Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանն ամեն անգամ Հայաստանին մեղադրում է, թե իբր իրենց կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Կուր եւ Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է, իսկ պատճառը հայկական կողմն է:
Հայկական կողմ էլ, մեղադրանքներին ի պատասխան, հայտարարում է, թե տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Այսպես` անցյալ տարի Հայաստանի բնապահպանության նախարարությունը նշել էր. «Մոնիտորինգային տվյալների միջին տարեկան արժեքների համեմատությունից պարզվել է, որ պղնձի կոնցենտրացիաների արժեքները հայկական սահմանամերձ գետերում գտնվել են կոմունալ-կենցաղային օգտագործման ջրերի սահմանային թույլատրելի նորմաների սահմաններում: Սակայն Հայաստանը եւս մեկ մոնիթորինգ է անցկացնում ներկա իրավիճակը պարզելու համար»:
Հայկական կողմը Ադրբեջանին նաեւ հիշեցրել էր, որ դեռեւս 2009թ. Եվրամիության ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվում է մակերեւութային ջրերի մեջ ֆենոլների պարունակության մոնիտորինգ, եւ միայն հետազոտությունների արդյունքները ցույց կտան գետավազանի իրական վիճակը:
Մի քանի տարի առաջ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը նույնպես Դեբեդ գետում կատարեց ուսումնասիրություններ եւ հայտարարեց, որ այդ գետը չի աղտոտում հարեւան երկրների ջրային ավազանները: «Մեր գետերը չեն աղտոտում Կուր եւ Արաքս անդրսահմանային գետային ավազանները: Կան գետեր, որոնք մեր տարածքում աղտոտված են լոկալ, սակայն դրանք ինքնամաքրման արդյունքում չեն խախտում միջազգային որեւէ նորմ»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
Այս տարվա վերջին կավարտվի դեռեւս 2008 թվից իրականացվող «Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ՝ Կուր գետ-Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան» ծրագիրը, որը ֆինասավորում է Եվրամիությունը: Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց հիշյալ ծրագրի հայաստանյան փորձագետ Լուսինե Թասլակյանը, ծրագրի երկարաժամկետ նպատակն է երեք երկրների միջեւ անդրսահմանային համագործակցության եւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման միջոցով բարելավել Կուրի գետավազանի ջրի որակը:
«Ծրագիրն իրականացվում է Էպտիսա եւ Գրոնտմիջ-Կարլբրո եվրոպական կոնսորցիումի կողմից: Հայաստանից ծրագրի գործընկերներն են բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, ինչպես նաեւ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը»,- ասաց Լ. Թասլակյանը` հավելելով, որ ներկա պահին դեռ վաղ է խոսել արդյունքների մասին. «Ծրագրի նպատակը հեռահար է, իսկ երկրի ջրային ավազանի ճիշտ եւ արդյունավետ կառավարման խնդիրը չափազանց կարեւոր է եւ բարդ»:
Նա նաև հայտնեց, որ Հարավային Կովկասի երեք երկրների համապատասխան մասնագետների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը շարունակելու, ինչպես նաեւ գետավազանային կառավարման շրջանակներում առաջնահերթ հիմնախնդիրների վերաբերյալ ջրհավաք ավազանների, ենթաավազանների համար պիլոտային ծրագրեր իրականացնելու դեպքում հնարավոր կլինի հասնել էական արդյունքների:
«Այդուհանդերձ, այս պահին կարելի է խոսել առնվազն մեկ ակնհայտ արդյունքի մասին. այլեւս ապացուցված է՝ Կուր գետը հայկական կողմից աղտոտելու մասին հարեւան երկրների, հատկապես՝ Ադրբեջանի պնդումներն անհիմն են: Որպես ապացույց կարող եմ նշել, որ ծրագրի իրականացման ընթացքում ջրի որակի ուսումնասիրության նպատակով տվյալները հավաքագրվել են, մասնավորապես, ջրի փորձանմուշները վերցվել են երեք երկրների ներկայացուցիչների կողմից համատեղ` գետավազանի տարբեր հատվածներից, ինչը բացառում է տվյալների կեղծումը»,- ասաց Լ.Թասլակյանը:
Թեստային փորձաքննության` երեք երկրների մասնագետներին Եվրոպայից ուղարկված ջրի նույն փորձանմուշի լաբորատոր ուսումնասիրության արդյունքը պարզել է, որ առավել հավաստի եղել են հենց հայ մասնագետների տվյալները: Ծրագրի հայաստանյան փորձագետը հայտնեց նաեւ, որ ծրագրի շրջանակներում արդեն իսկ հայկական կողմը մշակվել է Դեբեդ-Աղստեւ գետավազանների կառավարման պլանների նախագծերը:
Հիշեցնենք, որ գործադիրը այս տարվա փետրվարի 3-ին հավանություն տվեց Հայաստանի ջրային օրենսդրության եւ Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մշակված Ջրավազանային կառավարման մոդելային պլանին: Կառավարությունը բնապահպանության նախարարին հանձնարարեց այն հիմք ընդունել՝ հետագա տարիներին պետական բյուջեի եւ միջազգային դոնոր երկրների ու կազմակերպությունների աջակցության շրջանակներում ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների տեխնիկական բնութագրերի կազմման ժամանակ: Սա մասնագետներին հույս է տալիս, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի ավարտից հետո ֆինանսների առկայության դեպքում ոչ միայն Կուր-Արաքս գետավազանի կառավարման սկսված գործը կունենա շարունակություն, այլեւ հնարավոր կլինի կյանքի կոչել Հայաստանի 14 գետեր ներառող 6 ջրավազանների կառավարման ծրագրերը:
Գալուստ ՆԱՆՅԱՆ