կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-02 17:35
Առանց Կատեգորիա

Թողնում են իրենց ոսկիները և վազում թուրքական պղնձի հետևից` ասելով` սա մերն է

Թողնում են իրենց ոսկիները և վազում թուրքական պղնձի հետևից` ասելով` սա մերն է

Մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի 4 դաշնամուր` Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) հանդես կգա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով:  Հանդես կգան դաշնակահարներ Գլորիա Կամպաները (Իտալիա), Տրիստան Պֆաֆֆը (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազան (Շվեյցարիա) և Վահան Մարտիրոսյանը. կհնչեն Ռավել, Պուլենկ` փոխադրումներ, առաջին անգամ կհնչեն Հայաստանում:

Yerkir.am-ի զրուցակիցը կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն է:

 

Ներսն ու դուրսը

Մենք դոնոր ազգ ենք, մեծագույն արտիստներ ենք ունեցել, բայց, ցավոք, մեծ մասն արտասահմանում է: Հայաստանը փոքր երկիր է, բոլորին դժվար է իր տեղը գտնել, և հետո գալիս է մի պահ, որ պետք է դրսում լինել, քանի որ այնտեղ դաշտը մեծ է: Դա է պատճառներից մեկը, որ երաժիշտները գնում են: Մեզ մոտ միջավայրը նեղ է, իհարկե, կխեղդվեն արտիստները: Ես էլ գնում եմ, գալիս եմ. արտիստն այդ առումով պետք է ճկուն լինի:

Երկու գույնի մեջ չի պտտվում կյանքը

Եթե խանգարողներն ավելի քիչ լինեին, մեր կյանքն ավելի հեշտ կլիներ, և մեր ստացածն էլ ավելի շատ կլիներ: Սովետական միության ժամանակ Հայաստանը փակ երկիր էր, մենք մնում էինք մեր մշակույթի մեջ, լավագույն դեպքում` ՌԴ-ից էին արտիստներ գալիս, իսկ եթե Եվրոպայից էին բերում, չէին էլ թողնում` շփվեինք հետները: Հիմա սահմանները բաց են, կոտրվել է սառույցը: Բացի այդ` գոյություն ունի համացանց, և մենք կարող ենք տեսնել` ինչ է կատարվում դրսում, ինչ ունենք մենք, որպեսզի հասկանանք` մենք ճիշտ ուղղության վրա՞ ենք, թե՞ ոչ: Մեզ մոտ մի տեսակ կոնսերվատիզմ կա, որը խանգարում է շատ արագ տեմպերով առաջ գնալ, բայց այդ բացը փորձում են լրացնել նրանք, ովքեր եղել են դրսում ու նորից վերադարձել: Երբ լսում ենք դրսից եկած երաժիշտներին, հասկանում ենք, որ այսպես էլ կարելի է նվագել, հո ամեն ինչ սև ու սպիտակ չէ, երկու գույնի մեջ չի պտտվում կյանքը:

Միշտ չէ, որ մենք ճիշտ ենք

Մեր ունեցածը շատ մեծ արժեք ունի, ուղղակի այն գնահատել է պետք: Օրինակ` երբ կամերային նվագախումբը տանում եմ հյուրախաղերի ինչ-որ երկիր, մեզ նորից են հրավիրում, որովհետև հավանում են, քանի որ աշխատանքը ճիշտ ուղղությամբ է տարվում: Մենք պարզապես պետք է կարողանանք ընդլայնել մեր հայացքը և հասկանալ, որ միշտ չէ, որ մենք ճիշտ ենք: Մեզ մոտ ամեն ինչ անհատների էնտուզիազմի հաշվին է արվում: Բայց, մյուս կողմից,  միշտ էլ այդպես է եղել և ոչ միայն` մեզ մոտ, բոլոր հեղափոխություններն էլ անհատների էնտուզիազմի հաշվին են արված: Միշտ պետք է լինի մեկը, որ ինչ-որ բան փոխի: Եթե մասսայի վրա հույսներս դնենք, մասսան ոչինչ չի կարող փոխել:

Ինձ չխանգարելը կլինի ամենամեծ օգնությունը

Մշակութային քաղաքականության առումով` կարծում եմ` մեզ պետք է օգնեն, այսինքն` ավելի ճիշտ է ասել` չխանգարեն: Ինձ համար` ինձ չխանգարելը կլինի ամենամեծ օգնությունը: Ես ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, պարզապես ուզում եմ` մեզ հանգիստ թողնեն: Վերջերս, օրինակ, նվագախմբից 4 հաստիք էին ուզում կրճատել, առանց իմ համաձայնության` ուզում էին երկրորդ դիրիժոր նշանակել: Ստիպված էի միջամտել, այսինքն` երաժշտական խնդիրները թողած` ընկած եմ ուրիշ խնդիրների հետևից: Սրանք խանգարելու քայլեր են, արված են հատուկ, որ թողնեմ-փախչեմ այստեղից… Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ, թեև ներկայանալիս ասում եմ` նշեն` հայ երաժիշտ: Այն գումարով, որ ես ապրում եմ այստեղ, դրանով Ֆրանսիայում 3 օր էլ չեմ դիմանա: Ինձ այստեղ պահում են իմ երաժիշտները, որոնց ես չեմ կարող լքել: Ի վերջո, սա իմ հայրենիքն է: Եթե հերթով գնանք, ի՞նչ է լինելու, Հայաստանը Արմենչի՞կ է դառնալու: Եթե ինձ ասեն` իրենց Արմենչիկ է պետք, ես կթողնեմ երկիրն արմենչիկներին, բայց ես դեռ պայքար ունեմ: Ես ոչ թե տեսնում եմ, որ նրանց կարիքը չկա, այլ գիտեմ մեր հայ ազգին, մշակույթը` ավանդական մշակույթը, ոչ թե կլկլոցը: Ես գիտեմ` հայ ազգն ինչ հարուստ մշակույթի տեր է, ու երբ մարդիկ թողնում են իրենց ոսկիները և վազում թուրքական պղնձի հետևից` ասելով` սա մերն է,  դա է ինձ ամենաշատը ջղայնացնում: Եկեք զբաղվենք մեր արվեստով, ոչ թե գողանանք հարևանի աղբը` ուրախանալով: Մենք շատ ավելի հեռու կգնայինք, եթե արժևորեինք մեր ունեցածը:

Երաժիշտը չպետք է նվագելիս մտածի, թե որտեղից է նախորդ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը վճարելու

Ավելացել է ձևականությունը, այն արդեն մշակութային դաշտ է մտել. մարդիկ ուզում են շատ փող աշխատել, լավ ապրել, ասում են` թքած արվեստի վրա, ես լավ ապրեմ, երեխեքս հարուստ լինեն, մի հատ «մաշնա» քշեմ, համարներն էլ սիմետրիկ լինեն, որ ցույց տամ` ինչ մարդ եմ: Ես, օրինակ, Ֆրանսիայի իմ մեքենայի համարները չգիտեմ, եթե ինձ ցույց տան մի քանի պետհամարանիշներ, ես իմը չեմ կարող ընտրել, մտքովս էլ չի անցել` նայեմ դրանց: Բայց, մյուս կողմից, եթե երաժշտին ապահովենք նորմալ պայմաններով, որ նա միայն իր աշխատանքով կարողանա ապրել, ոչ ոք չի ուզենա գնալ այստեղից: Երաժիշտը չպետք է բեմի վրա նվագելիս մտածի, թե որտեղից է նախորդ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը վճարելու:

Ծխելիս հեռանում եմ ամեն ինչից ու մոտենում ինձ /հարցազրույցի ժամանակ անընդհատ ծխելու հետևանքով ծագած հարցադրում/

Ես նաև սիգար ծխողների ֆրանսիական խմբի անդամ եմ: Ծխելն ինձ համար զուտ հաճույք չէ, այն ինքս ինձ հետ մնալու հնարավորություն է տալիս, ինչպես նաև Տիրոջ հետ խոսելու հնարավորություն, քանի որ ծխելիս ես մտածում եմ ու մտքերս ծխի հետ արտանետում, իսկ ծուխը վերև` երկինք է բարձրանում: Ծխելիս ես կարծես մեդիտացիա եմ անում, հեռանում եմ ամեն ինչից ու մոտենում ինձ: 

 

Կարինե Հարությունյան