Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն աշխատել է բավական երկար ժամանակ, և այս պահին պարզապես հնչեցվել են այդ արդյունքները: Գուցե փաթեթի ներկայացումը նաև կապված է սյն հանգամանքի հետ, որ այդ թիմի փաստացի ղեկավար Հրայր Թովմասյանն արդեն նախկին նախարար է, և նրա պաշտոնավարման պրոդուկտներից մեկը նաև այս փաթեթն է: «Այնպես որ` ես չեմ կարծում, թե ինչ-որ կարճաժամկետ քաղաքական նպատակների է ուղղված այս փաթեթը»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը' անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների' երեկ ներկայացված փաթեթին:
Քաղաքագետն առավել տրամաբանական է համարում, որ կառավարությունը, որի ժամանակ այս բարեփոխման նախագիծը մշակվել էր, իր գնալուց առաջ ուզում է ներկայացնել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքը:
Իսկ նախագահի' հետագայում նախագահ կամ վարչապետ չդառնալու հայտարարության մասին նա կարծիք հայտնեց, թե Սերժ Սարգսյանը պարզապես հնչեցրել է իր սեփական մոտեցումը իր իսկ ճակատագրի նկատմամբ: Մյուս կողմից` զարմանալի կլիներ, եթե նախագահը որևէ այլ բան ասեր, որովհետև երրորդ նախագահը դժվար թե երկու նախորդ նախագահների ավանդույթից փորձեր շեղվել' անկախ նրանից' դա լավ է, թե` վատ:
«Սահմանադրական փոփոխություններից հետո, այո', ստեղծվում է ավելի ուժեղ վարչապետի ինստիտուտ, բայց նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել: Մենք պետք է առնվազն ուրախանանք, որ նա չի ցանկանում երկու ժամկետից ավելի պաշտոնավարել և փաստացի դա հայտարարեց: Դրա տակ ինչ-որ բան փնտրել կարելի է, բայց ես ինքս ոչինչ չեմ տեսնում: Չնայած դրա հետ մեկտեղ մի հանգամանք ևս կա' Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի և վարչապետի պաշտոնների մասին, բայց ոչ մի խոսք չասաց ԱԺ խոսնակի պաշտոնի մասին»,- ուշադրություն հրավիրեց Սերգեյ Մինասյանը:
Նա վերջում հիշեցրեց, որ երեկ նախագահին ներկայացված` սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդամենը նախագիծ է, և լավագույն դեպքում կարող է կիրառվել 2015 թվականից ոչ շուտ: Հետևաբար, որևէ կարճաժամկետ կամ միջնաժամկետ տեսանելի քաղաքական նպատակ կամ ազդեցություն Սերգեյ Մինասյանը փաթեթից չի սպասում: