Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
20-րդ դարի հայ նշանաւոր հասարակագէտ-տեսաբան Երւանդ Ֆրանգեանի գրչին է պատկանում «Հայ հասարակական միտքը» վերտառութեամբ եզակի աշխատութիւնը։
Հեղինակը սոյն գրքում (հրատարակւած Գահիրէում, 1928 թ.), վեր է հանել 18, 19-րդ դարերի ՀԱՅ ՄՏՔԻ լուսաւորեալ դէմքերի անմնացորդ ազդեցութիւնը՝ թէ՛ արեւելահայ, եւ թէ՛ յատկապէս արեւմտահայ իրաւազրկւած հասարակայնութեանց հասարակա-քաղաքական ԶԱՐԹՕՆՔ-ում։
Ահաւասիկ ինքը՝ Ֆրանգեանի բնութագիրն նրանց մասին.
«Հայ առաջաւոր մտաւորականութեան, հայ հասարակական մտքի զարգացման ամենէն բնորոշ եւ ուշագրաւ գիծն անցնում է հետեւեալ գագաթներով՝ Աբովեան, Նազարեան, Նալբանդեան, Ռափայէլ Պատկանեան, Խրիմեան Հայրիկ, Գր. Արծրունի, Րաֆֆի, Քր. Միքայէլեան…»։
Մենք, այսօր, այս սիւնակով փորձելու ենք այդ ռահւիրաներից՝ Ռ. Պատկանեանի հեղինակաւոր գրառումներից մէջբերումներ անել, նպատակ ունենալով վերաիմաստաւորելու այն գաղափարները, որոնք, նոյնիսկ 150 տարի անց, ամենայն աղաղակող այժմէականութեամբ, ուսանելի են կարող լինել մերօրեայ հայ հասարակայնութեանց համար (ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում), այս՝ երրորդ հազարամեակի դառնաշունչ ժամանակաշրջանում իսկ, որտեղ ազգովի դէմ-յանդիման ենք՝ մեր նորագոյն պատմութեան թատերաբեմում ի յայտ եկած ծանրագոյն մարտահրաւէրների։
Մինչ նշւած մէջբերումներին անցնելը, հարկաւոր է ընդգծել, որ մեր պատմութեան անցնող դարուկէսի երկայնքում ազգովի ապրել ենք՝
– Զարթօնքի շրջան ( նոյն ռահւիրաների շնորհիւ),
– Ապստամբութիւնների ու զինեալ ազատագրական պայքարի հերոսական շրջան,
– Թուրքական ոսոխի կողմից 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեանը ենթարկւելու շրջան,
– Այնուհետեւ դարձեալ յաղթական Հերոսամարտերի ու դրանց արդիւնքում՝ Անկախ Հանրապետութիւն կերտելու (1918-20 թթ.) շրջան,
– Սովետական Հանրապետութեան (1920-90 թթ.) շրջան,
– Ապաեւ՝ եօթ տասնամեակ անց՝ աւելի քան 30-ամեայ Անկախութեան վերականգնման շրջան, ԱՐՑԱԽԵԱՆ փառապանց յաղթանակների շնորհիւ…։
– Այսօր, սակայն, յարգելի ընթերցող, ապրում ենք ազգովի խարխափումների այնպիսի շրջան, որն սկիզբ է առել 2018 թ.-ին ու ցաւօք՝ դա շարունակւում է ցայսօր։ Այդ խարխափումների արդիւնքում էլ փաստօրէն նոյն դարաւոր ոսոխների կողմից թիրախ դարձաւ մեր նորագոյն պատմութեան յաղթական երթի գրաւականը՝ Արծւաբոյն ԱՐՑԱԽԸ։
Այստեղ պէտք է աներկբայօրէն խոստովանել, որ թուրքական նորօրեայ ոսոխները ինչպէս երբեւէ՝ լաւագոյնս սերտելով մեր պատմութեան էջերում գրանցւած խոցելի դրւագները, յաջողութեամբ թիրախաւորեցին դրանք ու ներկայ փուլում եւս մեր Հայոց խոցւած ու կոտորակւած պետականութեան մնացորդացը ամբողջովին ջարդել-փշրելու են մտադրւած։
Եւ ահա՝ հիմնահարցը.-
Կը կառչե՞նք մենք եւս ազգովի, սեփական պատմութեան ուսուցանիչ դասերի սերտմանը, թէ՝ ինչպէս մեր «պատմական չարիքներին» տուրք տալու «անջինջ» ու ապակողմնորոշող էջերով, կը տրւենք նորանոր ու արդէն գերարդիական խարխափումներին…։
Իսկ այժմ դիմենք դարուկէս առաջ հնչեցւած, բայցեւ խիստ այժմէական ու արդիական պատգամներին, որոնք կտակւել են մեր մեծ ռահւիրա՝ Ռափայէլ Պատկանեանի կողմից, որպէսզի ազգովի վերապրենք ու լիարժէք վերարժեւորենք դրանք՝ մերօրեայ մեծագոյն վտանգներից զերծ մնալու համար։
ՊԱՏԳԱՄ՝ ՄԵՐՕՐԵԱՅ ՊԱՍԻՒ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ
– «Ամէն մի հայ մարդ, առանց դասակարգի եւ կոչման խտրութեան, պարտաւոր է այդ հանրամարդկային եւ սրբազան մեծ գործին (հայութեան ազատագրում, Դ. Մ.) զոհաբերել ա՛յն, ինչ պահանջւում է, ինչ ունի նա, վաճառականը՝ իր դրամը, քաջ զօրավարը՝ իր թուրը, հեղինակը՝ իր գրիչը, հռետորը՝ իր ճարտար լեզուն, գիտնականը՝ իր իմաստութիւնը…»։
ՊԱՏԳԱՄ՝ ՄԵՐՕՐԵԱՅ ԵՒՐՈՍԻՐՈՂՆԵՐԻՆ
– «…Անգութ Եւրոպան հայերի վերաբերմամբ արեց «Պիղատոսի դատաստան».
Նախ՝ անմեղութիւնն մեր խոստովանեց,
Ապա՝ չարերուն մեզ ի խաչ մատնեց»։
ՊԱՏԳԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՐՕՐԵԱՅ ԻՇԽԱՆԱՏԵՆՉՆԵՐԻՆ
– «…Աշխարհքըս անցի՛ր, խուզէ՛, որոնէ՛,
Այսքան մոլութիւնք, որ մեր Հայն ունէ,
Ու յետոյ գընա՛ ու մի զարմանալ-
Մա՞րդ էլ այս բարքով այսքան դար կենալ…
Ազգատեցութիւն, տիրանենգութի՜ւն,
Կեղծաւորութի՜ւն,խոր տգիտութի՜ւն,
Շըռայլ կեա՜նք, ազնիւ զոհէ միշտ փախո՜ւստ,
Հայ եղբօր նիւթող օր-գիշեր կորո՜ւստ,
Իւր հարազատին արիւնը ծըծո՜ղ,
Օտարի առջեւ շան նման քըծնո՜ղ,
…………………………….
Լուսաւորութեան իբրեւ թէ ձգտող,
Հայ գիտնականին յաւերժ հալածո՜ղ,
Իւր անձէն ի զատ մարդ չի ճանաչե՜լ,
Յանցաւոր լինել ու չի ամաչե՜լ…»:
Ահա, այսպէս, յարգելի ընթերցող, Աբովեաններից մինչեւ Նալբանդեաններ ու Րաֆֆիներից մինչ Քրիստափոր Միքայէլեաններ եւ դեռ Թումանեան-Չարենցներից մինչ Սեւակների անլռելի պատգամներին, որպէս Պատմական յիշողութեան գրաւականներ՝ազգովի կառչելու հրամայականի առջեւ ենք կանգնած։
Ու այսօր, Հայաստանում «Սրբազան Պայքար» նշանաբանի շրջանակներում ընթացող բողոքի ցոյցերն ու ազգային պահանջատիրութիւնները գաղափարային ու արժէքային մասշտաբերով ու նշանակութեամբ, գրեթէ նոյն նպատակներն են հետապնդում, ինչ հետապնդել են սրանից մէկ ու կէս դար առաջ ազատագրական պայքարի մեր հայորդիները։
– Պայքար՝ յանուն գոյատեւման,
– Պայքար՝ յանուն արժանապատիւ ապագայի։
Ապագայ, որում յաղթականօրէն վերականգնւելու են ազգի ոտնահարւած ու գողացւած նիւթա-բարոյական իրաւունքներն ու երաշխաւորւած են լինելու միեւնոյն ազգի պետական ու հայրենական շահերը։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու