կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 14:37
Քաղաքական

Երբ Սերժ Սարգսյանը խոսեց ատկատների մասին, ասա՞ց որևէ փաստ. Արմեն Մարտիրոսյան

Երբ Սերժ Սարգսյանը խոսեց ատկատների մասին, ասա՞ց որևէ փաստ. Արմեն Մարտիրոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով երեկ 2014թ. բյուջեի քվեարկության մասին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը դեմ է, երբ քննադատություններում փորձում են թիրախ դարձնել միմիայն կառավարությանը եւ պահանջում են նրա հրաժարականը, որովհետև կառավարությունը օրենսդիր մարմնի արդյունքն է, ուստի ոչ միայն կառավարությունը պետք է հրաժարական տա, այլ նաև` ԱԺ-ն, որպեսզի Հայաստանում մթնոլորտը փոքր-ինչ փոխվի: Նրա խոսքով` նույն ԱԺ-ն է, որ հաստատում է բյուջեն, օրենքները, և բոլորը տեսնում են, որ իշխանության մեջ ոչ թե գործողությունների իմիտացիա է տեղի ունենում, այլ խաբեություն:

 

«Դա քաղաքական սերիալ է: Եթե ժողովրդավար երկրում ապրեինք, ոչ միայն արմատական իշխանափոխություն կլիներ, այլ նաև տարիներ շարունակ կխոսեին, թե ինչպես երկու տարի շարունակ իշխանությունները խաբել են` գազի գնի հետ կապված: Այստեղ արժե «լկտի» բառը գործածել` լկտիորեն ստեցին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ`կառավարման համակարգը փտած է մինչև վերջ, չկա մի ոլորտ ու բնագավառ, որ քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանա:

 

Խոսելով բյուջեի մասին` նա բյուջեն կապեց ՎՊ նախագահի վերընտրության հետ: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` կա'մ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ինչ ասել է, սուտ է ասել, և իշխանությունը ևս մեկ անգամ առաջարկել է նրան այդ պաշոնում, կա'մ էլ ՎՊ նախագահը ճիշտ է ասել, բայց քանի որ Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունից հետո հասկացել է, որ նախագահը չի ների երկրորդ նման դեպքը, ինքն էլ խոստացել է լռել, ահա` ինչու վերընտրել են ՎՊ նախագահի պաշտոնում:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ բյուջեի գումարները արդյունավետ չեն ծախսվում, և դա բոլորին ակնհայտ է: «Ատկատները» Հայաստանում արդեն խոր հիմքեր ունեն, և արդեն բոլորը գիտեն, թե որքան է «ատկատի» տոկոսը ճանապարհաշինարարության, պետգնումների և այլ ոլորտներում:

 

«Սերժ Սարգսյանը երբ խոսեց «ատկատների» մասին, ասա՞ց որևէ փաստ: Բա ինչո՞ւ չբողոքեցին, որ նա փաստ չի հնչեցրել»,- հարց ուղղեց նա:

 

Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին, «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ այդտեղ էլ խնդիրներ կան, որովհետև ինչպես ստվերը եղել է, այնպես էլ մնում է, և հարկային բեռը ծանրանում է միջին ու փոքր բիզնեսի վրա: Նրա համոզմամբ` այն նվազագույն աշխատավարձը, որը տալիս են, կապ չունի քաղաքացու մինիմալ պահանջների հետ: Դա մոտավոր թիվ է, իսկ եթե ճշմարտացիորեն հաշվարկեին, ապա կտեսնեին, որ քաղաքացիների կեսը աղքատության շեմին է: