կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-29 14:59
Հասարակություն

Ցամաքող գետը

Որքան էլ ՄԱԿ-ը 21-րդ դարը հայտարարել է քաղցրահամ ջրերի դար, իսկ Հայաստանի կառավարությունը «ջանում» է փրկել Սեւջուր գետը ցամաքեցումից, այնուամենայնիվ, ըստ հաշվարկների, միայն Արարատյան դաշտում առկա մոտ 234 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են պահանջում Արարատյան ջրահավաք ավազանից:

 

Համեմատության համար նշենք, որ Սեւանա լճից ոռոգման համար տարեկան թույլատրվում է վերցնել ընդամենը 170 մլն խմ ջուր (բացառության կարգով՝ չորս տարին մեկ այդ ծավալները հասնում են 300-320 մլն խմ-ի):

 

Արդեն քանի տարի է՝ Արարատյան դաշտի բնակչությունն իր անհանգստությունն է հայտնում , որ վերջին 10 տարիներին պետության անուշադրության եւ ստորերկրյա ջրային պաշարների անխնա շահագործման արդյունքում որոշ գյուղական նշանակության հողատարածքներ զրկվել են ոռոգման ջրից, իսկ Սեւջուր գետը, որը հոսում է Արմավիրի եւ Արարատի մարզերի վարչական տարածքներով, այսօր կորցնում է իր վաղեմի դերն ու նշանակությունը, քանի որ տեղ-տեղ գետի գլխին կախված է ցամաքելու վտանգը:

 

Հաշվարկների համաձայն՝ որոշ տեղերում գետի ջուրը պակասել է ավելի քան 70 տոկոսով:

 

Սա մասնագետների գնահատականն է, իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները 2,4 մլրդ խմ են, որոնց 66 տոկոսը գտնվում է Արարատյան արտեզյան ջրավազանում։

 

Այս ամենի մեղավորը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որ տարիներ շարունակ հորատման եւ ջրօգտագործման թույլտվությունները որոշ անհատների եւ ձկնաբույծների տրամադրեց անկանոն կերպով: Նույն գերատեսչությունում անգամ չգիտեն, թե որքան է ջրի ազգային պաշարը (չափը), որը հաշվառվել է դեռեւս 30 տարի առաջ:

 

Հիշեցման կարգով նշենք, որ դեռեւս 1984 թվականին Հայաստանի Պետական պաշարների կոմիտեն որոշեց, որ Հայաստանի ընդերքից օգտագործման նպատակով կարելի է օգտագործել ընդամենը 1 մլրդ 250 մլն խմ ջուր, մինչդեռ հաշվարկները ցույց են տալիս, որ ԲՆ-ի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով այսօր ընդերքից «քամվում» է 2,7 մլրդ խմ ջուր:

 

Հենց սա էր պատճառը, որ բնապահպանության նախարարությունն այդպես էլ չպատասխանեց yerkir.am-ի՝ այս խնդրին վերաբերող հարցերին, եւ նախարարության «կուլիսներում» մեզ հայտնեցին, որ ներկա պահին դա նպատակահարմար չեն համարում:

 

Ինչեւէ, փաստ է, որ Արարատյան դաշտի ջրային պաշարները վերջին 6 տարիներին զգալիորեն նվազել են, եւ դա լրջագույն խնդիր է, քանի որ կորցնում ենք ոչ միայն Արարատյան արտեզյան ջրավազանը, այլ նաեւ ներկա պահին ցամաքել է Այղր լիճը, իսկ դրանից սկիզբ առնող Սեւջուր գետը հոգեվարքի մեջ է:

 

Yerkir.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ ԲՆ «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա քաղցրահամ եւ քաղցրահամ շատրվանող ջրերի տարածական սխեմատիկ քարտեզը, որը փաստում է, որ, 1981 թ. համեմատ, այսօր այդ ավազանը զգալիորեն կրճատվել է:

 

Հիշեցման կարգով նշենք, որ տարիներ առաջ ՄԱԿ-ն արդեն ահազանգել է, որ մինչեւ 2030-2040 թվականները Երկիր մոլորակի քաղցրահամ ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով։ Իսկ այսօր աշխարհում տարեկան հազարավոր մարդ մահանում է խմելու աղտոտված ջրից, 1 մլրդ-ը զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ կեղտոտ ջուրն ամեն տարի մինչեւ 5 տարեկան մոտ 19 մլն երեխայի կյանք է խլում, այսինքն` յուրաքանչյուր 20 վայրկյանում մահանում է 1 երեխա։ Երկրագնտի տարբեր մայրցամաքներում գտնվող  հիվանդանոցներում հիվանդների կեսից ավելին տառապում են ջրի պատճառով առաջացած խնդիրներից։

 

«EcoArmGlo-tv» ներկայացնում է «Ցամաքող գետը» տեսաֆիլմը, որը պատմում է Սեւջուր գետի մասին:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ


Լուսանկարը՝ հեղինակի


Մանրամասն՝ տեսանյութում