կարևոր
388 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-24 18:07
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։

Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը  Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի Անգլիկան Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնին,  Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսին և  հանձնախմբի անդամներին` տեղեկություններ փոխանցելով հանձնախմբի աշխատանքների ընթացքի մասին։

Վեհափառ Հայրապետը ողջունեց հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` կարևորելով եկեղեցիների միջև երկխոսությունն ու գործակցությունն ի նպաստ մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նման նախաձեռնություններին։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով Հայաստանի ու հայրենազրկված արցախահայության առջև ծառացած դժվարություններին, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անաղարտ պահպանության ու գերիների վերադարձման խնդիրներին, կարևոր նկատեց քրիստոնեական եկեղեցիների միասնական հետևողական ջանքերի ներդրումը դրանց հաղթահարման և արդարության հաստատման գործում։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Քույր Եկեղեցիներին այս ծանր ու դժվարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։

Հանդիպմանը հանձնախմբի անդամները, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին աջակցելու համար, կիսվեցին Մայր Աթոռից և Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։ Հյուրերն ընդգծեցին, որ այցի շրջանակներում առիթ ուենցան նաև ի մոտո ծանոթանալու տեղահանված արցախահայերի դժվարին կացությանը՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը բերելով հայ ժողովրդին։