Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
fip.am-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թե 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ Սիմոնյանն ասել է․ «Երբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենք էիք քննարկում և ընդունում՝ անձամբ Ձեր կուսակցությունը (նկատի ունի՝ ՀՅԴ-ն), և նշում էիք, որ դա Ադրբեջան ա, բա ի՞նչ էիք անում»։
Սիմոնյանին արձագանքել է նույն խմբակցության մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ նա կեղծիք է տարածում՝ պնդելով, թե նրա կուսակցությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, «այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին հղում կատարելով»։
ԱԺ նախագահն էլ, ի պատասխան, Մինասյանին է մեղադրել ստելու մեջ ու պնդել, որ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորները ժամանակին կողմ են քվեարկել այդ օրենքին, «որում սահմանից էն կողմ գրված է Ադրբեջան»։
«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է Սիմոնյանի ու ՔՊ-ական պաշտոնյաների այդ պնդմանը՝ ցույց տալով, որ այն կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը։
Կեղծ պնդումն առաջինը շրջանառել է վարչապետը
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները սկսվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական տարբեր բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հատվածներ ադրբեջանական վերահսկողությանը հանձնելն արդարացնելու նպատակով, օրենքից արել էր ՀՀ պետական սահմանի որոշ հատվածներ նկարագրող մեջբերումներ։
Ֆեյսբուքյան իր էջում նման առաջին գրառման մեջ Փաշինյանը նշել էր Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի, իսկ ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ՝ արդեն Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրության մասին։
Նույն պնդումը վարչապետն արել էր նաև Հանրային հեռուստաընկերության եթերում. «Ես վկայակոչել եմ 2010 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանին։ Տրվում է կոնկրետ նկարագրություն դեռ 2010 թվականին: Եթե իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյություն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպե՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք, այսինքն՝ ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն»:
Հետագայում թե՛ Փաշինյանը և թե՛ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ այդ պնդումը բազմիցս արել են հանրային տիրույթում։
Ներքին օրենքով արտաքին սահմաններ չեն որոշվում
Fip.am-ը նախկինում թեմայի վերաբերյալ խոսել է մասնագետների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք օրենքով հնարավոր է որոշել արտաքին սահմանները։
Քարտեզագետ Անուշավան Բարսեղյանի կարծիքով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը գրվել է սովետական գաղտնի քարտեզի հիման վրա։ Բարսեղյանը նաև նշել էր, որ իր տեսած քարտեզներում, օրինակ, Շուռնուխ գյուղն ամբողջությամբ հայկական էր։
«Իմ տեղեկություններով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը գրվել է՝ հիմք ընդունելով սովետական քարտեզները, այսինքն՝ հիմք ընդունելով՝ որ բարձրությամբ, որ բլուրի վրայով, որ կետով ու ոնց է անցնում սահմանը, բայց օրենքով համայնքների սահմաններն են նշվում, այս օրենքը չի սահմանում պետական սահմանը»,- ասել էր Բարսեղյանը։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանն էլ պնդել էր, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պետության ներքին բաժանումների վերաբերյալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգավորում, այլ ոչ թե այլ պետությունների հետ սահմանները հստակեցնում։
«Սահմանի որոշումն Ազգային ժողովի լիազորություններից դուրս է։ Հայաստանի սահմանը որոշվում է միջպետական համաձայնագրերով, դրա համար հստակ ընթացակարգ կա։ Միջազգային համաձայնագրերը, որոնք սահման են որոշում, քաղաքական բնույթի որոշումներ են, բնականաբար, պետք է Սահմանադրական դատարան նաև մտնեն և այլ փուլերով անցնեն»,- Fip.am-ի հետ զրույցում ասել էր Գևորգյանը։
Գևորգյանը նշել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը իրականում երբեք որևիցե միջազգային պայմանագրով չի հստակեցվել՝ ո՛չ համաձայնագրով, ո՛չ որևէ միջպետական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներում, ո՛չ էլ միջազգային միջպետական վեճի մակարդակում՝ որևէ դատական ատյանի կողմից։
Բացի դա, եթե նույնիսկ համարենք, որ հնարավոր է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով միջպետական սահման որոշել, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք ընդհանուր սահման չի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ ԼՂ-ին հարակից շրջանների՝ Ադրբեջանին պատկանելու փաստը Հայաստանի իշխանությունները, գոնե միջազգային գործընկերների հետ հանրային հայտարարություններում, չեն վիճարկել և բանակցել են Ադրբեջանին դրանք վերադարձնելու շուրջ:
Այսպիսով, Սիմոնյանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 2010 թվականին ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: