կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 18:27
Առանց Կատեգորիա

Թուրքական գամբիտ, կամ ինչու էր Մինսկում շտապում Սերժ Սարգսյանը

Թուրքական գամբիտ, կամ ինչու էր Մինսկում շտապում Սերժ Սարգսյանը

Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Թուրքիան ցանկանում է անդամակցել Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս Մաքսային միությանը, ինչի մասին իրեն հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Այս հայտարարությունը մեծ ռեզոնանս առաջացրեց թե' ՄՄ անդամ երկրներում, թե', բնականաբար, Հայաստանում, որտեղ սկսել են լրջորեն քննարկել այն հարցը, թե Թուրքիան իսկապե՞ս ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը:

 

Պաշտոնական Անկարան ոչ մի կերպ չի մեկնաբանել Նազարբաևի հայտարարությունը` ըստ էության այն թողնելով անարձագանք: Սա առնվազն նշանակում է, որ թուրքերը տեղյակ են եղել Մինսկում Ղազախստանի նախագահի կողմից նման առաջարկության հնչեցմանը, և որ դա նրանց նախաձեռնությունն է: Այս իմաստով հետաքրքրական էր թուրքական «Սաբահ» թերթի միջոցով Թուրքիայի դիվանագիտական անանուն շրջանակների կողմից արված այն դիտարկումը, թե իրենք Մաքսային միության մեջ մտնելու առաջարկություն չեն ստացել: Ուշադրություն դարձնենք` Անկարան նման մեկնաբանությամբ ոչ թե հերքում է ՄՄ մտնելու հարցում իր հետաքրքրվածության իրողությունը, այլ ընդամենը հաստատում իրեն այդպիսի առաջարկություն չանելու փաստը: Տրամաբանությունն այն է, որ նման առաջարկ լինելու դեպքում կարող են դիտարկել նման հեռանկարի հնարավորությունը: Անկարան ձգտում է հարցը պահել ուշադրության կենտրոնում և տպավորություն ստեղծել, թե լուրջ է մոտենում ՄՄ-ին: Իսկ այդ ուղերձը հղելու համար ընտրվել է հենց Ղազախստանի նախագահը` գաղափարը որպես ոչ պաշտոնական և հենց ՄՄ-ի ներսից արվող նախաձեռնություն մատուցելու համար:

 

Սակայն տարօրինակ զուգադիպությամբ Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի հենց նախօրյակին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԵՄ-ի անդամ 28 երկրի Մշտական ներկայացուցիչների խորհուրդը (COREPER), Լյուքսեմբուգում որոշել է վերսկսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք ընդհատվել էին այս տարվա հունիսին Անկարայում ծավալված բողոքի ակցիաները իշխանությունների կողմից բռնի կերպով ճնշելու պատճառով: Այսինքն` ստացվում է, որ Անկարան Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն է հայտնում ԵՄ-ին անդամակցելուն ուղղված բանակցությունների վերսկսման մեկնարկին զուգահեռ, ինչը ոչ միայն ինքնին հետաքրքրական է, այլև որոշակիորեն բացահայտում է Նազարբաևի միջոցով այդ գաղափարը ՄՄ անդամ երկրների քննարկման առարկա դարձնելու իմաստը: Ըստ այդմ` Անկարայի նպատակը, գոնե մոտավոր ապագայի կտրվածքով, ՄՄ-ին միանալը չէ: Նախ` լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան չի կարող հաշվի չառնել, թե քաղաքական ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր համար աշխարհաքաղաքական նման կտրուկ շրջադարձը: Երկրորդ` ըստ էության, Անկարան ՄՄ-ին միանալու մասին ցանկությունը կամ դրա տեսական հնարավորությունը դնում է շրջանառության մեջ` այն որպես Եվրամիության վրա ճնշամիջոց օգտագործելու համար: Այսինքն Նազարբաևի շուրթերով հղված ուղերձն ուղղված էր ոչ թե ՄՄ անդամ երկրներին, այլ հենց Բրյուսելին` կարծես վերջինիս ցույց տալու համար, որ Թուրիքան ունի այլընտրանք, եթե այդ բանակցությունները վերսկսվում են ոչ թե իր` ԵՄ անդամակցության հարցը վերջնականապես լուծելու, այլ բանակցությունների միջոցով իր նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նկատառումով, ինչպես եղել է տարիներ շարունակ:

 

Սակայն հարցն այն է` արդյո՞ք ՄՄ անդամ պետությունները հակված են Թուրքիայի` Նազարբաևի բերանով արտահայտված, այսպես կոչված, ցանկությունը լուրջ ընդունել: Ղազախստանը միանշանակ կողմ կլիներ իրադարձությունների նման ընթացքին: Մի կողմից` այդպիսով ՄՄ-ն կվերածվեր թուրքալեզու երկրների տնտեսա-քաղաքական յուրօրինակ ինտեգրացիոն նախագծի` հաշվի առնելով նաև Ղրղզստանին ՄՄ ընդգրկելու մասին Մինսկում արդեն իսկ կայացված որոշումը: Իսկ Թուրքիայի ներգրավումից հետո նաև Ադրբեջանին ՄՄ ներքաշելը կդառնար տեխնիկայի հարց: Երկրորդ` Թուրքիայի գործոնն օգտագործելով` Ղազախստանը կարող էր փորձել նվազեցնել Հայաստանին ՄՄ ընդգրկելու հարցում Ռուսաստանի շահագրգռությունը, որովհետև Մոսկվաի համար ՄՄ-ի միջազգային հեղինակությունը մեծացնելու և քաղաքական ուժեղ գործոն դարձնելու տեսանկյունից, անկասկած, Թուրքիայի ներգրավվածությունն ավելի հզոր ազդակ կարող է լինել, քան, օրինակ, Հայաստանինը: Այդ դեպքում թե' Ղազախստանը և թե' Բելառուսը կարող էին ազատվել Հայաստանին ԼՂ հիմնահարցի «բեռով» ՄՄ-ում ընդգրկելու, այդպիսով` Ադրբեջանի հետ խնդիրներ ունենալու` իրենց համար անցանկալի հեռանկարից: Թե ինչ ազդեցություն դա կունենար Հայաստանի համար, նույնիսկ քննարկման ենթակա չէ: Տեղի կունենար մոտավորապես այն, ինչ եղավ Հայաստանի հետ, երբ Քեմալ Աթաթուրքը բարեկամացավ ռուս բոլշևիկների հետ և կոմունիզմը ողջ տարածաշրջանում տարածելու շինծու առաքելություն ստանձնեց:

 

Առայժմ Մոսկվայում, կարծես, անլուրջ են վերաբերվում Նազարբաևի այդ հայտարարությանը, թեև չի բացառվում, որ մինչ այդ Թուրքիայի հետ կարող էին քննարկած լինել նման հեռանկարը: Բոլոր դեպքերում սա չափազանց լուրջ ահազանգ է Հայաստանի համար: Չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը հենց այդ հեռանկարից խուսափելու նպատակով էր Մինսկում հայտարարում հնարավորինս արագ ՄՄ-ին միանալու և իրեն առաջադրված բոլոր պայմաններին համաձայնելու` Հայաստանի պատրաստակամության մասին` թերևս այդ կերպ փորձելով չեզոքացնել թուրքական գործոնի մեծացումը ՄՄ-ում: Որևէ այլ կերպ գործընթացների արագացման` Երևանի այս տրամադրվածությունը հնարավոր չէ բացատրել: Եթե Հայաստանի իշխանության նման շտապողականության հիմքում իսկապես այդ մտավախությունն է, ապա լիովին հասկանալի է դառնում նաև, թե ինչու էր Զորի Բալայանը իր բաց նամակով ՌԴ նախագահին հորդորում Հարավային Կովկասը չթողնել թուրք-ադրբեջանական տանդեմին:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ