կարևոր
14614 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-25 21:22
Արցախ Քաղաքական

ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ

ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ի բանաձևի վերաբերյալ։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի՝ 2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։

Մեր խորին գնահատանքն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ դիրքորոշման համար: Կարևոր է, որ բանաձևն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության անհրաժեշտությունը՝ մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի երաշխավորմամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև մեր գույքի ու մշակութային ժառանգության պահպանումը։

Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, ինչը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո։

ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարգումը: Այս նպատակով կարևորվում է միջազգային արդյունավետ մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն արդյունավետ երկխոսության, հավաքական վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և այլ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը»,- ասված է հայտարարության մեջ։