կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-01 16:15
Առանց Կատեգորիա

Ինչու խոսեց Սերժ Սարգսյանը

Ինչու խոսեց Սերժ Սարգսյանը

ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես դիմել է Վերահսկիչ պալատին` իրեն տրամադրելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ԱԺ ներկայացված` 2012թ. գործունության հաշվետվության մեջ արված եզրակացությունների, տրված գնահատականների համար: Դատախազության մամլո քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին դատախազությունը հանդես կգա այդ հաշվետվության վերլուծության նախնական արդյունքների հրապարակմամբ:

 

Ով է հարվածում պետական շահերին

 

Այսպիսով` կարելի է փաստել, որ դատախազությունը կայծակյանին արագությամբ ձեռնամուխ է լինում անցած շաբաթ օրը հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի` դատախազությանը տված հանձնարարականի կատարմանը:

 

Հիշեցնենք, որ պետական միջոցների ծախսման արդյունավետությանը վերաբերող այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, բառացիորեն ասել էր հետևյալը. «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է»:

 

Գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ այլևս կարելի է կանխատեսել, որ դատախազությունը հենց այս սցենարով էլ առաջնորդվելու է: Ընդ որում` այլևս որևէ նշանակություն չունի` որքանով էին հիմնավոր կամ անհիմն ՎՊ-ի տված եզրակացությունները պետական միջոցների մսխման կամ փոշիացման, դրանց հետ կապված ռիսկերի մասին, որովհետեւ նախագահը, ի սկզբանե կանխակալ կերպով վստահ լինելով դրանց` անհեթեթություն լինելու մեջ, դատախազությունից պահանջեց ոչ թե պարզել օբյեկտիվ իրականությունը և տալ իրավական գնահատականներ, այլ ՎՊ ներկայացրած կոռուպցիոն պատկերը ցանկացած պարագայում 30-ապատիկ անգամ մեղմել, ապացուցել, որ Իշխան Զաքարյանը, ըստ էության, սուտ է խոսել:

 

Իր այս հանձնարարականով Սերժ Սարգսյանը մահացու հարված հասցրեց Վերահսկիչ պալատին: Եթե Հայաստանում կար մեկ պետական մարմին, որը համարձակություն էր դրսևորում բացահայտել պետական միջոցների յուրացումներն ու կոռուպցիոն շղթաները, մնացել էր հենց Վերահսկիչ պալատը` չնայած այն հանգամանքին, որ դա պայմանավորված էր, առաջին հերթին, ՎՊ նախագահի ամբիցիաներով: Ակնհայտ է, որ այս խորհրդակցությունից հետո այդպիսի կառույց Հայաստանում այլևս չի լինելու` անկախ նրանից` Իշխան Զաքարյանը կմնա՞ դրա նախագահը, թե՞ ոչ: Յուրաքանչյուր տարվա հաշվետությունը կազմելիս, անգամ ուսումասիրություններն ու ստուգումները կատարելիս այս կառույցն այլևս չի կարողանալու իրեն թույլ տալ որևէ գործողություն, որևէ եզրահանգում` առանց նախագահի կամ ավելի հաճախ վարչապետի կանտորայի համաձայնությունը ստանալու: Այս իմաստով առնվազն տարօրինակ էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է»:

 

Թե ՎՊ-ն ուրիշ ինչ խախտումներ պետք է բացահայտեր, եթե օրենսդրությամբ նրա ֆունկցիան հենց պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, ուղղակի հնարավոր չէ ասել: Բայց հանձնարարականն ուղղված չէր միայն ՎՊ-ի դեմ: Այն ակնհայտորեն ուղղված էր նաև հենց դատախազության դեմ, որը սահմանադրական որևէ կախվածություն նախագահից, ի դեպ, չունի: ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գլխավոր դատախազությունը գործում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա: Կրկնենք` օրենքի, այլ ոչ թե որևէ մեկի հանձնարարականների հիման վրա: Ի հեճուկս այս նորմի` դատախազին նման հանձնարարություն տալը նշանակում է, որ արդարադատության միասնական համակարգի այս առանցքային բաղադրիչը պարզապես վերածվում է նախագահի աշխատակազմի հերթապահ բաժիններից մեկի: ՎՊ-ի և նրա նախագահի կողմից իշխանության երեսին քաշված ամոթալի բիծը փորձ է արվում մաքրել դատախազության միջոցով` այն վերածելով պարզագույն գործիքի: Նման մոտեցման պարագայում արդեն ծիծաղելի է դառնում Հայաստանում արդարադատության և դրա նկատմամբ հասարակական վստահության առկայության մասին խոսելը, այս թեմայով դեմագոգիկ հայտարարություններ անելը:

 

Բայց խնդիրը միայն ՎՊ-ն ու դատախազությունը չեն: Ուշադրություն դարձնենք` հարվածը հասցվում է այն մի քանի օղակներից երկուսին, որոնք կոչված են ապահովելու հավասարակշռությունը իշխանության թևերի միջև և որոնք, ապաքաղաքական լինելով, կոչված են պաշտպանելու պետական շահերը: Նախագահի հանձնարարականով գրեթե վերջնականապես քանդվեց օրենսդիր ու գործադիր իշխանությունների հակակշռման սկզբունքը: Սերժ Սարգսյանը, նախապատվությունը տալով վարչապետ Տիգրան Սարգսյանին և այդ խորհրդակցության ժամանակ փաստացի ստանձնելով կառավարության շահերի պաշտպանի դերը, վերահաստատեց, որ Ազգային ժողովը և դրա քաղաքական մեծամասնությունը սովորական մարիոնետներ են, որոնք պետք է շարժվեն միայն գործադիր իշխանության մատների շարժումներով և ինքնուրույնություն դրսևորելու որևէ իրավունք չունեն: Հենց դրանով էր պայմանավորված խորհրդակցության ժամանակ ՎՊ-ի հաշվետվության կապակցությամբ հատուկ ԱԺ քաղաքական մեծամասնության վարքագծին հպանցիկ անդրադառնալը և այդ խնդիրը կուսակցությունում քննարկելու մասին ակնարկով մեծամասնության պատգամավորների վրա մատ թափահարելը:

 

Փաստորեն, Հայաստանում հաստատվում է գործադիր իշխանության բացարձակ հեգեմոնիա, որտեղ, իհարկե, առանցքային դեր է վերապահվում վարչապետի անձին, տվյալ դեպքում` Տիգրան Սարգսյանին: Նախագահը նրան վերցրեց իր կատարյալ հովանավորության տակ, երբ, հարկ համարելով դատախազությանը հրահանգել արագ հերքել ՎՊ-ի պնդումները, խուսափեց դատախազությանը նույն կերպ «հանձնարարել» ուսումնասիրել վարչապետի հետ կապված «օֆշորային» սկանդալի մանրամասները` դրանով ուղղակի ասելով, որ այդ թեման իր համար փակված է, գոյություն չունի` անկախ հասարակական ակնկալիքներից ու պահանջներից:

 

Ինչու այսքան կոշտ ու միակողմանի

 

Նախագահի նման կոշտ ու միակողմանի արձագանքը ամբողջությամբ տեղավորվում է հայաստանյան իշխանավարման տրամաբանության մեջ: Մի կողմից` դա պայմանավորված էր իշխանության ներսում բաժանարար գծերի խորացման իրողությամբ, որը կասկածի տակ էր դնում իշխանության ամբողջականության վրա Սերժ Սարգսյանի կատարյալ ազդեցության իրողությունը: «Կոշտ ձեռքի»` այս տակտիկական միջամտությամբ նա փորձեց զսպել իշխանության վերին օղակում սկսված կենտրոնախույս դրսևորումները և յուրաքանչյուրին իր տեղը դնել: Թերևս պատահական չէր, որ ՎՊ այդ հաշվետվությունը ԱԺ-ում քննարկման առարկա դարձավ, իսկ կառավարությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անմիջական ներգործությամբ անխնա քննադատության ենթարկվեց հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը գտնվում էր արձակուրդում, զբաղված էր արտաքին հարցերով, և երբ Հովիկ Աբրահամյանն էր հանդիսանում պետության առաջին դեմքը: Եթե վերադարձից հետո Սերժ Սարգսյանը կատարվածում կոշտ միջամտություն չդրսևորեր, ապա «համակարգին» ցույց էր տալու իր թուլությունը, իրավիճակ վերահսկելու անկարողությունը` դրանով իսկ լեգիտիմացնելով Հովիկ Աբրահամյանի նկրտումները: Այնպես որ` սա առաջին հերթին հենց իշխանական համակարգի «գոտին ձգելու» նպատակ էր հետապնդում:

 

Մյուս կողմից` դրանով Սերժ Սարգսյանը կանխեց համակարգի դեմ ձեռնարկված ոտնձգությունը կամ, ավելի ճիշտ, այդ համակարգում ինքնուրույնության դրսևորումները: Մի դեպքում խոսքը հենց Իշխան Զաքարյանի` այլևս անթաքույց ամբիցիաներին է վերաբերում, որը Սերժ Սարգսյանը բնորոշեց որպես «անձնական PR», մյուս դեպքում` Հովիկ Աբրահամյանի` իշխանության ներսում ու հատկապես գործադիր իշխանության նկատմամբ իր ազդեցությունը մեծացնելու հավակնություններին: Նախագահին զայրացրել էր հատկապես գործող իշխանության հեղինակության հաշվին դա անելու փաստը: Պատահական չէր, որ ՎՊ հաշվետվության հետ կապված այս ամբողջ պատմությունից Սերժ Սարգսյանն առանձնացրեց հենց 700 մլրդ դրամի կամ դրա մսխման ռիսկի մասին ակնկարկները: Դրանցում Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեսան ողջ իշխանական համակարգն իբրև միմիայն պետական միջոցները «լափող» հանցավոր խմբավորում ներկայացնելու և դրանից քաղաքական դիվիդենդներ քաղելու վտանգ: Կոշտ արձագանքի բացակայությունն ուղղավի վավերացնելու էր այս պնդումները, ինչը համակարգը հանդուրժել, բնականաբար, չէր կարող:

 

Այս առումով, սակայն, ուշագրավ էր Սերժ Սարգսյանի արած այն ակնարկը, թե ՎՊ-ի կողմից 700 մլրդ-ի ծախսման ռիսկերի մասին պնդումն արվել է միտումնավոր. «Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է»: Մինչդեռ ՎՊ նախագահը պաշտպանության համակարգին գրեթե չէր անդրադարձել, առավել ևս` աշխատավարձերի կտրվածքով, հետևաբար, ուղղակի անհասկանալի է, թե ինչու է նախագահն այս խնդիրը տեղափոխում հենց պաշտպանության համակարգի դաշտ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նա փորձում է բանակի դեմ հյուսված ինչ-որ դավադրություն կանխել, թե՞ այդպիսով պարզապես փորձ է արվում ցույց տալ, թե որքան անհեթեթ են ՎՊ նախագահի պնդումները, քանի որ պաշտպանության ոլորտի ծախսերի արդյունավետությունը կասկածի տակ դնելը տաբու է, դժվար է ասել: Սակայն պարզ է, որ նման մեկնաբանությունները լրացուցիչ ու խորքային մեկանաբանության կարիք ունեն:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ