կարևոր
6562 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-25 13:33
Տարածաշրջան

Բաքուն Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել

Բաքուն Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել

Բաքուն կողմնակալ է որակում Եվրախորհրդարանի կողմից երեկ ընդունված բանաձևը։ Ըստ «Ազատության»՝ Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը, մի կողմ դնելով բոլոր խնդիրները, «կրկին հարձակվել է Ադրբեջանի վրա»։

Բաքուն «ընտելացել է ադրբեջանական ժողովրդի օրինական ակնկալիքների նկատմամբ Եվրախորհրդարանի արհամարհական վերաբերմունքին», հայտարարել է Բաքվի խորհրդարանը՝ նշելով, թե հնարավոր չեղավ հաշտվել այն մտքի հետ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի և «հակաահաբեկչական միջոցառումների» արդյունքում ապահովեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ընդգծելով, որ բանաձևը «պարունակում է փաստեր, անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ ու կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ»՝ Բաքուն այն համարել է մի փաստաթուղթ, որտեղ հավաքվել են «Բաքվի դեմ գործող տարբեր շահագրգիռ խմբերի կողմից կիրառվող թեմաներ և ճնշման գործիքներ»։

Բաքուն սա իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։

Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով նախօրեին ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը։

Այն անդրադառնում է Ադրբեջանում առկա և միջազգային հարաբերություններում այդ պետության կողմից ստեղծված բոլոր հիմնական խնդիրներին:

Ընդգծելով աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ եվրոպացի պատգամավորները վերահաստատել են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Բանաձևն «արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում»:

Խորհրդարանի բանաձևերը պարտադիր ուժ չունեն և միայն խորհրդատվական բնույթի են։