտ այնպես, ինչպես անհայտ ձևով ծնվել է: Հետագայի համար իմացեք, որ պետք չէ առհամարել ինչ որ բան այս ասպարեզում իմացողներին: Հազար ափսոս այն մարդկային ուժը, որը ծախսվել է այս փայլուն թուղթը ստեղծելու վրա:
Իրականում փաստեք, որ ես ոչինչ չեմ հասկանում, և փորձեք կյանքի կոչել այս հրաշքը: Եթե կարողանաք, կհասնեք նաև նպատակին - կոչնչացնեք այն ամենը, ինչ ստեղծվել է այս տարիների ընթացքում: Հաջողություն ձեզ ձեր քրտնաջան աշխատանքում»։


Այնուհետև Դարբասյանը ևս մեկ գրառում է կատարում առարկայի նոր չափորոշիչների վերաբերյալ.

«Շնորհավորում եմ բոլորիդ: Այսօր կայացել է Ինֆորմատիկա առարկայի նոր չափորոշիչների առցանց զանգվածային քննարկումը: Ոչ մեկին խոսք չի տրվել, հավաքվել են մոտ 400 հոգի հիմնականում ինֆորմատիկայի ուսուցիչներ և chat - ով իրար հարցեր տվել: Բնական է մեծամասնությունը բացարձակ անտեղյակ է եղել ներկայացված գլուխգործոց փաստաթղթից: Մի մասին հետաքրքրել է միայն քանի ժամ և ինչ աշխատավարձ կավելանա, իսկ մյուսները խոսելու հնարավորություն չեն ունեցել: Տիպիկ կոմունիստական մոտեցում: Մի քանի շնորհակալական գրավոր ելույթներ, թէ ինչ հսկայածավալ գործ է արվել: Գործը իրոք ցնցող է, բայց հիմնականում իրեն տխմարությամբ: Իմ հարգելի աշակերտներ, ում որ դաս եմ տվել և դեռ շարունակում եմ դաս տալ:

Սա առաջին մեխն էր ինֆորմատիկայի դագաղի մեջ: Մեզ դեռ մեծ հրաշքներ են սպասում: Օրինակ երկրորդ դասարանցիներին e-mail-ով աշխատել, կամ 7 դասարանցիներին SQL - ով աշխատել սովորեցնել և այլ լավ բաներ:

Այն ժամանակ որ ես ուզում էի Pascal լեզուն հանել ծրագրից որպես ավերորդ բեռ, ինձ դա թույլ չտվեցին, որովհետև Հայաստանի դպրոցները իրոք դրան պատրաստ չէին: Հիմա ուզում են Python լեզուն խցկեն դպրոց, առանց հասկանալու, թէ ով է դա դասավանդելու Հայաստանի բոլոր դպրոցներում և թէ պետք է դա թէ ոչ: Այսօր մեր դպրոցների վիճակը ավելի լավը չէ, քան 12 տարի առաջ էր, սակայն սա ոչ մեկին չի հետաքրքրում: Ցավոք ոչ ոք նույնիսկ չի հարցրել, ինչ կարևորություն ունի ծրագրավորումը Հայաստանի դպրոցների համար և ինչ քայլեր են պետք դա զարգացնելու համար: Մենք հեղափոխություն ենք անում դպրոցում:
Ափսոսում եմ միայն այն չարչարանքը, որ տարիների ընթացքում թափվել է Հայստանում այս առարկան կարևորելու համար:

Ինչ էլ գա գլխիս, մի բան միայն հստակ կարող եմ ասել: Ես անելու եմ այն, ինչ մինչև հիմա արել եմ և դա արդյունք է տվել: Թող գան ու գնդակահարեն: Այս քամիները անցնելու են և կարծում եմ ի հայտ կգան գործին ավելի տեղյակ մարդիկ, ոչ թէ Google Translate - ով թարգմանություններ ներկայացնողներ:

Հաջողություն բոլորիդ
Լավ լուրերի ակնկալիքով
Ձեր ԱԴ»։