Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արեւմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, որը կտեւեր երեք-չորս օր։ Այս մասին վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Հիշում եմ, - ասել է նա՝ չհիշատակելով, թե ով է նման առաջարկ արել Վրաստանի վարչապետին, – նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսակցությունը... երբ նրա հետ նման խոսկցություն էր վարում երկրի բարձրաստիճան պաշտոնյան, Իրակլին հարցրել է. «Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, քանի՞ օր կարող ենք կռվել, քանի՞ օր կարող ենք դիմանալ։ Նրան ասացին՝ երեւի երեք-չորս օր»։ «Եվ այս երեք-չորս օրվա համար դուք մեզ ոչնչացնում եք: Դուք մեզ սպանում եք»: «Նրան պատասխանեցին` երեք-չորս օրվա ընթացքում բոլորին չեն սպանի։ Դրանից հետո դուք կարող եք սկսել պարտիզանական շարժումն անտառում: Մենք ձեզ կօգնենք, կռվելու եք այնտեղից»։ Դա իրականություն է», - ասել էԻվանիշվիլին վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Իվանիշվիլին նման խոստովանութոյւն է արել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ճակատագրական խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Հայտնի է՝ այս ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցոթյանը, որը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ, դիմակայում են չորս խոշոր ընդդիմադիր արեւմտամետ կոալիցիաներ. բանտում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնությունը» («Միացյալ ազգային շարժում», «Աղմաշենեբելիի ռազմավարությունը», «Եվրոպական Վրաստան»), բանկիր Մամուկա Խազարաձեի «Ուժեղ Վրաստանը» («Լելո», «Ժողովրդի համար» կուսակցություններ և «Ազատության հրապարակ» սոցիալական շարժում), մեդիա մենեջեր Նիկա Գվարամիայի «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի», «Դրոա» կուսակցություններ), ինչպես նաև նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանին»։
Եվ ընդդիմությունը, որին աջակցում են Վաշինգտոնն ու Բրյուսելը, նետվում է մարտի։ Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք՝ «Վրաստանն ընտրում է Եվրոպական միությունը» կարգախոսով: Ընդդիմադիր առաջնորդներն իրենք ելույթ չեն ունեցել հանրահավաքին։ Նրանց փոխարեն հավաքվածներին դիմում էին հայտնի բանաստեղծներ, դերասաններ, երգիչներ։ Նրանք կոչ են արել քաղաքացիներին գալ ընտրատեղամասեր եւ քվեարկել «չորս եվրոպամետ կուսակցություններից որեւէ մեկի օգտին»: Սակայն Վաշինգտոնում, կարծես, այլեւս չեն հավատում, որ կկարողանան կրկնել Վրաստանում «ուկրաինական սցենարը», երբ Արեւմուտքին հաջողվեց օգնել ռուսատյաց արմատականներին Կիեւում իշխանւթյունը զավթելու հարցում։ Այս մասին է վկայում ամերիկյան առաջատար «The New York Times» թերթում Վրաստանին նվիրված հոդվածը, որը հրապարակվել է հոկտեմբերի 23-ին՝ «Այս երկիրը երես է թեքել Արեւմուտքից եւ չի վերադառնա» հոռետեսական վերնագրով։ Թբիլիսիում նրա թղթակից Ջոշուա Կուչերան կարոտով է հիշում, որ եթե նախկինում «Վրաստանի եւ Արեւմուտքի միջեւ սիրային կապը կրքոտ էր», ապա այժմ իրավիճակը, Նրա կարծիքով, կտրուկ փոխվել է։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, – գրում է Կուչերան, – բացահայտ թշնամական է դարձել իր արեւմտյան գործընկերների նկատմամբ։ Նրանք, իրենց հերթին, պատասխան հարված են հասցրել՝ գնալով այնքան հեռու, որ պատժամիջոցներ են սահմանել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այժմ լարվածությունը հասնում է գագաթնակետին, քանի որ վրացիները պատրաստվում են քվեարկել շաբաթ օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը «Վրացական երազանքի» դեմ հանդես են գալիս այնքան բաց, որքան դա հնարավոր է՝ պահպանելով անաչառության ամենաբարակ տեսանելիությունը: Հարցումներն այստեղ անվստահելի են, եւ կարելի է միայն գուշակել, թե ով կհաղթի։ Բայց նույնիսկ եթե իշխող կուսակցությունը պարտվի, այն գործոնները, որոնք հանգեցրին երկրի շրջադարձին Արեւմուտքի դեմ, ոչ մի տեղ չեն գնա: Ինչպես սնանկությունը, այնպես էլ Վրաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների փլուզումը տեղի ունեցավ աստիճանաբար, իսկ հետո հանկարծակի։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ դրանք հնարավոր կլինի վերականգնել», – եզրակացնում է «The New York Times»-ի թղթակիցը։
«Դա տեղի է ունենում, – փորձում է բացատրել նման փոփոխության պատճառները NYT – ն, - երբ Ուկրաինայում պատերազմը կովկասյան տարածաշրջանին նոր ռազմավարական նշանակություն տվեց։ Եվրոպան փորձում է նոր տրանսպորտային ուղիներ մշակել դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը. եթե ցանկանում եք նաեւ խուսափել Իրանից, Կովկասը միակ ճանապարհն է: Ռուսական էներգիայից կախվածությանը վերջ տալու նպատակով Եվրամիությունը մեծացնում է ադրբեջանական գազի գնումները, որը Վրաստանով անցնում է Եվրոպա տանող ճանապարհով, եւ Սեւ ծովի հատակով Վրաստանից Ռումինիա նոր հսկայական էլեկտրական մալուխ է ֆինանսավորում: Ինչպես Եվրոպան ավելի շատ Վրաստանի կարիքն ունի, այնպես էլ Վրաստանն ավելի քիչ Արեւմուտքի կարիք ունի։ Վերջերս կառավարությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի գլխավորած կոնսորցիումի հետ Սեւ ծովում կրիտիկական նավահանգստի կառուցման պայմանագիր կնքեց: Արեւմտյան պաշտոնյաները հրապարակայնորեն դեմ էին Չինաստանին նման ռազմավարական նախագիծ շնորհելուն, բայց դիվանագետները մասնավոր կերպով խոստովանում են, որ արեւմտյան ոչ մի բիզնես պատրաստ չէր անհրաժեշտ միջոցներ ներդնել: Վրաստանի կողմից Եվրամիության հետ առեւտրային համաձայնագրի ստորագրումից ութ տարի անց Եվրոպայի հետ առեւտուրը, էլ չեմ ասում ԱՄՆ – ի հետ առեւտուրը, մնում է համեմատաբար սահմանափակ, իսկ Վրաստանի առեւտրում գերակշռում են նրա սահմաններին ավելի մոտ գտնվող երկրները: Ինչպես տարածաշրջանի շատ երկրներ, այնպես էլ Վրաստանը տնտեսական օգուտ է քաղել Ռուսաստանին արեւմտյան շուկաներից մեկուսացնելուց՝ մեքենաներ տեղափոխելով Ռուսաստան եւ տեղակայելով նոր ձեռնարկություններ, որոնք ղեկավարվում են ռուս արտագաղթողների կողմից: Այս իրադարձությունները, ըստ երեւույթին, ստիպեցին «Վրացական երազանքին» հավատալ՝ Արեւմուտքին անսասան հավատարիմ մնալու փոխարեն, այն կարող է ավելի գործարքային լինել, եւ որ Վրաստանի աշխարհառազմավարական կարեւորությունը կարող է բավարար լինել Վաշինգտոնի եւ Բրյուսելի համար՝ անտեսելու ինչպես նրա աճող անհնազանդությունը, այնպես էլ նրա արագ գլորվելը դեպի ինքնավարություն: Կուսակցությունը կարող է գերագնահատել, թե որքանով է ազդեցիկ: Բայց չի կարելի ժխտել, որ երկիրն ավելի շատ հնարավորություններ ունի, քան երբեւէ»,-ստիպված է խոստովանել NYT – ն։
Սակայն NYT-ի նման հոռետեսական կանխատեսումներն ամենեւին չեն նշանակում, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները կդառնան կողմնակի դիտորդներ։ Վաշինգտոնից եւ Բրյուսելից ձայներ են հնչում, որոնք ընդդիմությանը սատարելու կոչ են անում, իսկ իշխանությունների եւ հենց Իվանիշվիլիու դեմ, որին արեւմտյան լրատվամիջոցները փորձում են դիվականացնել, նորանոր սահմանափակումներ են մտցվում։ Թբիլիսիի ներկայիս իշխանություններին արդեն սպառնացել են՝ չեն ընդունի երկիրը ԵՄ։
Բրյուսելի նման դեմարշի պատճառ դեսպանը նշել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը ԵՄ-ում համարել են ակնհայտ շեղում այն պարտավորություններից, որոնք ստանձնել է վրացական կողմը ԵՄ անդամության թեկնածուների հայտ ներկայացնելիս: ԱՄՆ-ում օրենքի ընդունումից հետո Վրաստանի խորհրդարանի որոշ անդամների եւ դրա ընդունմանը մասնակից պաշտոնյաների նկամամբ վիզային սահմանափակումներ են մտցրել: Իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ երկրները պատրաստվում են նվազեցնել քաղաքական շփումները Վրաստնի հետ եւ վերանայել երկրի կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
«Վրաստանի հանդեպ իմ համակրանքը բխում է եվրոպական այն հույսից, որ շուտով մենք կտեսնենք ուժեղ եւ կայուն ժողովրդավարությունների երթ ամբողջ աշխարհում։ Վրաստանը նրա անբաժանելի մասն է», - Hill պարբերականի էջերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ եւ հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Թըրները։ Նա վերջերս Թբիլիսի էր այցելել Արտաքին գործերի կոմիտեի բարձրաստիճան անդամ սենատոր Ջին Շահինի հետ, որպեսզի, ըստպարբերականի, ««Վրացական երազանքին» հստակ ազդանշան հասցնի. Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները միասնական են վրացական ժողովրդավարության սպառնալիքների դեմ պայքարելու ձգտման հարցում»: «Վրաստանն աներեւակայելի կարեւոր է եւ անպայման պետք է լինի դեպի Եվրոպա ձգտող զարգացող ժողովրդավարությունների ցանկում։ Եթե դա տեղի չունենա, եթե ինչ – որ ձախողում տեղի ունենա, դա կարող է դառնալ միտում, եւ Բեռլինի պատի անկումից ի վեր ամենամեծ ժողովրդավարական նախագծի ճակատագիրը մտահոգիչ կլինի», - ասել Թըրները:
Դրա համար էլ Ատլանտյան բազեները պահանջում են ուղղակի միջամտություն, որպեսզի «օգնեն վրացական ժողովրդավարությանը», որին իբր սպառնում է «նենգ Ռուսաստանը»։ Ինչպե՞ս։ Թերեւս Ուկրաինայում եւ այլ երկրներում արդեն փորձարկված Մայդանով։ Այս մասին գրում է բրիտանական «Financial Times» թերթը։ «Իդեալում, – կոչ է անում պարբերականը, – ընտրությունների վիճահարույց ելքի դեպքում կմիջամտեին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կառավարությունները՝ միջնորդական դեր խաղալով, ինչպես եւ արեցին 2014-ին Մայդանում ուկրաինական հեղափոխության ժամանակ»:
Սակայն անգամ կենդանաբանական ռուսատյացությամբ համակված Լոնդոնում, այնուամենայնիվ, հասկանում են՝ այսօր Վրաստանում դա անելն այնքան էլ հեշտ չի լինի։ «Սակայն, – խոստովանում Է FT – ն, – Ուկրաինայի նոր կառավարությունը եւ նրա արեւմտյան ընկերները բարձր գին են վճարել այս իշխանափոխության համար. Ռուսաստանը միացրել է Ղրիմը, հրահրել անջատողական խռովություն Դոնբասում, իսկ 2022-ին ընդհանրապես զորքեր մտցրել։ Որոշվում է Վրաստանի ճակատագիրը», - արձանագրում է պարբերականը։ Սեպտեմբերին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է․Պետդեպարտամենտն իսկապես մտադիր է միջամտելու Վրաստանում կայանալիք ընտրություններին։ Նշվում էր՝ Վաշինգտոնը միջամտության իրականացման համար պայմանավորվել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարության հետ։ Նախատեսվում է, որ այն քվեարկությունից քիչ առաջ կհրապարակի միջանկյալ զեկույց՝ երկրում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պայմանների բացակայության մասին եզրակացությամբ, ընդգծել են գերատեսչությունում: Ենթադրել են՝ ԱՄՆ-ի նպատակը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակին խոչընդոտելն է: Թբիլիսիում լավ հասկանում են, որ նման վտանգ իսկապես գոյություն ունի։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստվում է անկարգություններ կազմակերպել խորհրդարանական ընտրություններից հետո՝ հաղթանակի հույս չունենալու պատճառով: «Ակնհայտ է՝ նրանք հերթական անգամ չեն ճանաչի ընտրությունների արդյունքները, կփորձեն հարձակում կազմակերպել պետական ինստիտուտների վրա եւ անկարգություններ կազմակերպել երկրում», – հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով, որ արմատական ընդդիմությունը կորցրել է ընտրություններում հաղթելու բոլոր հույսերը: Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ կամ հետո երկրում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ կկասեցվի, իսկ Վրաստանն ունի բոլոր ռեսուրսները դա թույլ չտալու համար:
Վլադիմիր Մալիշեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի