Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցած շաբաթ ՀՅԴ-ն` ի դեմս Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի, հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկել իր մշակած` 7 կետերից բաղկացած քաղաքական պլատֆորմը: Այսօր Հրանտ Մարգարյանը հրավիրած ասուլիսում պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են պլատֆորմի բոլոր 7 կետերը, և նախագահը սկզբունքային անհամաձայնություն է հայտնել դրանցից երկուսի կապակցությամբ: Առաջին` նա համարել է, որ այսօվա հիմնահարցերի պատճառը կառավարման համակարգի մեջ չէ և նման անցումն ամենաճիշտ ճանապարհը չէ: Երկրորդ` նա ճիշտ է համարել 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու իր որոշումը, ինչը նշանակում է, որ մերժել է այդ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու և դրանք շրջանառությունից հանելու` ՀՅԴ-ի պլատֆորմի սկզբունքային պայմանը:
Սերժ Սարգսյանի նման դիրքրոշումն, իհարկե, խիստ կանխատեսելի էր: Մերժած առաջին կետին համաձայնելը նշանակելու էր ընդունելի համարել մի կառավարման համակարգ, որտեղ ինքը, իբրև երկրի նախագահ, ունենալու է առավելագույնը սիմվոլիկ ազդեցություն և իշխանություն, այն դեպքում երբ արդեն 5 տարի շարունակ ձգտում է կերտել կենտրոնաձիգ, մոնոլիտ իշխանություն: Իսկ արձանագրությունների հետ կապված պայմանին համաձայնելը նշանակելու էր, որ նա փաստացի ընդունում է անցած 5 տարիներին իր նախաձեռնողական արտաքին քաղաքականության կատարյալ ձախողման և կոնկրետ արձանագրությունների ստորագրման պահով կոպիտ քաղաքական ու դիվանագիտական սայթաքում թույլ տալու փաստերը:
Սակայն այս հանդիպման հիմնական նշանակությունը դրանում չէ: Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին ընդունեց այն դեպքում, երբ դրանից առաջ ՀՀԿ-ն հրաժարվել էր Դաշնակցության հետ այդ պլատֆորմի շուրջ որևէ ֆորմատով քննարկման մասնակցելուց: Ելնելով այս մոտեցման և ՀՀ նախագահի կողմից ՀՅԴ-ի պլատֆորմը քննարկելու իրողության համադրումից` կարելի է անել հնարավոր երկու եզրակացություն: Կա'մ ՀՀԿ նախագահամերձ ու միջին օղակներն ինքնագործունեությամբ են զբաղված եղել, որովհետև պարզվում է` այն, ինչ ավելորդ ու անիմաստ են համարել, շատ էլ կարևոր է եղել այդ նույն կուսակցության ղեկավարի համար, կա'մ էլ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցում է, որ կուսակցության և անգամ ԱԺ փոխնախագահի ասածներն իր համար եղած-չեղած նույն հաշիվն են, և որ կարող է հանդես գալ նաև ի հեճուկս այդ ակտիվի:
Հետևաբար, հարց է քառաջանում` արդյոք հետայսու ընդհանրապես իմաստ ունի ՀՀԿ-ից որևէ հարցի շուրջ պարզաբանում, դիրքորոշում ստանալու համար դիմել Շարմազանովին, Գալուստ Սահակյանին, անգամ Հովիկ Աբրահամյանին, եթե Բաղրամյան 26-ում մտածում են բոլորովին այլ բաների մասին, ու գործում են բոլորովին այլ կերպ:
ՀՀԿ-ական ակտիվը, ըստ այդմ, սեփական կարգավիճակը հստակեցնելու լուրջ խնդիր ունի, եթե, իհարկե, նման հակասություններով պայմանավորված անհեթեթ վիճակների մեջ ընկնելու հանդեպ արդեն իմունիտետ ձեռք չի բերել: Նախագահը ՀՅԴ-ի հետ հանդիպեց` չնայած այն բանին, որ ԲՀԿ-ն այս փուլում առաջինն էր հանդես եկել քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու և ընդհանուր միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությամբ: Դրանով նա, կարծես, հասկացնում է, որ ԲՀԿ-ի հետ բանակցությունների օրակարգը և լիմիտը համարում է սպառված, որ նրանից, համենայն դեպս, հրապարակային մակարդակով ո'չ ստանալիք ունի, ո'չ էլ տալու ինչ-որ բան: Դա կարող է նշանակել, որ նախագահը փակված է համարում վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ի աջակցության դիմաց սակարկության առարկա դարձնելու թեման: Չի կարելի բացառել, սակայն, որ նա այսպիսով փորձում է հասկանալ` որքանո՞վ է արդյոք սկզբունքային ՀՅԴ-ն` պլատֆորմի դրույթների պնդման հարցում և որքանո՞վ է հնարավոր, դրանց վրա մանևրելով, այս կուսակցությանն իր կողմը քաշել և դրանով միասնական այլընտրանքային բևեռի ձևավորման գործընթացը վիժեցնել:
Համենայն դեպս զուտ արտաքին տպավորությամբ` Սերժ Սարգսյանը, կարծես, փորձում է գործել արդեն ԲՀԿ-ի թիկունքից: Այս իմաստով ՀՅԴ-ի կողմից թե' բուն կայացած հանդիպման փաստի և թե' պլատֆորմի կետերի շուրջ ունեցած հակասությունների հրապարակումը կարևոր ազդակ է իշխանությունից դուրս գտնվող ուժերին և հատկապես հասարակությանը, որ խոսքը վերաբերում է ոչ թե կուլիսային գործարքին, այլ քաղաքական բովանդակությամբ բաց բանակցություններին, որի մասին հայտարարվել էր նախապես:
Սերժ Սարգսյանի այս քայլից, սակայն, հեռուն գնացող հետևություններ անել իրականում պետք չէ: Եվ խնդիրը միայն ՀՅԴ-ի պլատֆորմի կետերի ամբողջականության հարցում ունեցած հակասությունները չեն, այլ շատ ավելի կարևոր` դրանց իրականացման համար անհրաժեշտ այն երաշխիքները, որը նա կարող է կամ չի կարող տալ: 2008թ. ևս կոալիցիան ձևավորվեց կոնկրետ քաղաքական օրակարգի շուրջ` ի դեմս 4 քաղաքական ուժերի համատեղ կոալիցիոն հուշագրի: Բայց ընդամենը մեկ տարի բավարար եղավ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը իրեն բացարձակապես կաշկանդված չի զգում այդ փաստաթղթով և սեփական համոզմունքներն ավելի առաջնային է համարում, քան քաղաքական սոլիդ պայմանավորվածությունները և գործընկեր ուժերի դիրքորոշումները: Հետևաբար հիմա նրա համար շատ ավելի բարդ է լինելու համոզել, որ անցած 5 տարիների ընթացքում կառավարման մշակույթի և աշխարհայացքային առումներով էական էվոլյուցիա է ապրել: Առավել ևս` ՀՀԿ-ին բնորոշ դարձած իշխանության հանդեպ սեփականատիրական ու լկտիության հասնող ինքնահավանության այն մթնոլոտում, որտեղ խեղդվում է ցանկացած առողջ քաղաքական գործընթաց:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ