Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտաշատում մեկնարկել է երեք ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ իրազեկման հանրահավաքը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով մարդկանց, հայտարարեց. «Արտահայտեք ձեր պահանջը, որպեսզի ոչ ոք պատասխանատվությունից չխուսափի»: Նա նաև նշեց, որ Արարատի քաղաքապետը, համերգներ տալով, փողոցներ փակելով, «փորձում է շղարշի տակ ծածկել ժողովրդին հուզող բոլոր խնդիրները»: «Հուշում եմ առայժմ գործող քաղաքապետին, որ նա նկատվել է մանր-մունր խանգարողական գործողություններում»,- ասաց Ուրիխանյանը:
Ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Հիմա մենք դատապարտվա՞ծ ենք, որ 2,7 միլիոն մարդուց պաշտոնապես մեկ միլիոնը աղքատ է: «Նաիրիտ»-ի նման գործարանում 15-20 տարի ոչ ոք ներդրում չի անում, որովհետև բոլորը վախենում են այստեղ ներդրումներ անել: Պարզ չէ` կառավարությունը երաշխիք տալի՞ս է այդ ներդրումների համար, թե՞ ոչ: Բացասական սպասումների ֆոն է առաջացել»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով ընդդիմության 12 պահանջներին կառավարության տված պատասխանին` Մելքումյանը նշեց. «Նաիրիտ»-ի ու «Որոտան»-ի հարցով ասում է` զբաղվում ենք, կուտակայինի հարցով ասում է` լուծել ենք հարցը, մնացած հարցերի հետ կապված` ասում է` մեր ծրագրերում դրանք կան: Ա'յ ընկեր, մենք չենք ասում` դրանք ձեր ծրագրերում կան, թե` չկան, մենք հարցնում ենք` դու դա անո՞ւմ ես, թե՞ չէ»:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է եկել, որովհետև, ունենալով նախարարներ, քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն չուներ:
Միքայել Մելքումյանը նաև անդրադարձավ շրջանառության հարկի կիրառման արդյունքում առաջացած` ՓՄՁ-ների բողոքին` ասելով, որ այստեղ էլ կառավարությունը երաշխիքներ չի տալիս, որ ՓՄՁ-ները խնդիրներ չեն ունենա ու չեն փակվի:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հունիս ամսին կողմ է քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագծին: