կարևոր
1045 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-25 21:04
Քաղաքական

Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am

Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լծվել է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման առաջ տանելու գործին։ Հետաքրքիր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին երազող Էդմոն Մարուքյանը ոչ թե պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը արտահերթ ընտրությունների ամենաուղիղ ճանապարհն է, այլ պահանջում է, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր դնի մանդատները։

Ակնհայտ է, որ հնարավոր բոլոր իշխանություններին սպասարկած կլասիկ Էդմոն Մարուքյանը չի կարող իր խաղն ունենալ, նա միշտ եղել է այլոց խաղի մի փոքրիկ վինտիկը։ Մարուքյանի համար արտահերթ ընտրությունները հատկապես անհետաքրքիր են, որպես այդպիսին, քանի որ ինքը բոլորից լավ գիտի, որ արտահերթ կամ հերթական ընտրությունների պարագայում ինքը ոչ մի շանս չունի խորհրդարան անցնելու, եթե իհարկե Փաշինյանը չփորձի իրեն անցկացնել ՔՊ ցուցակով։ Այս ամենն հաշվի առնելով հարց է առաջանում, թե ինչի՞ համար է Էդմոն Մարուքյանն այսքան տոգորված նոր ընտրությունների գաղափարով։

Հետաքրքիր է, որ Մարուքյանի արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունների ֆոնին Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից սկսկեցին խոսել նաև ադրբեջանցիները։ Օրերս  Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի«Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,-ասել է նա։

Այս մասին խոսել էր նաև  Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա  հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ:

Ստացվում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ ուզում է նաև Ադրբեջանը։ Խոսքն իհարկե Փաշինյանի հեռանալու մասին չէ, այլ նրանք ուզում են, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բաց կերպով Ադրբեջանի օրակարգով անցկացնի ընտրություններ և ապահովելով իր հաղթանակը հայ ժողովրդի ստորագրությունը դնի հակառակորդ երկրի պահանջների ընդունման տակ, որպեսզի որևէ այլ կառավարություն չկարողանա վիճարկել այն։

Ամենևին տպավորություն չլինի, թե Էդմոն Մարուքյանը ուղիղ կապ ունի Ադրբեջանի հետ և նրանց համար է թեման սպասարկում։ Ադրբեջանցիները դժվար թե, այդքան մանր հարցերով զբաղվեն։ Ադրբեջանցիները իրենց նախընտրած օրակարգով ընտրության հարցը դրել են Նիկոլ Փաշինյանի առաջ։ Էդմոն Մարուքյանը ըստ էության սպասարկում է հենց Նիկոլ Փաշինյանին։

Իսկ ինչու՞ է Փաշինյանին պետք, որ խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վայր դնի։ Նոր ընտրությունների համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հրաժարական տա և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի։ Խորհրդարանը երկու անգամ վարչապետ չպետք է ընտրի։ Սրանք Նիկոլ Փաշինյանի մտատանջումների բանալի բառերն են։ Ինքը վստահ չէ, որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի։ Փաշինյանի հրաժարականից հետո այլ թեկնածուի առաջադրումը կարող է խաթարել գծված պլանը։

2021 թվականին Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, քանի դեռ չէր կարողացել ստանալ խորհդարանական այն ժամանակվա ընդդիմադիր Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների համաձայնությունը, որ նրանք թեկնածու չեն առաջադրի։ Փաշինյանը նման մտավախություններ է ունեցել անգամ իր վարկանիշի պիկի ժամանակ՝ 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ։ Այն ժամանակ էլ նա միայն խորհրդարանական ուժերի հետ վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հրաժարական տվեց և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո նշանակվեցին արտահերթ ընտրություններ։

Ներկա փուլում լավ հասկանալով, որ խորհրդարանական ընդդիմության հետ չի կարող գնալ ուղիղ պայմանավորվածության, միևնույն ժամանակ գիտակցելով, որ Ալիևի օրագարգով ընտրության գնալը կարող է դառնալ տրիգեր իր դեմ նոր պայքարի մեկնարկի համար ինքը չի կարող ռիսկի գնալ ու հրաժարական տալ, քանի դեռ ԱԺ-ում կա ընդդիմություն, որը կարող է հավանական փողոցային պայքարի ֆոնին նաև օգտվել վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքից։ Ահա այստեղ է, որ Փաշինյանին օգնության է գալիս Էդմոն Մարուքյանը, որը իբրև ընդդիմադիր դաշտ է բերում ընդդիմության մանդատները վայր դնելու հարցը, որպեսզի չեզոքացնի Փաշինյանի համար գոյություն ունեցող վերհիշատակված վտանգը։ Դժվար է հավատալ, թե Մարուքյանը չի հասկանում ինչ է անում ու սա իշխանության հետ պայմանավորվածություն չէ։ Սրանով է պայմանավորված նաև իշխանական պրոպագանդայի լայն աջակցությունը Էդմոն Մարուքյանին։

Ակնհայտ է, որ Հայաստանին պետք են արտահերթ ընտրություններ, բայց դրանք պետք է տեղի ունենան, ոչ թե Ադրբեջանի պահանջով ու օրակարգով,  ոչ թե ընդդիմության մանդատներ վայր դնելով ու իշխանության նախապայմաններով, այլ միայն ու միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։ Մնացած բոլոր դեպքերում գործընթացը գնալու է ադրբեջանական սցենարով»։

Աղբյուրը՝ Politik.am