կարևոր
979 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-25 23:08
Հասարակություն

Ինֆեկցիոն բաժանմունքը Վայոց ձորի մարզի բնակիչներին այլևս հասանելի չէ, բացումից կարճ ժամանակ անց այն փակվել է. ահազանգ

Ինֆեկցիոն բաժանմունքը Վայոց ձորի մարզի բնակիչներին այլևս հասանելի չէ, բացումից կարճ ժամանակ անց այն փակվել է. ահազանգ

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը գրում է

«Առողջապահության նախարարության խնդիրն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Եվ այդ նախարարությունն է, որ վերլուծում է, թե որտեղ է առողջապահական ծառայությունը հասանելի մարդկանց լիարժեք, և որտեղ է, որ հասանելի չէ:

Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ․․․․» սա մի հատված է ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի ելույթից 2024թ մարտին «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանդիսավոր պայմաններում բացման ժամանակ։

«Առողջության Իրավունք» իրավապաշտպան հասարական կազմակերպություն են դիմել Վայոց ձորի բնակիչներ և տեղեկացրել, որ ինֆեկցիոն բաժանմունքը իրենց համար այլևս հասանելի չէ, քանի որ բացումից կարճ ժամանակ անց այն փակվել է։

Ըստ բնակիչների, այն գործել է ընդամենը մեկ ամիս, որից հետո անհասկանալի պատճառներով այլևս չի գործում: Հաշվի առնելով ՀՀ-ում վարակաբանական ոչ բարենպաստ իրավիճակը, ինչպես նաև պարբերաբար տարբեր վիրուսային և այլ վարակների դեպքերի աճը, մասնավորապես՝ կարմրուկի, COVID-19-ի, արևմտյան նեղոսի տենդի, կապիկի ծաղիկի և այլի, անհասկանալի էր տաք կլիմա ունեցող Վայոց ձորի մարզում ինֆեկցիոն բաժանմունքի չգործելը:

Ստացվել էր մի իրավիճակ, երբ Վայոց ձորի առողջապահական համակարգի առանձնահատուկ օպտիմալացման արդյունքում կառուցվել էր նոր բժշկական կենտրոն, բայց բժշկական ծառայությունների հասանելությունը խիստ հարցականի տակ էր:

Հիմք ընդունելով վերոգրյալը, դիմեցի ՀՀ Կառավարությանը պարզաբանման խնդրանքով, թե որն է պատճառը, որ «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը 1 ամիս գործելուց հետո փակվել և բնակիչները ստիպված բուժօգնության համար հասնում են Երևանի կամ այլ հարակից մարզային հիվանդանոցներ, իսկ որոշ մանկական վարակներով երեխաները բուժվում են սույն բժշկական կենտրոնի մանկան բաժանմունքում՝ խախտելով սանիտարա-համաճարակային նորմերը։

Եվ ահա ՀՀ առողջապահության նախարարությունից ստացա արագ արձագանքում, որ Առողջապահության նախարարության 23.10.2024թ. թիվ ՎԳ/02.1/31487-2024 գրությամբ առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ինֆեկցիոն ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Ստացվում է մի իրավիճակ, որ մարզային ենթակայությամբ գործող կառույցները աշխատում են իրենց օրենքներով, վարկային ծրագրով կառուցված բժշկական կենտրոնները ընդամենը կարմիր ժապավեն կտրելու համաի են, մարզպետին չի անհանգստացնում իր մարզի բնակչի առողջությունը, իսկ հանրային վերահսկողությունը ( քաղաքացիական հասարակություն ) դարձել է կանոնակարգման միակ գործիքը․․․․․․

Հ․Գ․ մնում է միայն ՀՀ առողջապահության նախարարությանը ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․․․․»